Գլխավոր էջ Գլխավոր Դիսբակտերիոզ. ինչպե՞ս բուժել գոյություն չունեցող հիվանդությունը

Դիսբակտերիոզ. ինչպե՞ս բուժել գոյություն չունեցող հիվանդությունը

15321
0

Դիսբակտերիոզը համախտանիշ է, որ բնորոշվում է աղիքային նորմալ ֆլորայի որակական և քանակական փոփոխություններով։ Դեռ շատ վաղուց հարց էր` դիսբակտերիոզը հիվանդությու՞ն է, թե՞ ոչ, և ինչպե՞ս այն բուժել: Այսևայլ հարցերի շուրջ Medmedian-ն զրուցեց բժիշկ-գաստրոէնտերոլոգ Շուշան Միրիջանյանի հետ:

Կա՞  արդյոք նման ախտորոշում:

Մարդկանց շրջանում ամենահաճախ օգտագործվող հիվանդության անվանումներից է դիսբակտորիոզը։ Վաղուց է արդեն հայտնի, որ աղիների դիսբակտերիոզ հիվանդությունը գոյություն չունի, ավելին, հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ նման ախտորոշում չկա։ Իսկ եթե չկա նման հիվանդություն, ապա նրան բուժման մասին խոսելն ավելորդ է։

Այնուամենայնիվ, ի՞նչ է այսպես կոչված «դիսբակտերիոզ»-ը։

Դիսբակտերոզը հնում  սահմանում էին որպես աղիների միկրոֆլորայի քանակական և որակական կազմի դիսբալանս։ Եվ փորձում էին տարբեր բակտերիալ պրեպարատներով բալանսը կարգավորել։ Իրականում բակտերիալ բալանսը կարգավորվում է ինքնուրույն , նույնիսկ հակաբիոտիկների օգտագործումից հետո։ Աղիքն ինքնակարգավորվող համակարգ է։ Այլ խնդիր է բարակ աղիներում հավելյալ բակտերիալ աճի սինդրոմը, որը բերում է ավելորդ գազագոյացման աղիներում, փքվածության, և ենթարկվում է աղիքային անտիսպետիկներով բուժման։

Ո՞ր ախտանիշներն են մարդիկ վերագրում դիսբակտերիոզին և արդյո՞ք արժե հանձնել կղանքի անալիզ այն որոշելու համար:

Հաճախ հանդիպող ախտանիշն է ցավը հաստ աղու շրջանում, չձևավորված կղանքի առկայությունը, փորկապությամբ ուղեկցվող վիճակները և այլն։ Սակայն նման ախտանիշների հիմքում շատ ու շատ այլ հիվանդություններ կարող են ընկած լինել։ Այդ պատճառով ցանկալի է հետազոտվել նպատակային ձևով, բժշկի ուղղորդմամբ։ Հանձնել իհարկե դիսբակտերիոզի համար կղանքի անալիզ պետք չէ, քանի որ կղանքից վերցրած նմուշում որոշել ամբողջ միկրոֆլորայի հարաբերակցությունը շատ անլուրջ է։ Իհարկե կարծում եմ` կգտնվի նման բժիշկ դեռևս , որ այդ անալիզով «բուժում» կնշանակի, սակայն դա արդեն այլ խնդիր է։

Այդ դեպքում ի՞նչ է ցույց տալիս բակտերիոլոգիական քննությունը, որը մարդիկ, շատ հաճախ առանց բժշկի նշանակման, ինքնուրույն հանձնում են։

Բակտերիոլոգիական անալիզի էությունն այն է, որ կղանքային մասսայում ուսումնասիրում են մի քանի տեսակ բակտերիաներ և դրա հիման վրա եզրահանգումներ անում այդ բարդ աղիքային համակարգի մասին, որը ներկայացված է ավելի քան 400 տեսակ միկրոօրգանիզմներով։ Հայտնի չէ` որտեղից են նորմայի ցուցանիշները վերցվում, չկան լուրջ հետազոտություններ կղանքային միկրոֆլորայի վերաբերյալ։ Ցավոք կան բժիշկներ , որոնք գաստրոէնտերոլոգիական խանգարումների պատճառ են համարում հատ հաստ աղու միկրոֆլորայի խանգարումը ՝ «դիսբակտերիոզը»։ Լավագույն դեպքում այդ հիվանդները երկարատև օգտագործում են պրոբիոտիկներ ( օրինակ` բիֆիդոբակտերիաներ), վատագույն դեպքում՝ հակաբիոտիկներ, որոնց կարիքն ամենևին չկա։

 

Սառա Հարությունյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ