Գլխավոր էջ Գլխավոր Պատկան մարմիններին կհորդորեմ մի օր անվասայլակով նստեն երթուղային․ Էլեն Մկրտչյան. լուսանկարներ

Պատկան մարմիններին կհորդորեմ մի օր անվասայլակով նստեն երթուղային․ Էլեն Մկրտչյան. լուսանկարներ

1979
0

Medmedia.am-ի զրուցակիցն է  երիտասարդ, գեղեցիկ, աշխատասեր ու նպատակասլաց Էլենը, ով դեռ մանության տարիներից ստիպված է եղել «մոտիկից ծանոթանալ» անվասայլակին։ Բայց նա մշտապես փորձել է հաղթահարել բոլոր դժվարությունները։ Հիրավի, դրանք շատ են։ Մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդիկ մշտապես բախվում են խնդիրների․ տրանսպորտից սկսած և վերջացրած ամենատարրականից՝ սանհանգույց, դպրոց, մշակութային կենտրոններ, սրճարաններ՝ խնդիր է , չլուծված ու «օդում մնացած» խնդիր․

«Սկզբում իսկապես անսովոր ու դժվար էր ընկերանալը սայլակի հետ, սովորել մշտական ներկայությանը իմ կյանքում: Փոքր լինելով՝ հասկանում էի սայլակին նստելու անհրաժեշտությունը, դրանով ընտանիքիս դժվարությունները մի փոքր մեղմացնելու համար»,-Medmedia.am-ի հետ զրույցում պատմեց Էլենը ու նշեց, որ դժվարությունները մարդու կյանքում մեծ կարևորություն ունեն։

«Դրանց առկայությունից ու հաղթահարումից հետո մենք ավելի վստահ ու անվախ ենք դառնում, վստահ լինելով հաջորդ դժվարությունների հաղթահարման վրա: Դժվարություններ շատ են եղել, եղել են և ֆիզիկական ցավերի և անելանելի իրավիճակների տեսքով, փառք Աստծո այդ ամենը հաղթահարված է»։

Ինչպես շատերի այնպես էլ Էլենի կյանքում մեծ խնդիր է եղել դպրոց հասնելը։

«Միակ խնդիրը եղել է ֆիզիկապես դպրոց հասնելը, մինչ սայլակին նստելը գրկած կամ հեծանիվով էին տանում, ձմռանը սահնակով։ Ընտանիքիս անդամները ամեն կերպ փորձել են հոգալ այդ խնդիրը, կարևորելով ուսումն ու իմ ինտեգրված լինելը: Իսկ դասընկերներս միշտ պատրաստակամ էին ինձ օգնելու համար, որոնցից մի քանիսն իմ ամենամտերիմն են  մնացել»,-պատմեց մեր զրուցակիցը:

Էլենը նշեց, որ առաջին հերթին իրեն օգնության ձեռք է մեկնել իր ընտանիքը։

«Բնականաբար առաջին հերթին ընտանիքս է ինձ աջակցել ու օգնել ամեն հարցում, նրանք ոչինչ չեն խնայել ինձ առողջ ու կայացած տեսնելու համար, ինչպես նաև բոլոր բարեկամներս ու ընկերներս որոնց ներկայությունն ու դերն իմ կյանքում շատ կարևոր է»:

Խոսելով հաշմանդամություն  ունեցող անձանց խնդիրներից, մեր զրուցակիցը նշեց, որ տրանսպորտի անմատչելիությունը եղել ու շարունակում է մնալ առաջնային։

«Տրանսպորտի անմատչելիությունը եղել ու մնում է առաջնահերթ խնդիրներից հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում, պատկան մարմիններին հորդորս հետևյալն է՝ մի օր նստել սայլակին ու փորձել օգտվել երթուղայիններից»,-նշեց Էլենը:

Հիշեցնենք, որ դեռևս 2017թ-ից Երևանում գործում են հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված վերելակով ավտոբուսներ։

2017 թ-ի սեպտեմբերի 1-ից հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող, սայլակներով տեղափոխվող անձանց համար, վերելակներով կահավորված «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող «Հիգեր» մակնիշի թվով 17 ավտոբուսները շահագործվեցին ներքաղաքային հասարակական տրանսպորտի հետևյալ 4 երթուղիներում՝ հ.հ. 14, 20, 22 և 28: Այս երթուղիների ընտրությունը համաձայնեցված էր հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, հաշվի առնվելով նրանց առաջարկները:

Սակայն այդ ավտոբուսները բավականին գերծանրաբեռնված են աշխատում, հատկապես ժամը 18․00-ից հետո ստիպված ես մի կերպ «խցկվել» ու մեկ ոտաչափ տեղ գտնել, թե ինչպե՞ս պետք է անվասայլակը տեղավորվի ավտոբուսում, դա արդեն հարցական է։

ՀՀ-ում արդեն մի քանի տարի է գործում է «Նեռարական կրթության» ծրագիրը, որը ենթադրում է հաշմանդամություն և մտավոր որոշ խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրումը դեպի հասարակություն, սակայն ծրագրի լիարժեք հաջողությունների մասին դեռ վաղ է խոսելը։ Կան դպրոցներ, որտեղ անգամ շենքային պայմաններն ու սանհանգույցները հարմարեցված չեն ներառական կրթության ապահովման համար։

Էլենին ևս շատ բաներ հայտնի չեն այս ծրագրից, իր համար ևս այն շոշափելի չի եղել․

«Անկեղծ ասած անձամբ չեմ առընչվել ,բայց արձագանքներից ելնելով զարգացում ու փոփոխություն այդ ոլորտում կարծես թե կատարվում է»,-նշեց նա։

Էլենը «տեղը տիտիկ» անողներից չէ, նա անընդհատ պրպտում է ու փորձում է իր առօրյան գույներով լցնել, աշխատել ու աջակցել ընտանիքին։

« Կարճատև աշխատանքներ դեռ տարիներ առաջ էլ տանից կատարել եմ, օճառի փաթեթավորում, հարցումներ, հայտարարությունների տեղադրում և այլն: Այնուհետև ընդունվեցի Cityzen մասնագիտությունների մանկական քաղաք որտեղ աշխատում էի երեխաների հետ: Դա իսկական ձեռքբերում էր ինձ համար  և՛ մարդկային և՛ թե հոգեբանական տեսանկյունից: Հիմա էլ աշխատում եմ Adjarabet ընկերությունում, որտեղ էլի կարևորեցին իմ հմտություններն ու կարողությունները: Շատ կցանկանայի, որ բոլոր գործատուները առաջնահերթությունը դրան տային, հաշվի չառնելով ֆիզիկական խնդիրները»,-պատմեց մեր զրուցակիցը:

Վերջում Էլենը հավելեց, որ   լավագույն երազանքների իրականացումը դեռ առջևում է:

«Անկեղծ ասած հուսահատությունն ու ես այդքան մոտ չենք ու չենք էլ եղել)) Ես մոտ եմ միայն պայքարել ու հավատալ բառերի հետ․․․»։

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ