Գլխավոր էջ Գլխավոր Կակազություն․ ինչպե՞ս խուսափել դրանից․ ներկայացնում է լոգոպեդ Անուշ Բաբայանը

Կակազություն․ ինչպե՞ս խուսափել դրանից․ ներկայացնում է լոգոպեդ Անուշ Բաբայանը

15887
0

Կակազության մասին մանրամասն տեղեկատվություն է ներկայացնում «Լոգոպեդների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, լոգոպեդ Անուշ Բաբայանը։

 Ի՞նչ է կակազությունը

Կակազությունը խոսքի տեմպի, ռիթմի ու սահունության խանգարում է, որն ուղեկցվում է ջղաձգումներով։

Սա կակազության դասական սահմանումներից է։

Ճիշտ խոսքը պետք է ունենա որոշակի տեմպ, ռիթմ, մեղեդայնություն, սահունություն։ Կակազությունը դասվում է խոսքի ծանր խանգարումների շարքին, որի առաջացման պատճառներն ու մեխանիզմները դեռևս ամբողջապես ուսումնասիրված չեն՝ չնայած կակազությունն  այնքան հին է, որքան որ մարդկությունը։

Կակազության մասին հիշատակվում է դեռևս մ․թ․ա․  2-րդ դարում։  Պլուտարխն իր աշխատություններից մեկում նկարագրում է հույն հռետոր Դեմոսֆենին, ով ունեցել է կակազություն։ Դեմոսֆենն իր կակազությունը հաղթահարել և դարձել է հռետոր։

Նա կակազությունը հաղթահարելու համար ծովի քարերը պահելով բերանում փորձում էր խոսել։

Հին հույն պատմաբան Հերոդոտը նշում է, որ արքա  Բատտը  ունեցել է խոսելու խնդիր, նա խոսում էր արագ, անհասկանալի, բաց թողնելով նախադասության վերջավորությունները։

Ըստ էության, նկարագրվում է խոսքի տեմպի և ռիթմի խանգարում, որը  և արքայի անունով  հետագայում անվանվել է բատտարիզմ:

Բոլոր ժամանակներում կակազությունը մեծ հետաքրքրություն է ներկայացրել ինչպես գիտնականների, այնպես էլ կինեմատոգրաֆների համար, ստեղծվել են մի շարք ֆիլմեր, որտեղ փորձել են ներկայացնել կակազությունը և այն հաղթահարելու հնարավորությունները։

Ամենահաջողված ֆիլմերից է 2010թ նկարահանված ռեժիսոր  Թոմ Հուպերի  օսկարակիր «The King’s Speech»(« Король говорит!»)  ֆիլմը, որում դերասան  Քոլին Ֆյորտը մարմնավորում է  Անգլիայի թագավոր Գեորգ 4-րդին , ով կակազել է։ Հերցոգուհիներից մեկը նրան խորհուրդ է տվել դիմել  լոգոպեդ Լայոնել Լոգին, ում օգնությամբ նա հաղթահարել է կակազությունը։  Ֆիլմում Լայոնել Լոգին  մարմնավորում է  օսկարակիր դերասան Ջեֆֆրի Ռաշը։

Շատ կակազողներ,  խնդիրը հաղթահարելով,  դառնում են  դերասաններ, երգիչներ, հռետորներ, հանրության առջև ելույթ ունեցող անձինք։

Այդպիսիք են եղել  Մերլին Մոնրոն, Ռոուեն Ատկինսոնը(Միստեր Բին), Բրյուլս Ուիլսը , Լուիս Քերոլը,  Էնտոնի Հոպկինսը, Ուինստոն Չերչիլը և այլոք։

Կակազության առաջացման մեխանիզմները դեռևս հին դարերում փորձել է  նկարագրել  Հիպոկրատը, ով կարծում էր, որ կակազությունը հետևանք է գլխուղեղում հեղուկի կուտակման։  Արիստոտելը , ենթադրում էր, որ այն առաջանում է  խոսքային ապարատի ծայրամասում առկա ախտահարումների  հետևանքով։

Եղել է ժամանակաշրջան, երբ կարծել են, որ լեզվի, ձայնալարերի, ըմպանի  վիրահատությամբ  կարելի է հաղթահարել կակազությունը, այդ շրջանն անվանվել է կակազությամ բուժման «արյունոտ շրջան»։

Հետո կակազության ուսումնասիրությամբ  սկսել են զբաղվել  հոգեբույժները, որոնք   համարում էին, որ այն առաջանում է  վախի հետևանքով, երբ ջղաձգվում են և փակվում  ձայնալարերը,  կամ արագ են շնչում, կամ  միտքն ու խոսքը համաձայնեցված չեն  լինում իրար հետ։

Ըստ էության, այս մտքով  նկարագրվում է  կակազության ժամանակ  ջղաձգումների տեղակայումը՝ շնչառական, ձայնային կամ արտաբերական ապարատում։

Ըստ հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգման ՝ կակազությունը համարվում է խոսքի խանգարում, որը արտահայտվում է հնչյունների, վանկերի կրկնությամբ կամ երկարացմամբ կամ  խոսքի  հաճախակի կանգերով։

Կակազության հոմանիշներ են  լոգոնևրոզ, լալոնևրոզ։

Ինչևէ , կակազությունը բոլոր ժամանակներում եղել և մնում է  հոգեբանների, լոգոպեդների, նյարդաբանների և հարակից այլ մասնագիտացումների ուսումնասիրության առարկան․ այն միջդիսցիպլինար մոտեցում պահանջող խնդիր է և կակազության հաղթահարման աշխատանքներում պետք է ներգրավված լինի բազմամասնագիտական  պրոֆեսիոնալ թիմ։

 Ի՞նչ  ախտանիշներով  է դրսևորվում կակազությունը

Կակազությունը խոսքի տեմպի, ռիթմի և սահունության խանգարում է, որի ժամանակ կարող է տուժած լինեն խոսքի նշյալ բաղադրիչները՝ տեմպը, ռիթմը, սահունությունը, այսինքն կակազողի խոսքը կարող է տեղ-տեղ ընդհատվել,  կարող են կրկնվել, երկարացվել  հնչյուններ, վանկեր, ինչի  հետևանքով փոխվում է խոսքի  ռիթմը, մեղեդայնությունը, արտահայտչականությունը։

Ջղաձգումները կարող են տեղակայված լինել շնչառական ապարանում՝ բրոնխներ, տրախեաներ, ինչը բերում է կակազության ավելի բարդ դրսևորման, ձայնային ապարատում՝ ձայնալարերի մկաններում, և արտաբերական ապարտում,՝ լեզու , շուրթեր։

 Կակազության ի՞նչ ձևեր կան

Կակազությունը դասակարգվում է որպես խոսքի տեմպի , ռիթմի խանգարում և խոսքի տեմպի և ռիթմի այլ խանգարումներից տարբերվում է նրանով, որ կակազության ժամանակ առկա է ջղաձգական կծկումներ շնչառական, ձայնային կամ արտասանական ապարատում։

Խոսքի տեմպի  ռիթմի ոչ ջղաձգական խանգարումներին են դասվում  պաթոլոգիկ արագախոսությունը կամ դանդաղախոսությունը, բատտարիզմը, որը ժամանակին նույնականացվել է կակազության հետ, պոլտերնը։

Ըստ առաջացման մեխանիզմների՝ տարբերակում են կակազության 2  ձև՝ օրգանական և ֆունկցիոնալ։  Օրգանականը հաճախ նույնականացվում է նևրոզանման , իսկ ֆիզիոլոգիականը  նևրոտիկ կակազության հետ։

Օրգանական կակազությունը կարող է առաջանալ էնցեֆալոպատիաների, տրավմաների հետևանքով, որի ժամանակ գլխուղեղի որոշակի կառույցներում առաջանում է օրգանական ախտահարում, որը բերում է մի շարք նյարդա-հոգեբանական ախտանիշների դրսևորմամբ՝ արտաբերական ապարատի մկանունքի  տոնուսի  առկայություն, ագնոզիաներ, ապրաքսիաներ, պաթոլոգիկ ռեֆլեքսների առկայություն։ Որոշ հեղինակներ կակազության  օրգանական ձևը հնում անվանել են նաև փոքր էպիլեպտիկ նոպա (Ա․ Կուսմաուլ)։

Կակազության օրգանական ձևին բնորոշ է ախտանիշների ստաբիլությունը՝ անկախ իրավիճակից և միջավայրից։

Ֆունկցիոնալ կամ նևրոտիկ կակազության ժամանակ գլխուղեղում առկա չէ օրգանական ախտահարում, այն առավել հաճախ հանդիպում է թույլ նյարդային տիպ ունեցող անձանց մոտ։

Դրսևորում է խոսքի զարգացման բուռն շրջանում, այն է 2-7 տարեկանում։

Այս տարիքը շատ զգայուն  տարիք է, և եթե երեխան ունի նախատրամադրող գործոններ, ապա կարող է նրա մոտ զարգանալ կակազություն։

Ֆունկցիոնալ կակազությունը կրում է ալիքաձև բնույթ, այսինքն, այն կարող է  սուր արտահայտվել՝ բերելով ընդհուպ մինչև խոսքի հաղորդակցական ֆունկցիայի խաթարման , և կարծես թե անհետանալ։

Այս ամենին մեծապես նպաստում է միջավայրը, որտեղ գտնվում է անձը, անձի հոգեկան և նյարդային հավասարակշռությունը։

Կակազությունը ըստ արտահայտման ձևի կարող է լինել տոնիկ՝ երբ հնչյունը, վանկը երկարացվում է (ձգվում է) , կլոնիկ, երբ հնչյունը, վանկը կրկնվում են, կամ խառը, երբ այս 2 ախտանիշներն էլ դրսևորվում են։

 Արդյո՞ք կակազությունը ժառանգական է

Կակազության առաջացման պատճառները կարող ենք խմբավորել 3  մեծ խմբերում՝ կենսաբանական, հոգեբանական և սոցիալական

Կենսաբանական պատճառներից է  օրգանական ախտահարումները, որոնք բերում են կակազության օրգանական ձևի առաջացման,  կենտրոնական նյարդային համակարգի մի շարք հիվանդություններ , ժառանգական նախատրամադրվածությունը,  երեխայի նյարդային տիպը, ձախլիկությունը և այլն

Հոգեբանական պատճառներից  են  անվստահությունը սեփական ուժերին, կամքի բացակայությունը, վախերը՝ մարդկանց, կենդանիների նկատմամբ, գրգռված, ագրեսիվ վարքը  էմոցիոնալ աֆեկտները և այլն

Սոցիալական պատճառներից են միջավայրը, որտեղ մեծանում է երեխան, այդ միջավայրում խոսքի տեմպի ռիթմի խանգարում ունեցող անձի առկայությունը, ծանրաբեռնումը երեխային խոսքային ինֆորմացիայով, չափից ավելի պահանջկոտությունը       ։

Ինչպես տեսնում ենք, ժառանգականությունը համարվում է կենսաբանական պատճառ  սակայն ժառանգականություն ուղղակիորեն կարող է  չառաջացնել կակազություն, այն համարվում է նախատրամադրվածություն առաջացնող պատճառ, և եթե միջավայրը և երեխայի զարգացումը նպաստող գործոն հանդիսանան, ապա այն կարող է դրսևորվել։

Կան կակազող բազմաթիվ ծնողներ, որոնց երեխաները չեն կակազում, կամ հեռավոր  կակազող ազգական  ունեցող երեխան սկսում է կակազել։

Հաճախ  կակազության առաջացման պատճառագիտությունն ուսումնասիրելիս հանդիպում ենք ոչ թե մի պատճառի, այլ, պատճառների խմբի, որոնք նպաստում են խնդրի դրսևորմանը։

Օրինակ եթե երեխան ունի ժառանգական նախատրամադրվածություն և օրինակ շնից վախենում է, երեխայի մոտ կարող է զարգանալ կակազություն, կամ երեխան, ում մոտ ձախլիկությունը փոխել են աջլիկության, այն էլ ստիպողաբար, և չափազանց խիստ են իր նկատմամբ, կամ փոքր տարիքում խոսքային նյութով շատ  են ծանրաբեռնում, կարող է դրսևորվել կակազությունը։

Ինչպես տեսնում ենք, ժառանգականությունը կարևոր գործոն է կակազության դրսևորման համար, սակայն ոչ անպայման։

Ի դեպ տղաների մոտ կակազությունը 3-4 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան աղջիկների։

Արդյո՞ք կակազությունը բուժվում է։

Ինչպես նշեցինք կակազությունը մարդկության պատմության տարբեր ժամանակներում հիշատակվել է և այն հաղթահարելու ուղղությամբ ևս աշխատել են։

Սակայն մինչ օրս ընդհանրական մոտեցում բոլոր  կակազողների խնդիրը հաղթահարելու համար դեռևս չկա։

Բազմաթիվ ուղղություններ են եղել՝ բժշկական, հոգեբանական, լոգոպեդական, ընդհուպ մինչև վիրաբուժական միջամտություն, սակայն կակազութունը հաճախ ռեցեդիվներ  առաջացնող խոսքային խանգարում է։

Այսօր հաճախ է խոսվում է  միջկիսագնդային փոխազդեցության զարգացման մասին, որպես կակազության հաղթահարման կարևոր գործոն։

Ինչևէ, անդրադառնանք կակազության հաղթահարման ուղղություններին։

Կակազության հաղթահարման համար կարևոր է համարվում համալիր  մոտեցումը, ինչը ենթադրում , որ շտկող-վերականգնողական աշխատանքում բազմամասնագիտական թիմի  ներգրավում, և աշխատանքային ուղղվածությունը պետք ներառի արտաբերական շնչառական ձայնային վարժանք, հոգեթերապևվտիկ միջամտություն, դեղորայքային միջամտություն ՝ ըստ անհրաժեշտության։(Ի․ Ա․ Սիկորսկի)

Մասնագետներն օգտվում են կակազության հաղթահարման տարբեր հեղինակների կողմից առաջարկվող մեթոդիկաներից։ Այսօր առավել կիրառական է Լ․ Անդրոնովա-Հարությունյանի, Վ․Մ․ Շկլովսկու, Յ․Բ․  Նեկրասովայի,  Տ․ Գ․ Վիզելի և այլոց  մեթոդական մոտեցումները, որոնք միմյանցից տարբերվում են՝ կախված այն բանից , թե հեղինակը կակազություն առաջացնող որ մեխանիզմներն է փորձում հաղթահարել։

Մեթոդական մոտեցումների ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով կակազող անձի (երեխա, մեծահասակ) տարիքային և անձնական առանձնահատկությունները, կակազության առաջացման ժամանակը, արտահայտման աստիճանը և այլն։

Կակազության հաջող հաղթահարումը մեծապես կախված է տվյալ անձի համար մեթոդիկայի ճիշտ ընտրությունից

Կակազության արտահայտման աստիճանից

Մասնագետին դիմելու ժամկետից

Խնդրի հաղթահարման համալիր մոտեցումից։

  Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին, ինչպե՞ս խուսափել կակազությունից, և եթե անձը կակազում է, ի՞նչ անել

Երեխաները մեր կյանքի ծաղիկներն են, պետք է փայփայենք նրանց, հնարավորինս պաշտպանելով բացասական  ազդակներից։

Երեխաները ունեն խոսքի զարգացման շատ ակտիվ և ԶԳԱՅԱԿԱՆ ՓՈՒԼ,  որը համարվում է 2- 7 տարեկանը,  ցանկալի է այդ տարիքում երեխաներին, ովքեր հատկապես նախատրամադրվածություն ունեն կակազելու, օրինակ ձախլիկ են․ ունեն կակազող  հարազատներ, նյարդային համակարգն ավելի լաբիլ է՝ շուտ հուզվող են, բռնկվող, սոմատիկ հիվանդություններ են տարել զարգացման վաղ շրջանում, բարդություններ է ունեցել մինչծննդյան կամ ծննդյան շրջանում ,ծնողները  նրանց հետ լինեն ավելի ուշադիր, խուսափեն ավելորդ հուզական աֆեկտներից, սթրեսային իրավիճակներից, ձախլիկությունը աջլիկություն դարձնելուց,   խասքային նյութով ծանրաբեռնելուց (հեքիաթներ, պատմվածքներ, բանաստեղծություններ ուսուցանելուց), ավելորդ խստության դրսևորելուց։ Այսինքն՝ ապահովեն միջավայր խոսքի բնականոն և անցնցում զարգացման համար։

Իսկ ծնողները, կամ անձինք, ովքեր առնչվել են կակազության հետ, խորհուրդ կտամ հնարավորինս վաղ դիմեն մասնագիտական օգնության՝ լոգոպեդի, բժշկի, հոգեբանի։ Կոմպետենտ մասնագետը՝ համալիր մոտեցումն ապահովելու նպատակով արդեն մյուս մասնագետներին կարող է ուղղորդել,  խստորեն հետևեն մասնագիտական խորհուրդներին,  ստեղծեն միջավայր խնդիրը հաղթահարելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ