Գլխավոր էջ Հարցազրույցներ Չբուժված սեռավարակները կարող են բերել մի շարք բարդությունների. մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյան

Չբուժված սեռավարակները կարող են բերել մի շարք բարդությունների. մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյան

14947
0

Medmedia.am-ի թղթակիցը սեռավարակների մասին զրուցել է մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանի հետ:

-Որո՞նք են սեռավարակների դրսևորման ախտանիշները:

-Եթե գլոբալ առումով խոսենք, ապա սեռավարակների ախտանիշները բաժանվում են 2 մեծ խմբի՝ ախտաբանական արտադրություն սեռական օրգաններից, և խոցաէրոզիվ (վերքային), կամ գերաճական (ավել գոյացություններ) դրսևորումներ։ Այնուամենայնիվ հարկ եմ համարում նշել, որ ցանկացած դրսևորում, ինչը դուրս է նորմայի հասկացողությունից, կարող դիտարկվել որպես սեռավարակի ախտանիշ։

-Բոլո՞ր սեռավարակներն են արդյոք դրսևորվում նախանշաններով:

-Այսօր առավել հաճախ են դիտարկվում սեռավարակներ, որոնց բնորոշ է տորպիդ (թառամ կլինիկական ախտանիշներով) կամ առհասարակ անախտանիշ ընթացքը։ Ուստի ցանկացած կասկածի և/կամ ռիսկային վարքագծի դեպքում տեղին է խորհրդակցել սեռավարակաբանի հետ։

-Ինչպե՞ս է կատարվում սեռավարակների բուժումը:

— Ինչպես ցանկացած այլ վարակական պատճառ ունեցող խնդիր, այնպես էլ սեռավարակների դեպքում բուժումն ուղղված է հարուցիչի վերացման, որոշ դեպքերում էլ (մասնավորապես վիրուսային ծագման խնդիրների դեպքում) նրա ակտիվության ընկճման ուղղությամբ։ Ի դեպ նշեմ, որ սեռավարակներն այսօր հանդիսանում են առավել քան մանրամասն վերլուծված խնդիրներ, և բուժական մոտեցումներն արձանագրում են բավականին բարձր արդյուավետության ցուցանիշներ։

-Կարո՞ղ է թերի բուժումը մեծացնել սեռավարակի կրկնման հավականությունը:

-Բուժումը թերի թողնել իհարկե ցանկալի չէ։ Բայց աստեղ այլ սկզբունք է գործում՝ մենք գործ ենք ունենում ոչ թե կրկնման, այլ չբուժված սեռավարակի հետ։ Դրանք սկզբունքորեն տարբեր եզրույթներ են։
Կրկնման հավանականությունը մեծապես կախված է ռիսկային սեռական վարքագծի հետ։

— Ինչպե՞ս խուսափել սեռավարակներից:

-Սեռավարակների կանխարգելման լավագույն գրավականն իհարկե փոխադարձ հավատարիմ զույգի առկայությունն է։ Եվ առայսօր լավագույն կանխարգելումը՝ վերը նշվածից զատ, համարվում է պահպանակը, որն ի դեպ պարտադիր է օգտագործել մասնավորապես եթե առկա է ռիսկային վարքագիծ։ Ռիսկային է համարվում, եթե

  • Պացիենտն ունի մեկից ացելի զուգընկեր
  • Հաճախ փոփոխվող զուգընկերներ

Դիտարկվում են նաև արտագնա աշխատանքի մեկնողները: Ներերակային ու առհասարակ թմրամիջոցներ օգտագործողները և այլն։ Շարքն իհարկե կարելի է լայնացնել, բայց սա հիմնական խմբերն են։

-Սեռավարակները կարո՞ղ են հանգեցնել անպտղության: Եթե այո, ապա հատկապես որ տեսակները:

Չբուժված սեռավարակները կարող են բերել մի շարք բարդությունների, որոնց մեջ իր ուրույն դերակատարումն ունի նաև անպտղություն։ Բորբոքային երևույթներով ուղեկցվող սեռավարակները կարող են առաջացնել անցանելիության խանգարումներ, սերմնահեղուկի որակական ու քանակական բացասական տեղաշարժեր, անգամ արդեն իսկ բեղմնավորված ձվաբջիջի ներդրման և արգանդի պատին ֆիքսվելու խնդիրներ։

-Պետք է արդյո՞ք բուժել գարդներելան և ուրեապլազման: Եթե այո, ապա ինչո՞ւ, ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել չբուժելը:

— Կարծում եմ պատահական չեն ընտրվել այդ 2 հիվանդությունները՝ գարդներելյոզ և ուրեապլազմոզ։ Այստեղ պատասխանը միանշանակ չէ։ Եթե մենք ունենք արդեն նշված ախտորոշումներն, ապա բուժել պետք է։ Բայց չմոռանանք մի կարևոր հանգամանք, որ ախտորոշման համար միայն վերը նշված խնդիրների հարուցիչների լաբորատոր հայտնաբերումը, դեռ բավարար փաստարկ չէ։
Դիտարկենք մենք հայտնավերել ենք հարուցչին, բայց պացիենտը չի նշում որևէ գանգատ, և չկա բորբոքման լաբորատոր ցուցանիշ։ Այս դեպքում իհարկե կարիք չկա։
Ֆիքսենք մի հստակ փաստարկ, որ բուժել պետք է խնդիրը, այլ ոչ հարուցչի առկայությունը։ Ստացվում է, որ մի դեպքում երբ կա բորբոքման գանգատ, կամ լաբորատոր ցուցանիշ, ապա պետք է բուժել, մեկա այլ դեպքում՝ երբ չկան բորբոքման որևէ ցուցանիշներ, ապա բուժել պետք չէ։

 

Հակառակ պարագայում, մենք մի դեպքում ունենում են հակաբիոտիկների ոչ տեղին, անգամ սխալ կիրառում, իսկ մյուս դեպքում մենք չբուժելով բորբոքային խնդիրը, կարող ենք ունենալ որոշակի բարդություններ։ Նորից նշեմ, որ բուժման չափորոշիչ հանդիսանում է բորբոքային ցուցանիշները զուգակցված հարուցչի հայտնաբերման հետ։ Իսկ միայն հայտնաբերումը դեռ բավարար հիմք չէ դեղորայքային նշանակման համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ