Գլխավոր էջ Uncategorized «Stent for Life». երեք նախարարներին կապող ծրագիրը

«Stent for Life». երեք նախարարներին կապող ծրագիրը

3286
0

Սրտի կորոնար անոթների ստենտավորումը միջամտություն է, որը պրոֆեսիոնալ ինտերվենցիոնալ սրտաբանին հնարավորություն է տալիս 40-50 րոպեում կայունացնել նախաինֆարկտային կամ ինֆարկտային վիճակում գտնվող մարդու վիճակը, նրան երկրորդ կյանք պարգևել:

Հայաստանում ստենտավորում կարելի էր  իրականացնել 1,5-1,8 մլն դրամի սահմաններում՝ կախված ստենդավորման դեղապատ և ոչ դեղապատ լինելու հանգամանքից: Ոչ դեղապատ ստենտավորումը ժամանակի ընթացքում փակվելու և հետագայում նորից ստենդավորվելու 30 տոկոս հավանականություն ունի, իսկ դեղապատը՝ 10 տոկոս:

2015թ․-ի հունվարի 1-ից Հայաստանում կյանքի է կոչվել սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում է անվճար ստենտավորում: Այդ ծրագրի համաձայն՝  ստենտավորում կատարվելու էր պետպատվերի շրջանակում Հայաստանի տասը հիվանդանոցներում, որոնցից երկուսը՝ մարզերում, ութը՝ Երևանում։

2015 թվականի արդյունքները արդարացրեց ծրագրից սպասումները. վիրահատվեցին ավելի քան 1300 հիվանդներ, փրկվեցին բազմաթիվ կյանքեր: Իսկ արդեն 2016թ․-ին հունվարի մեկից հանրապետության հինգ խոշոր բժշկական կենտրոններում ներդրվեց «Անվճար մեկ ստենտ՝ կյանքի համար»  համաեվրոպական ծրագիրը՝ միտված սուր ինֆարկտով հիվանդների կյանքի փրկությանը: Ծրագրի շրջանակներում տեղադրվում է անվճար մեկ` ոչ դեղապատ ստենտ:

Այս ծրագիրը կյանքի կոչեց Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, որից հետո էլ ծրագիրը շարունակական բնույթ սկսեց կրել․ հետագայում Լևոն Ալթունյանը, իսկ այժմ էլ Արսեն Թորոսյանը ընդլայնեցին ծրագիրը։ Սա միակ ծրագիրն է, որ կապող թելի պես ձգվում է առողջապահության երեք նախարարների միջև։

Դեռ 2016թ․-ի առաջին կիսամյակում կատարվել է 801 ստենտավորում, ինչպես նաև փոփոխվել է գնային քաղաքականությունը․  անգիոգրաֆիկ ծառայությունը 240 հազարից իջել է 160 հազարի, ոչ դեղապատ ստենտը 1 միլիոն 200 հազարից իջել է 850 հազար դրամի, իսկ դեղապատ ստենտը` 1 միլիոն 700 հազարից 1 միլիոն 100 հազարի:

Եվ չնայած գրանցված միջինում մոտ 700.000 հազար դրամով էժանացմանը ՝  Հայաստանում սրտի վիրահատությունն ավելի թանկ էր, քան Վրաստանում ($500՝ մոտ 240.000 դրամ)։ Այդ իսկ պատճառով  2016թ․-ին շուրջ 49 քաղաքացի մեկնել է Վրաստան՝  ստենտավորման ծառայությունից օգտվելու նպատակով։  

2017թ․-ին Կառավարության որոշմամաբ  «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրի իրականացման համար  պետական բյուջեից հատկացվել է  3.084 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 2 միլիոնով։  Կենտրոնացված գնումների շնորհիվ սրտի ստենտավորման գումարը պետպատվերի շրջանակում 1 մլն 80 հազարից դարձավ  700 000 դրամ:  Եվ ինչպես ասել էր Լևոն Ալթունյանը, անգամ պետպատվերից դուրս կենտրոնացված գնումներն իրենց ազդեցությունը ունեցան շուկայական գների վրա։

Արդեն 2018թ.-ին  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ  հուլիսի 1-ից պետությունը դեղապատ ստենտով ստենտավորման համար կվճարի 750 հազար դրամ, իսկ ոչ դեղապատ ստենտով՝ 700 հազար դրամ: Եվ եթե 2017թ. ներմուծվել է 8786 ստենտ 107.1 հազար դրամ միջին մաքսային արժեքով, ապա այս տարվա միայն հունվար-հուլիս ամիսներին 7064 ստենտ է ներմուծվել՝ մոտ 105 հազար դրամ արժեքով:
Այդ գինն արդեն իսկ ապացուցում է, որ տարիներ շարունակ ստենտ ներկրողներն ու ստենտավորում իրականացնողները չափազանց բարձր շահույթ են ստացել առողջապահական այդ բիզնեսից՝ այն հիվանդի վրա վաճառելով 3-4 անգամ բարձր գնով։

Առողջապահության նախարարը 2018թ.-ին անդրադարձավ հայ-վրացական սրտաբանությանը: Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր  Վրաստանի առողջապահության նախարարությունից ստացած աղյուսակը՝ ի պատասխան իր կողմից արված հարցման, թե քանի ՀՀ քաղաքացի է ստենտավորում Վրաստանում: Պարզ դարձավ, որ 2017թ.-ին այդ քաղաքացիների թիվը կազմել է 115, մինչդեռ  2018թ.-ին թիվը նվազել է՝ հասնելով 55-ի:

No photo description available.

No photo description available.

Կյանքի ստենտ ծրագիրը նոր փոփոխությունների ենթարկվեց 2019թ.-ին, որոնց համաձայն՝ շատ քաղաքացիներ, ովքեր դուրս էին մնում ծրագրից, այսուհետ ընդգրկվում են դրանում.  ավելացվել է այն ախտանիշների թիվը, որոնցով որոշվում էր պացիենտի համապատասխանությունը ծրագրին:

Ամփոփելով 2019թ.-ը՝ նշենք, որ  Կյանքի ստենտ (Stent for Life) ազգային ծրագրով պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 2.132 սրտի վիրահատություն` ի համեմատ 2018-ի 1.463 վիրահատության: Աճը կազմել է  45.7%:

 

Սառա Հարությունյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ