Գլխավոր էջ Նորություններ Ամբողջ ավտոբուսը վարակվել էր

Ամբողջ ավտոբուսը վարակվել էր

1567
0

«Օրինակ մենք վերջերս ունեցանք դեպք, երբ մարդիկ գնացել էին Տաթևի վանք էքսկուրսիայի և ամբողջ ավտոբուսը վարակվել էր: Այնուհետև այդ հիվանդը գնացել էր հոգեհանգստի արարողության և Սիսիանում հիմա խնդիր ունենք»,- այսօր ասուլիսում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

Վերջինս ներկայացրած օրինակի վրա փաստեց, որ քաղաքացիները միշտ պետք է զգոն լինեն նման իրավիճակներ չստեղծելու համար:

Պարոնյանի խոսքով, կենտրոնի տարածքային մարմինների աշխատակիցները նման դեպքերում վեր են հանում կոնտակտավորներին և առաջարկում են ինքնամեկուսանալ:

«Վերջին 2 շաբաթվա ընթացքում աճ չի արձանագրվել 6-ից 17 տարեկանների տարիքային խմբում»,- հայտնեց Լուսինե Պարոնյանը և շեշտեց, որ հակառակ միտում է նկատվել՝ սեպտեմբերի առաջին կեսի հետ համեմատած դեպքերը նվազել են:

Հայտարարելով, որ դեռ վաղ է  եզրակացություններ անելը՝ բանախոսը շեշտեց, որ  բոլոր դեպքերում նախարարությունը կորոնավիրուսի վարակի դեպքերի թվերի բարձրացումը դպրոցների բացման հետ չի կապում: Նրա խոսքով, դրանք կապած են վարակների սեզոնային աճի և հակահամաճարակային սահմանափակումների մեղմման հետ:

«Գիտեք, որ հարսանիքներ են անում, բազմամարդ հոգեհանգստի արարողություններ, որոնց դեպքում սանիտարահամաճարակային այդ երեք պարզ պայմանները չեն պահպանվում»,- հայտարարեց բաժնի պետը:

Լուսինե Պարոնյանը, պատասխանելով թեստավորման արժեքի վերաբերյալ լրագրողի հարցին, նկատեց, որ կիրառվող մեթոդով հետազոտությունը բավականին թանկ է և պետությունը մեծ բեռ է վերցրել իր վրա՝ այդ ճանապարհով փորձելով նվազեցնել ռիսկերը: Նա չկարողացավ հստակ ասել, թե ինչ է արժենալու ուսուցիչների մեկ թեստավորումը, քանի որ այն կախված է նրանից, թե դրանք տեղական արտադրության են, թե՝ արտասհմանյան:

Ասուլիսի վերջում Լուսինե Պարոնյանը, որպես մայր ու քաղաքացի, խնդրեց, որպեսզի բնակչությունը պահպանի հակահամաճարակային պարզագույն  երեք կանոնները՝ սոցիալական հեռավորությունը, դիմակների ճիշտ կրելը և ձեռքերի հաճախակի ախտահանելը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ