Գլխավոր էջ Նորություններ Իսրայելում մոտ 20 ադրբեջանցի մահակներով և քարերով հարձակվել է խաղաղ հայ ցուցարարների...

Իսրայելում մոտ 20 ադրբեջանցի մահակներով և քարերով հարձակվել է խաղաղ հայ ցուցարարների վրա

294
0

Իսրայելում մոտ 20 ադրբեջանցի մահակներով և քարերով հարձակվել է խաղաղ հայ ցուցարարների վրա, որոնք Հայաստանի և Արցախի դրոշներով ավտոերթ էին իրականացնում` Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Հայր Տիրանը:

«Ավտոերթի ընթացքում Իսրայելում բնակվող մոտ 20 ադրբեջանցիներ 3-4 մեքենաներով կտրել են մեր ցուցարարների ճանապարհը, մահակներով, քարերով սկսել են կոտրել մեքենաները, ինչպես նաև հարվածներ հասցնել մեքենաներում գտնվող հայերին: Մեր ցուցարարների ու իրենց միջև բախում է տեղի ունեցել, որի ընթացքում 4-5 հայ երիտասարդներ միջին և թեթև ծանրության վիրավորումներ են ստացել, իսկ մեր տարեց հայրենակիցներից մեկն ուշագնաց է եղել: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս պահին բոլորն էլ լավ են»,- ասաց Հայր Տիրանը:

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչը նշեց, որ միջադեպի ընթացքում ադրբեջանցիների կողմից պատճառվել է 5-10 հազար դոլարի գույքային վնաս:

«Մեքենաներից մեկը, որն ամենամեծ վնասն է կրել, որովհետև առջևից գնացողն է եղել, որի մեջ եղել են նաև կին և երեխա, մոտ 5-10 հազար դոլարի վնաս է կրել ադրբեջանցիների հարվածների արդյունքում»,- նշեց նա:

Հայր Տիրանը հավելեց, որ բախման ընթացքում դեպքի վայր է ժամանել Իսրայելի ոստիկանությունը, որը ձերբակալել է սադրանքը հրահրած ադրբեջանցիներից մի քանիսին:

Ավտոերթի մասնակիցների վրա հարձակված անձինք եղել են Ադրբեջանի դրոշներով:

Աղբյուրը՝ 168.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ