«Ընտրյալները» շարքի հերթական հերոսն է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը։
Արա Ասոյանի մահից հետո «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Մհեր Դավիդյանցը: Այս նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում և մամուլում լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, ինչի արդյունքում հաղթել է մրցույթը։
Դավիդյանցի անվան շուրջ ամենամեծ սկանդալը տեղի ունեցավ 2019թ-ի նոյեմբերին, երբ մամուլում տեսանյութ հրապարակվեց, որտեղ Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատակիցը աշխատանքային հարցեր էր քննարկում տնօրեն Մհեր Դավիդյանցի հետ, ապա նրանից հետաքրքրվում, թե ինչ պետք է անի պահանջված գումարը, որը գոյացել է այլ ծախսերի անվան տակ ձևակերպված և դուրս գրված գումարներից։
Medmedia.am-ին միջադեպի մյուս մասնակիցների վերաբերյալ մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, մեր տեղեկություններով տեսանյութում Դավիդյանցի հետ զրուցում է Աշոտ Բադալովը, ով «Նորք» ինֆեկցիոնում այդ ժամանակ աշխատում էր որպես տնտեսվար: Իսկ տեսանյութում խոսվում է նույն հաստատության հաշվապահ Էդգարի մասին: Նրանք այստեղ աշխատել են դեռևս Արա Ասոյանի տնօրեն եղած ժամանակ, իսկ Դավիդյանցի հետ աշխատել են մի քանի ամիս, ապա ինչ-ինչ պատճառներով դուրս են եկել աշխատանքից:
Աշոտ Բադալովն ու Էդգարը «Նորք» ինֆեկցիոնից աշխատանքից դուրս գալուց հետո նույն պաշտոններում աշխատանքի են անցել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում: Այդ ժամանակ կենտրոնի տնօրենի ժ/պ-ն Վարդան Ավագյանն էր և հենց նա էլ իր վարած կադրային քաղաքականության արդյունքում վերջիններիս մի քանի այլ անձանց հետ բերել էր կենտորնում աշխատելու:
Այստեղ հետաքրքրականն այն է, որ տեսանյութը շատ ավելի վաղ էր նկարահանվել, բայց այն, որոշակի պատճառներից ելնելով, բավականին ուշ հրապարակվեց: Տեսանյութի հրապարակման ժամանակ Աշոտ Բադալովն արդեն աշխատում էր «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում:
Նշենք, որ Վարդան Ավագյանից հետո «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրեն նշանակվեց Գևորգ Սիմոնյանը, ով ևս նախարարի մտերիմն է համարվում: Սիմոնյանը չնայած տնօրեն նշանակվելուց հետո սկսեց մեծ թափով կադրային փոփոխություններ իրականացնել, սակայն Աշոտ Բադալովն ու Էդգարը շարունակեցին աշխատել, ավելին՝ անգամ կենտրոնում տնօրենի անմիջական հովանու ներքո հայտնվեցին:
Տեսանյութի հրապարակումից հետո Գևորգ Սիմոնյանը նրանց հեռացրեց աշխատանքից: Դեկտեմբերի սկզբին Էդգարը հրաժեշտ տվեց աշխատանքին, իսկ տարեվերջին՝ Աշոտ Բադալովը:
Թե ինչն է եղել տեսանյութի՝ ամիսներ անց հրապարակելու պատճառը, կարելի է միայն ենթադրել, իսկ թե ինչու տեսանյութի հեղինակն ու Էդգարը հեռացվեցին աշխատանքից՝ հասկանալու համար մեծ ջանքեր պետք չէ գործադրել:
Հ․Գ․ Նյութի հրապարակումից հետո Medmedia.am-ի հետ կապ հաստատեց վերոնշյալ տեսահոլովակի Էդգարը, նույն ինքը Էդգար Ծառուկյանը, ով մեզ վստահեցրեց, որ ինքը և Աշոտ Բադալովը շարունակում են աշխատել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։