Գլխավոր էջ Հարցազրույցներ Ի՞նչ պետք է իմանալ կատարակտի մասին

Ի՞նչ պետք է իմանալ կատարակտի մասին

5245
0

Մեր օրորում տարածված հիվանդությունների «սև ցուցակում» առավել հայտնի են աչքի հիվանդությունները, և անժխտելի է այն փաստը, որ հասարակության մեջ մեծից փոքր բախվում են այս խնդրին:

Աչքի հիվանդությունների ենթախմբում առավել խնդրահարույց է կատարակտը, որը կուրության հասցնող աշխարհում ամենահաճախ հանդիպող պատճառն է։

Հիվանդության առաջացման պատճառների, զարգացման հետևանքների և կանխարգելման մեթոդների մասին MedMedia-ի հետ զրույցում խոսեց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բժիշկ-ակնաբույժ Քնար Սահակյանը:

Ի՞նչ պետք է իմանալ կատարակտի մասին.

-Կատարակտը աչքի ոսպնյակի պղտորումն է: Ոսպնյակը փոքրիկ ոսպանման գոյացություն է, որը գտնվում է բբի հետևում և անզեն աչքով տեսանելի չէ: Երբ ոսպնյակը ինչ-ինչ պատճառներով պղտորվում է, զարգանում է հիվանդությունը, որն էլ  կոչվում է կատարակտ:

Կատարակտը լինում է բնածին և ձեռքբերովի: Բնածին կատարակը սովորաբար չի փոխում ձևը կամ խտությունը, իսկ ձեռքբերովի կատարակտն ունի զարգացման որոշակի փուլեր: Այն իր հերթին լինում է առաջնային և երկրորդային: Առաջնային կատարակտը առաջանում է  նյութափոխանակության խանգարման և տարիքային փոփոխության հետևանքով, իսկ երկրորդային կատարակտը առաջանում է ներակնային կամ ընդհանուր օրգանիզմի հիվանդությունների ֆոնի հիման վրա: Քանի որ ոսպնյակը չունի սնուցող անոթներ և սնվում է ներակնային հեղուկի շրջանառության հաշվին, այդ պատճառով ցանկացած ներակնային հեղուկի կազմի ցանկացած քիմիական փոփոխություն կարող է բերել կատարակտի զարգացման:

-Որո՞նք են համարվում կատարակտի առաջացման և զարգացման պատճառները.

Երկրորդային կատարակտի զարգացմանը կարող են նպաստել, օրինակ, աչքում բորբոքային որոշ պրոցեսների առկայությունը, տրավմաները, որոնք ուղղակի կամ անուղղակի առաջացնում են ոսպնյակի պղտորում, շաքարային դիաբետը և հորմոնալ տարբեր խանգարումներով ընթացող հիվանդությունները:

Առօրյայում ի՞նչ դժվարություններ կարող է առաջացնել հիվանդությունը.

Բնածին կատարակտը, որը զարգացման փուլեր չունի կարող է առաջացնել տեսողության սրության նվազում, որը հիվանդի մոտ արտահայտվում է լոկալ դեֆեկտով. հիվանդը կարող է նշել աչքի առաջ սև կետի առկայության, ցածր տեսողության և խավար պատկերների առկայության մասին:

-Ի՞նչ ժամանակակից մեթոդներ են կիրառվում կատարակտի բուժման համար.

Կատարակտի բուժման միակ լուծումը վիրահատական միջամտությունն է: Տարիներ առաջ, երբ կատարակտի վիրահատման համար ներդրված չէր Ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդը` ուլտրաձայնով կատարակտի հեռացումը, բժիշկը պետք է սպասեր այնքան, որ հիվանդությունը ամբողջությամբ հասունանար, պնդանար, որպեսզի հնարավոր լիներ աչքից հեռացնել պղտորված ոսպնյակը: Այժմ ժամանակակից Ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդի շնորհիվ, վիրահատությունը իրականացվում է կատարակտի ավելի վաղ փուլերում, երբ  ոսպնյակը շատ կարծրացած չէ  և ընդամենը երկու փոքր անցքից գործիքների միջոցով հեռացվում է պղտորված ոսպնայկը: Այսպիսով, այլևս մեծ կտրվածք չի արվում,  որը կարող է բերել հետվիրահատական սպիի ձևավորման և հետագա խնդիրների առաջացմանը.

-Կատարակտն ավելի հաճախ ո՞ր տարիքի մարդկանց մոտ է հանդիպում.

Ինչպես բոլոր հիվանդությունները այնպես էլ կատարակտը նույնպես երիտասարդացել է: Եթե տարիներ առաջ հանդիպում էր 50-60 տարեկանից հետո, այժմ  ավելի երիտասարդ մարդկանց մոտ է առաջանում և ոչ ոք չի կարող ասել առաջացման պատճառը: Իհարկե խոսքը չի վերաբերում երկրորդային կատարակտին, որը կարող է առաջանալ բոլոր տարիքային խմբերի մոտ:

-Վիրահատական միջամտությունը կարո՞ղ է երաշխավորել լիարժեք տեսողություն.

-Եթե տեսողության վատացման խնդիրը միայն կատարակտն է տեսողությունը ամբողջությամբ վերականգնվում է, սակայն շատ հաճախ պատահում է, որ կատարակտին զուգահեռ հիվանդն ունենում է այլ հիվանդություններ և որքան  էլ ոսպնյակը փոխվի տեսողության բացարձակ լավացման ակնկալիք չենք կարող ունենալ: Վիրահատության հենց հաջորդ օրը հիվանդը կարող է ունենալ բարձր տեսողության սրություն և ապրել իր առօրյա կյանքով, առանց որևէ սահմանափակումների:

Հիվանդության առկայության դեպքում ի՞նչ խորհուրդների պետք է հետևել.

Տեսողության ցանկացած խանգարման դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի: Հասարակության շրջանում տարածված կարծիք կա, որ պետք է բժշկի դիմել միայն կատարակտի ամբողջական զարգացման և հասունացման ժամանակ: Այս դեպքում վիրահատությունն ավելի դժվար ընթացք է ունենում: Պետք է հասկանալ, որ  ոսպնյակի հետևում կարող են այնպիսի հիվանդություններ առաջ գալ, որոնք կհանգեցնեն տեսողության անդառնալի կորստի:

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ