Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսը քթի միջոցով կարող է ուղեղի մեջ ընկնել

Կորոնավիրուսը քթի միջոցով կարող է ուղեղի մեջ ընկնել

360
0

SARS-CoV-2 կորոնավիրուսը քթի միջոցով կարող է ուղեղի մեջ ընկնել, ինչպես ցույց է տվել նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Nature Neuroscience ամսագրում: Այս բացահայտումը կօգնի բացատրել COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքում նյարդաբանական ախտանիշների առաջացումը եւ գտնել դրանց դեմ պայքարի ձեւը:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, ավելի ու ավելի շատ ապացույցներ կան, որ SARS-CoV-2-ը ախտահարում է ոչ միայն շնչառական համակարգը, այլ նաեւ առաջացնում է նյարդաբանական ախտանիշներ` հոտի եւ համի կորուստ, գլխացավ, հոգնածություն, սրտխառնոց` դեպքերի մոտ մեկ երրորդում: Գիտնականները հայտնել են կենտրոնական նյարդային համակարգի սուր վնասվածքների մասին, որոնք ուղեկցվել են գիտակցության խանգարումներով: Վիրուսի ՌՆԹ-ն հայտնաբերվել է նաեւ COVID-19-ով պացիենտների ողնուղեղային հեղուկում:

Ռեցեպտորները, որոնց շնորհիվ կորոնավիրուսը ներմուծվում է մարդու օրգանիզմ, հայտնաբերվում են ոչ միայն թոքերում եւ այլ օրգաններում, այլեւ կենտրոնական նյարդային համակարգի բջիջներում՝ նեյրոններում եւ նեյրոգլիայում:

Նոր հետազոտության ընթացքում մասնագետները ուսումնասիրել են COVID-19-ից մահացած 33 մարդու քթաըմպանի լորձաթաղանթը եւ գլխուղեղի որոշակի շրջանները:

Քթաըմպանը կոկորդի վերին մասն է, որը կապված է քթի խոռոչի հետ, համարվում է օրգանիզմի մեջ վիրուսի ներխուժման տեղ: Գիտնականները դրանում գտել են ինչպես ամբողջական վիրուսներ, այնպես էլ դրանց մասեր՝ ՌՆԹ եւ սպիտակուցներ: Դրանց ամենամեծ թիվը եղել է լորձաթաղանթի այն հատվածում, որը պատասխանատու է հոտառության համար: Որքան կարճ է տեւել մարդու հիվանդությունը, այնքան շատ վիրուսներ են հայտնաբերվել:

Հետազոտության հեղինակները կորոնավիրուսի փշանման սպիտակուց են գտել նաեւ լորձաթաղանթի բջիջներում, որոնք գտնվում են նյարդերի վերջավորության անմիջական հարեւանությամբ, ինչը նրանց թույլ է տալիս հավանականորեն մտնել գլխուղեղ: Նրանք գտել են ապացույցներ այն մասին, որ հոտառական նեյրոնները, ինչպես նաեւ հոտառության համար պատասխանատու ուղեղի հատվածը կարող է վարակված լինել:

Հետագա հետազոտությունների ընթացքում գիտնականները կորոնավիրուսի փշանման սպիտակուցը հայտնաբերել են գլխուղեղի մի քանի այլ մասերում, ներառյալ՝ երկարավուն ուղեղում, որը, այլ բաների հետ մեկտեղ, պատասխանատու է շնչառության եւ արյան շրջանառության վերահսկման համար:

Գիտնականների խոսքերով՝ գլխուղեղի մեջ կորոնավիրուսի ներթափանցելու հնարավոր մեխանիզմները որոշելու համար հետագա հետազոտություններ կպահանջվեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ