Գլխավոր էջ Գլխավոր « Prado-ն թա՞նկ մեքենա է. լավ էլի ժողովուրդ ».  ի՞նչ թանկարժեք մեքենաների...

« Prado-ն թա՞նկ մեքենա է. լավ էլի ժողովուրդ ».  ի՞նչ թանկարժեք մեքենաների մասին էր ակնարկում Արսեն Թորոսյանը

5521
0

Առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանին պատկանող, ինչպես նաև նրան սպասարկող մեքենաները շարունակում են հասարակության լայն զանգվածին հետաքրքրությունների առանցքում մնալ:

Ամենաքննարկվողը թերևս նրան սպասարկող Toyota Prado մակնիշի մեքենան էր: Medmedia.am-ը տարեվերջին գրել էր, որ Արսեն Թորոսյանին սպասարկող մեքենան ձեռք է բերվել «Գնումների մասին» օրենքի պահանջների խախտմամբ՝ Սևանի հոգեբուժական հաստատության կողմից, ապա ինչ-ինչ հանգամանքներում հայտնվել նախարարի մոտ:

Օրերս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Toyota Prado-ի մասին բարձրացված աղմուկին և այս ֆոնին իր դեմ ուղղված քննադատություններին նախարարը նշեց, որ նախարարության հաշվեկշռում կան բազմաթիվ մեքենաներ, որոնցից ինքը երբեմն օգտվում է, իսկ այդ պահին էլ ոտքով էր գնալու Հանրապետության հրապարակ:

Իսկ այն դիտարկմանը, որ «Գնումների մասին» օրենքի պահանջներին չի համապատասխանում նշված մեքենան շահագործելը, քանի որ մեքենան թույլատրելիից թանկ է, Թորոսյանը նախ զարմացավ՝ « Prado-ն թա՞նկ մեքենա է, լավ էլի ժողովուրդ », ապա նշեց, որ իր անձնական մեքենաներն այդ Prado-ից ավելի թանկ են:

Այստեղ հետաքրքրական է նաև Թորոսյանի արտահայտած վերջին միտքը՝ իմ մեքենաներն ավելի թանկ են: Թորոսյանի կողմից ներկայացված վերջին հայտարարագիրն (2018թ) ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա վաճառել է նախկինում հայտարարագրված  2 հատ BMW մակնիշի ավտոմեքենա՝ BMW 528 (4,2մլն դրամ) և BMW X5 (8.7 մլն դրամ), սակայն որևէ նոր մեքենա չի գնել: Իսկ նախարարի կնոջ հայտարարագիրն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերջինս հարկային տարվա սկզբին որևէ մեքենա չի ունեցել, իսկ տարեվերջին արդեն հայտարարագրել է 7.8 մլն դրամ արժողությամբ BMW 525 մակնիշի ավտոմեքենա:

Սակայն նշված երեք մեքենաները առանձին վերցված ավելի էժան են, քան 2015թ-ի արտադրության 18 մլն դրամով ձեռք բերված Toyota Prado մակնիշի ավտոմեքենան:

Նախարարը նաև նշել էր, որ նախարարության հաշվեկշռում կա 4 կամ 5 մեքենա: Մինչդեռ 2019թ-ի տարեվերջին «Ինֆորմացիայի ազատություն կենտրոն» Հ/Կ-ի գրավոր հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնել էին, որ 2019թ-ի հոկտեմբերի 16-ի դրությամբ  իրենց հաշվեկշռում կա 8 մեքենա, որից 1-ը ծառայողական, իսկ 7-ը՝ հերթապահ:

Ընդ որում, որպես նախարարին սպասարկող մեքենա հարցման պատասխանում նշված էր 2012թ-ի արտադրության Տոյոտա Քեմրի մակնիշի ավտոմեքենա, մինչդեռ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում նախարարը չհերքեց Toyota Prado մակնիշի մեքենայի առկայության փաստը:

Այստեղ ի թիվս այլ հարցերի հետաքրքիր է, թե ի՞նչ թանկարժեք մեքենաներ ունի նախարար Թորոսյանը, որ 18մլն դրամով ձեռք բերված մեքենային թանկարժեք անվանելը նրա մոտ ծիծաղ է առաջացնում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ