Գլխավոր էջ Նորություններ Վիրաբույժը կիսվել է Արցախում պատերազմի մասին հիշողություններով

Վիրաբույժը կիսվել է Արցախում պատերազմի մասին հիշողություններով

357
0

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան դիմածնոտային վիրաբույժ Գեւորգ Շահսուվարյանը՝ լսելով, որ պատերազմ է սկսվել, իր մեքենայով մեկնել է Արցախ: Նա այնքան արագ է վարել մեքենան, որ արդեն ժամը 16-ին հասել է Ստեփանակերտի հոսպիտալ եւ արդեն մի քանի րոպե անց հայտնվել վիրահատարանում:

Մինչեւ կեսգիշեր նա վիրահատարանից դուրս չի եկել: Այդ ժամանակահատվածում նա եւ իր գործընկերներն ընդունել եւ վիրահատել են ավելի քան 100 վիրավորի:

«Մենք լավագույն դեպքում քնել ենք օրական 2 ժամ՝ 15-20 րոպե ընդմիջումներով»

Հաջորդ օրերին եւս հեշտ չէր. վիրաբույժներն օրական քնել են, ինչպես այսօր հիշում է բժիշկ Շահսուվարյանը, լավագույն դեպքում 2 ժամ, այն էլ ոչ միանգամից, այլ 15-20 րոպե վիրահատությունների միջեւ ընդմիջումներով:

Որպես կանոն՝ Ստեփանակերտի հոսպիտալ են բերել վիրավորների, որոնք արդեն հասցրել են բուժօգնություն ցուցաբերել առաջնագծի հոսպիտալներում: Սակայն վիրավորների հոսքը մեծ է եղել, նրանց վիրահատել են, վիրակապել, արել ամեն ինչ եւ հետ ուղարկել: Ով ի վիճակ է եղել, վերադարձել է ռազմաճակատ, իսկ ծանր վիրավորներին ուղարկել են Հայաստանի հիվանդանոցներ հետագա բուժման համար:

«Որոշ պացիենտների նույնսիկ չենք արթնացրել նարկոզից հետո, ուղարկել ենք ինտուբացված, եթե ազատ շտապօգնության մեքենա է եղել, միանգամից ուղարկել ենք՝ ոչ մի րոպե չկորցնելով, քանի որ ցանկացած պահի կարող էին կրակել քաղաքին, իսկ մեքենաները չէին կարող մեկնել, եւ հայտնի չէր, թե որքան պետք է սպասեինք մինչեւ հաջորդ հնարավորությունը: Բացի այդ, հնարավոր չէր հոսպիտալում թողնել շատ պացիենտների, քանի որ հայտնի չէր, թե երբ կժամանեն նոր վիրավորները եւ քանիսը կլինեն»,-հիշում է վիրաբույժը:

Մասնագետի խոսքով՝ գնդակի վերքեր ստացած պացիենտներ գրեթե չեն եղել, հատկապես՝ պատերազմի առաջին օրերին: Հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել, որոնցից ամենաբարդը եղել է նրանց վիճակը, ովքեր կասետային զենքերից վնասվածք են ստացել: Բերել են նաեւ բազմաթիվ վնասվածքներով քաղաքացիական անձանց, որոնց հետ աշխատանքը եղել է մեկ բժշկի կոմպետենցիայից դուրս: Շատերի մոտ, օրինակ, գլխի, վերջույթների, ներքին օրգանների վնասվածքներ են եղել:

Հաճախ մեկ տեղանքում միանգամից մի քանի վիրահատություն է անցկացվել, եւ մասնագետները մեկ պացիենտից անցել են մյուսին. մեկ վիրաբույժ վիրահատել է, օրինակ, մեկ պացիենտի ոտքը եւ անցել մյուսին, այն դեպքում, երբ առաջին պացիենտին, որը, օրինակ, գլխի վնասվածք է ստացել, պետք է օգնություն ցուցաբերեր նյարդավիրաբույժը:

Երբեմն վիրահատող բժիշկները խորհուրդ են հարցրել իրենց գործընկերներից՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է ճիշտ գործեն, երբեմն էլ ստիպված են եղել ինքնուրույն հասկանալ, նույնիսկ եթե, օրինակ, դիմածնոտային վիրաբույժը ստիպված է եղել գլխի կամ ոտքի վիրահատություն կատարել:

Հոսպիտալում աշխատանքը չի դադարել, նույնսիկ երբ ռմբակոծվել է քաղաքը.

«Երբ մենք աշխատում էինք նկուղում, մենք չէինք հասկանում, թե որքան հեռու են ընկնում արկերը: Երբեմն մենք զգում էին, որ շենքը ցնցվում էր, մի պահ անշարժանում էինք…Եթե գլխներիս ոչինչ չէր ընկնում, ապա դա նշանակում էր, որ շարունակում ենք աշխատել»:

«Էմոցիաներն անհետացան առաջին օրը»

Վիրավորների անվերջանալի հոսք, քնի պակաս, մշտական լարվածություն. այս ամենը լուրջ փորձություն է քաղաքացիական բժիշկների համար, ովքեր սովոր են աշխատել այլ պայմաններում: Որոշները լրջագույն սթրես են տարել, որը հաղթահարելը շատ դժվար էր:

«Էմոցիաներն անհետացան առաջին օրը: Այլապես անհնար կլիներ աշխատել նման տեմպով, նման պայմաններում»,-NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց բժիշկ Շահսուվարյանը:

Նրա համար փոքր-ինչ հեշտ է եղել, քան մյուսներին, քանի որ նա ուսում է ստացել որպես ռազմական բժիշկ եւ աշխատել զինվորական հոսպիտալում: Նա աշխատել է զինվորական հոսպիտալում նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ:

«Այդ փորձի շնորհիվ ես կարողացա հաղթահարել շատ դժվարություններ այդ պատերազմի ժամանակ: Սակայն ոչ բոլորին է դա հաջողվում»:

«Եթե չլինեին բուժքույրերը, մենք քաղցած կմնայինք»

Վիրաբույժի խոսքով՝ հոսպիտալում բժիշկները գործիքների, դեղերի կամ տեխնիկայի պակաս չեն ունեցել: Առաջին օրերին պակասել են նեղ մասնագիտական գործիքները, սակայն հետագայում նրանց գործընկերն ու ընկերներն ուղարկել են անհրաժեշտ ամեն ինչ:

Վիրահատարաններում հիգիենային հետեւել են բուժքույրերը: Հենց նրանք՝ նկատելով, որ վիրաբույժները պետք է մի պացիենտից մյուսին անցնեն, փոխել են նրանց ձեռնոցները, նոր ձեռնոցներ եւ ստերիլ խալաթներ հագցրել:

«Բուժքույրերը շատ լավ են աշխատել եւ անհավանական աջակցություն ցուցաբերել: Նրանցից շատերն առաջին պատերազմ է անցել եւ մեծ թվով վիրավորների հետ աշխատանքի փորձ ուներ, նրանք չէին շփոթվում եւ գիտեին՝ ինչ անել: Երբեմն հուշել են բժիշկներին՝ ինչպես ճիշտ կլինի վարվել: Բացի այդ, նրանք շատ ուշադիր էին, եւ նույնիսկ երբ մոռանում էին փոխել ձեռնոցները, նրանք թույլ չէին տալիս մոտենալ հաջորդ պացիենտին, քանի դեռ չեն փոխել խալաթն ու ձեռնոցները: Բացի այդ, եթե նրանք չլինեին, մենք քաղցած կմնայինք:

«Ամենից դժվարն ընտրելն է, թե ով պետք է ապրի»

«Գիտակցումը, որ դու պետք է ընտրես, թե ում պետք է վիրահատես առաջինը եւ ով պետք է ապրի, շատ ծանր է: Երբ մենք սովորում էինք, դասախոսներն ասում էին, որ պատերազմի ժամանակ մեր պացիենտը ոչ թե զինվորն է, այլ սահմանը: Եվ առաջին հերթին պետք է ընտրեինք վիրավորներին, որոնք արագ կկարողանային վերադառնալ առաջնագիծ: Հենց դա է քաղաքացիական եւ ռազմական բժիշկի մտածելակերպի տարբերությունը: Դժվար է լինել քաղաքացիական բժիշկ եւ անցնել ռազմական բժիշկի «ռեժիմի»»,-խոստովանեց մասնագետը:

Սովորական իրավիճակում, երբ քաղաքացիական հիվանդանոց են բերում միանգամից երկու պացիենտի, բժիշկն առաջին հերթին զբաղվում է ծանր հիվանդով: Իսկ զինվորական հոսպիտալում, հատկապես եթե շատ են վիրավորները, ամեն ինչ այլ կերպ է. եթե զբաղվես ծանր պացիենտով, մեկ այլ պացիենտի վիճակը, որը թեթեւ էր, կարող է վատանալ, նրա մոտ կարող է սկսվել, օրինակ, ցավային շոկ:

«Այդ դեպքում քաղաքացիական բժիշկը նախ կօգներ ծանր հիվանդին, իսկ ռազմական բժիշկը սիտպված է նախ օգնել նրան, ում շարք վերադառնալու շանսերը մեծ են: Եթե դու ունես 100 վիրավոր եւ պետք է փրկես նրանցից 10-ին, ապա պետք է նախ փրկես նրանց, ովքեր ապրելու մեծ շանսեր ունեն…Այդպես գրում են գրքերում, սակայն միայն խոսքերով է ամեն ինչ պարզ: Իսկ երբ իրականում բախվում ես մի վիճակի հետ, որի ժամանակ պետք է ընտրես, թե ով պետք է ապրի, դա շատ ծանր է, եւ ոչ բոլորը կարող են դիմանալ»:

«Զինվորը խոսում էր մեզ հետ եւ նույնիսկ չէր պատկերացնում, թե ինչ մեծ բեկոր է իր գլխի մեջ»

Մինչեւ կենտրոնական հոսպիտալ հասած վիրավորների շրջանում մահացությունը բավական ցածր էր: Վիրաբույժի խոսքով՝ ինքը կարող է հիշել միայն 3 նման դեպք, մնացած դեպքերում հաջողվել է կայունացնել վիճակը:

Բժիշկ Շահսուվարյանի խոսքով՝ Ստեփանակերտի հոսպիտալում անցկացրած օրերին շատ հետաքրքիր բժշկական դեպքեր է տեսել, սակայն ամենից շատ նրա մոտ տպավորվել է մի զինվոր, ում բերել են գլխի մեջ մեծ բեկորով: Նա գիտակից վիճակում է եղել, խոսել է մեզ հետ եւ չի պատկերացրել, թե ինչ մեծ բեկոր է իր գլխի մեջ, որը կիսով չափ ներթափանցել էր ուղեղի մեջ:

«Հետո ես գտա նման դեպքերի նկարագրություն գրականության մեջ, սակայն ինձ համար դա անսովոր էր: Բեկորը կիսով չափ ներթափանցել էր ուղեղի մեջ, ռենտգենային նկարում դա հստակ երեւում էր:Մենք չհեռացրեցինք բեկորը, քանի որ վիրահատությունը կարող էր երկար տեւել: Այդ երիտասարդին մենք ուղարկեցինք Երեւան, որտեղ նրան կարող էին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ