Գլխավոր էջ Գլխավոր Հիգիենան և խնամքը հղիության ընթացքում

Հիգիենան և խնամքը հղիության ընթացքում

4114
0

Հղիության ընթացքում, ինչպես նաև ծննդաբերությունից հետո կնոջ արտաքին տեսքում առաջանում են փոփոխություններ, որոնք հանգեցնում են մի շարք թերությունների՝ ինչպիսիք են գիրությունը, մարմնի ուրվագծերի տձևությունը, մաշկի վրա պիգմենտային բծերը՝ դեմքին, զոլերը որովայնի առաջային պատին և այլուր, և այլն:

Ուստի մեծ նշանակություն ունի այն վարքն ու խնամքը, որին դիմում է կինը հղիության ժամանակ՝ կազմվածքը և մաշկի թարմությունը պահպանելու համար: Շատ թերություններից կարելի է խուսափել կամ լիովին կանխել դրանց դրսևորումը, եթե հղի կինը ծանոթ է մի շարք հիգիենիկ կանոններին, որոնք պետք է պահպանել ամեն օր:

Չափից ավելի գիրությունը հղիության ժամանակ ունի ոչ միայն գեղագիտական, այլև բժշկական նշանակություն և սերտորեն կապված է սնվելու հետ: Երբ գիրանալու հետևանքով մարմինը ծածկվում է ճարպի հաստ շերտով, նման կանանց մոտ ծննդաբերությունը կարող է բարդություններով ուղեկցվել, իսկ երեխայի ծնվելուց հետո նիհարելը դժվարանում է:

Հղիության ժամանակ չպետք է առանց խտրականության ընդունել մեծ քանակությամբ բարձր կալորիականությամբ մթերքներ, ինչպես օրինակ յուղ, կաթի սեր, քաղցրավենիք և այլն: Հղի կինը պետք է պարբերաբար կշռվելու միջոցով վերահսկի իր մարմնի քաշը: Առաջին երեք ամիսների ընթացքում քաշը պետք է ավելանա 1,5-2կգ-ով, այնուհետև մարմնի ավելացումը ամսեկան չպետք է անցնի 1կգ-ից:

Ընդ որում ամբողջ հղիության շրջանում քաշի ավելացումը չպետք է գերազանցի 9-12կգ-ը: Հղի կինը պետք է հետևի իր սովորական ռեժիմին, բայց մաքուր օդում գտնվելը և քունը անհրաժեշտ է ավելացնել: Հղի կնոջ մաշկի խնամքը մեծ մասամբ նման է սովորական հիգիենիկ խնամքին, որը յուրաքանչյուր կին պետք է պահպանի:Պետք չէ Ձեր օրգանիզմը ծանրաբեռնել տարբեր կոսմետիկ պրոցեդուրաներով: Բայց, միևնույն ժամանակ, պետք չէ զոհաբերել արտաքինը:

Հղիության ընթացքում հաճախ առաջանում են պիգմենտացիայի լաքաներ ոչ միայն պտուկների շրջակայքում, այլ նաև որովայնի, կրծքի և դեմքի վրա: Շատ հաճախ սա անհանգստացնում է կանանց: Դրա միակ պատճառը օրգանիզմի հորմոնալ փոփոխություններն են: Որպեսզի ավելորդ անգամ պրովակացիայի չենթարկեք Ձեր զգայուն մաշկը, ավելի լավ է խուսափել արևի հպումից բաց մաշկին:

Այդ իսկ պատճառով օգտվեք միայն հղիների համար նախատեսված քսուկներից: Ապագա մայրիկների մարմնի որոշ մասերում առաջանում է ձգվածություն (ստրիաներ): Հիմնականում դրանք հայտնվում են որովայնի կողային մասերում, կրծքի վրա և կոնքամասերում: Գերձգվածության առաջացումն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մաշկին չի հերիքում էլաստիկությունը, որպիսի «հասցնի» բավականաչափ ձգվել: Ամեն բան, որպես կանոն, զարգանում է շատ արագ: Լինում եմ դեպքեր, երբ առավոտյան կանայք արդեն արթնանում են գերձգվածությամբ:

Դրա համար շատ կարևոր է հետևել քաշին հղիության առաջին շաբաթների ընթացքում: Նաև ապագա մայրերին խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ հակաձգողական քսուկներ ցորենի սերմերի հավելումով և եթերայուղերով: Հաճախ ապագա մայրիկների օրգնիզմին չեն հերիքում բավականաչափ վիտամիններ և միկրոէլեմենտներ: Եվ, իհարկե, առաջին հերթին դա արտացոլվում է մազերի և եղունգների վրա: Դրանք դառնում են դյուրաբեկ և փխրուն, մազերը սկսում են թափվել, իսկ եղունգները կոտրվում են:

Այստեղ օգնության կգան բնական ծագում ունեցող վիտամինները` բանջարեղենները և մրգերը: Կալցիումը, օրինակ, ոչ միայն կաթնամթերքի մեջ է պարունակվում, այլև մաղադանոսի, սերմերի, քնջութի յուղի, ձկան, չրերի, սև հացի մեջ: Հղիության շրջանում հարկավոր է օրական 2 անգամ և ամեն դեֆեկացիայից ու միզելուց հետո սեռական օրգանները լվանալ ջրով կամ հատուկ միջոցներով:

Ներքնաշորը պետք է կարված լինի միայն բնական թելերով գործվածքից, նախընտրելի է` բամբակյա: Հղիության ընթացքում ֆիզիկական մտերմության, սեռական կյանքի վերաբերյալ խորհուրդները կախված են ապագա մոր ունեցած հակացուցումներից:

Պետք է զերծ մնալ սեռական հարաբերությունից, եթե կինը ունի`

  • Ներկա հղիության ընդհատման սպառնալիք
  •  սեռական ուղիներից եկող արյունային արտադրություն
  •  կրկնվող վիժումներ անամնեզում
  •  Առաջադիր ընկերք կամ ցածր տեղակայում ունեցող ընկերք
  • պտղաթաղանթների պատռվածք
  •  իսթմիկոցերվիկալ անբավարարություն:

Հակացուցումների բացակայության և հղիության բնականոն ընթացքի դեպքում լիովին թույլատրելի է սեռական կյանք վարել: Առողջ եղեք

Նյութի հեղինակ՝ Մանկաբարձություն և գինեկոլոգիայի կլինիկական օրդինատոր Անի Երեմյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ