Գլխավոր էջ Գլխավոր Ինչպես նախապատրաստել երեխային դպրոց գնալուն. խորհուրդներ հոգեբանից

Ինչպես նախապատրաստել երեխային դպրոց գնալուն. խորհուրդներ հոգեբանից

2267
0

Շուտով սեպտեմբերի 1-ն է: Որքան ոգևորիչ, կարևոր ու հանդիսավոր իրադարձություն է այն փոքրիկների համար, այնպես էլ ծնողների: Երեխաները առաջին անգամ ոտք են դնում նոր կյանքի փուլ: Կյանքի այդ նոր փուլին երեխային անհրաժեշտ է հոգեպես նախապատրաստել նախօրոք:

Հարմարվելը օրվա նոր ռեժիմին, կոլեկտիվին, կանոններին. երկար քնից, խաղերից հետո այն կարող է որոշակի դժվարություններ առաջացնել: Ինչպե՞ս անել, որպեսզի այդ փուլը անցնի մաքսիմալ հարթ. ներկայացնում է կլինիկական հոգեբան Տաթև Նահապետյանը:
«Շատ ծնողներ կարծում են, որ դպրոցին նախապատրաստվելը  կարդալ, գրել և հաշվել իմանալն է:

Սակայն դա ընդամենը մակերեսային մի մասն է, չէ՞ որ այդ ամենը երեխան դպրոցում էլ կարող է սովորել և առավել մեծ հետաքրքրությամբ, ավելորդ չէ, բայց պակաս կարևոր է: Իրականում դպրոցին պատրաստվելը առավել լայն ասպեկտներ է իր մեջ պարունակում՝ ինչպես իմացական, այնպես էլ հոգեբանական:

Դպրոցում երեխային անհրաժեշտ են այնպիսի հմտություններ, ինչպիսիք են էմոցիաների և ուշադրության վերահսկումը, հարաբերություններ կառուցելը հասակակիցների հետ, ձգտումը սովորելու, ինքնուրույնությունը: Բոլոր այս կետերը չեն ձևավորվում միանգամից, և իհարկե լավ կլինի սկսել զբաղվել այդ ամենով դեռ փոքր հասակից: Այս ամենին կարող է միանշանակ օգնել մանկապարտեզը:

Մանկապարտեզ հաճախող երեխաների համար անցումը դպրոցական կյանքին ավելի հեշտ է լինում:

Մանկապարտեզ հաճախելով՝ երեխան սովորում է հարմարվել նոր միջավայրում, հասակակիցների հետ շփվելով ձեռք է բերում անհրաժեշտ սոցիալական, կոմունիկատիվ հմտություններ: Ձևավորվում է նաև մեծահասակների հետ շփման նրբությունները: Երեխան կարողանում է ինքնուրույն հաղթահարել կոնֆլիկտները, կառուցել նոր ընկերություն: Եթե տանը միշտ նա է իրադրության տերը, ապա մանկապարտեզում նա փորձում է համագործակցել, սովորում է զիջել, կիսել ու հարմարվել: Երեխան դիսցիպլինա է սովորում, կարգուկանոն,  կարողանում է ինքնուրույն լինել, զարգանում է «ես կարող եմ» արտահայտությունը:

Այդ ամենը առաջացնում է մոտիվացիա և իջեցնում տագնապայնությունը:

Մանկապարտեզի բացակայությունը կարող է հանգեցնել շփման խնդիրների, ադապտացիայի խնդիրների:  Եթե երեխան չի գնացել մանկապարտեզ, լավ կլինի նրան տանել զարգացման կենտրոններ, կամ խաղահրապարակներ և սովորեցնել ինչպես ծանոթանալ և շփվել երեխաների հետ, ինչպես հարմարվել կանոններին: Բացատրել՝ ինչ բան է դասապրոցես և դասամիջոց: Իհարկե այս ամենը շատ անհատական է և կախված է երեխայի հոգեէմոցիոնալ վիճակից:

Մինչեւ սեպտեմբերի 1-ն այցելե՛ք երեխայի հետ այն դպրոցը, որտեղ նա պետք է սովորի: Ցո՛ւյց տվեք նրան իր ապագա դպրոցի շենքը, դասասենյակը, դասամիջոցների անցկացման վայրերը: Պատմե՛ք նրան դպրոցի առավելությունների մասին, ընկերներ ձեռք բերելու և գիտելիք ստանալու արժեքների մասին:

Մեր հասարակության մեջ ամրացած եւ կարծրացած մի մոտեցում կա, որի համաձայն՝ դպրոցը միայն գիտելիք ստանալու համար է: Թե՛ ծնողներից, թե՛ ուսուցիչներից շատերը շեշտը դնում են գիտելիքի վրա: Սակայն ոչ պակաս, թերեւս նույնիսկ առավել կարեւոր են ոչ թե դպրոցում ձեռք բերված գիտելիքները, այլ այն հարաբերությունները, որոնք երեխան կձեւավորի դպրոցական տարիքում: Դպրոցը միջավայր է, որտեղ ձեւավորվում է ձեր երեխայի հուզական աշխարհը: Խոսե՛ք երեխայի հետ, թե ինչքան լավ կլինի, երբ նա դպրոց գնա, քանի որ նոր ընկերներ ձեռք կբերի: Խոսե՛ք նրա հետ հույզերի եւ զգացմունքների մասին:

Անպայման երեխային նախապես հարմարեցնել քնի ռեժիմին, գոնե մեկ-երկու շաբաթ առաջ:

Միասին սկսեք պատրաստվել դպրոցին՝ դպրոցական պարագաները գնեք միասին, դասավորեք պայուսակը, անպայման թույլ տվեք երեխան ինքն ընտրի»:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ