Գլխավոր էջ Օրվա թեման Կերակրող մոր սննդակարգի կարևոր բաղադրիչները

Կերակրող մոր սննդակարգի կարևոր բաղադրիչները

1028
0

Կալցիումն անհրաժեշտ է ոսկրային համակարգին

Հղիության ու կրծքով կերակրելու շրջանում մորը շատ կալցիում է հարկավոր, որ երեխայի ոսկրային համակարգը արագ զարգանա: Չպետք է վախենալ, որ կրծքով կերակրելը մոր օրգանիզմը կզրկի կալցիումից: Նորագույն ուսումնասիրություններն ապացուցել են, որ կրծքով կերակրելն իրականում պաշտպանում է մոր ոսկորները օստեոպորոզից (ոսկորների բեկունություն): Կաթ ունենալու համար պետք չէ կաթ խմել, չէ որ կովերը կաթ չեն խմում: Եթե կերակրող մայրը չի սիրում կաթ կամ ալերգիա  ունի, փոքրիկի ոսկրային համակարգը ձևավորելու համար անհրաժեշտ կալցիում կարող է ստանալ հետևյալ մթերքներից` սարդինա, լոսազգի ձկներ, բակլա, ընդեղեն, լոբի, լոբազգիներ, կաղամբ կանաչի չամիչ, չոր թուզ, գազարի հյութ և այլն: Քանի որ կաթնամթերքները կալցիումով ամենահարուստն են, կերակրող մայրը պետք է սննդի մեջ օգտագործի պանիր, մածուն, յոգուրտ, եթե ալերգիա չունի դրանց նկատմամբ և լավ է մարսում:

Երկաթն անհրաժեշտ է հեմոգլոբին գոյացման համար

Կերակրող մայրը պետք է սնվի երկաթով հարուստ սննդով: Երկաթով հարուստ են որոշ մսամթերքներ (երիկամներ, լյարդ , սիրտ), ձուկը, թռչնի միսը: Օրգանիզմում երկաթի յուրացումը հեշտացնելու համար միաժամանակ պետք է սնվել նաև C վիտամինով  հարուստ սննդով (օրինակ` մրգերի, մասուրի, սև հաղարջի, նարնջի հյութեր): Այսպես` մսեղեն ուտելուց հետո անհրաժեշտ է լոլիկի հյութ խմել:
Լրացուցիչ մանրամասն. հետաձգելով դաշտանը ` կրծքով կերակրելն օգնում է մոր օրգանիզմում երկաթի պահպանմանը:

Բավարար հեղուկ

Կրծքով կերակրող մայրը պետք է այնքան հեղուկ խմի, որքան անհրաժեշտ է նրա ծարավի զգացումը բավարարելու համար: Կերակրելուց առաջ մայրը պետք է ջուր (սա ոչ կալորիան լավագույն հեղուկն է) կամ հյութ խմի, որ ծարավ  չզգա: Մայրերից շատերն օրվա ընթացքում մոտ 8 բաժակ հեղուկ են խմում: Չի կարելի օգտագործել կոֆեին պարունակող սուրջ, մուգ թեյ և ալկոհոլային խմիչքներ:

Կաթի մեջ անցնող անցանկալի նյութեր

Սննդի առումով մայրն ու երեխան պարզապես գործընկերներ են և կարող են շատ հարուստ ու բազմազան սննդով կերակրվել: Երեխաների մի մասը մոր որոշակի կերակրատեսակների նկատմամբ գերբարձր զգայունություն ունի: Վնասակար ազդեցություն ունեցող նյութերը կաթի միջոցով անցնում են երեխային և ազդում նրա վրա, մոր` այդ սնունդն ընդունելուց 9 ժամ անց: Երեխայի վարքագծով  կարելի է ստուգել, թե մոր կերած սննդամթերքներից հատկապես որն է վնասում երեխային. մոր Այդ սննդամթերքով սնվելուց 9 ժամ անց երեխան ծակծկոցներ ու փորիկի ցավեր է ունենում: Այդ ցավերը կվերսկսվեն միայն այն ժամանակ, երբ մայրը կրկին կօգտագործի այդ սննդամթերքը: Պետք է փնտրել ու գտնել փոքրիկի անհանգստության պատճառները: Դրանք կարող են լինել`

Կոֆեին պարունակող մթերքներ: Ոչ ալկոհոլային խմիչքների, շոկոլադի, սուրճի, թեյի ու մրսածության դեմ կիրառվող մի շարք դեղեր, որոնք պարունակում են կոֆեին:

Կծու սնունդ: Կրծքի կաթը կարող է կծու համ ունենալ, եթե մայրն օգտագործել է կծու սնունդ կամ սխտոր: Երբեմն երեխան այնպես է տառապում փորի ցավերից, որ հրաժարվում է կաթից:

Գազ առաջացնող մթերքներ: Լոբազգիները, սոխը, կանաչ տաքդեղը, սովորական կաղամբը հում վիաճակում ուտելը կարող են երեխայի անհանգստացման պատճառ դառնալ, բայց այդ բանջարեղենն անվնաս է եփած վիճակում: Դժվար է այդ երևույթի գիտական բացատրությունը տալ, բայց փորձն ապացուցում է, որ դրանք հում վիճակում օգտագործելու դեպքում փոքրիկի փորիկում գազեր են առաջանում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ