Գլխավոր էջ Uncategorized Մադրիդը լրացուցիչ բժիշկներ է խնդրում կորոնավիրուսի դեպքերի աճին դիմակայելու համար

Մադրիդը լրացուցիչ բժիշկներ է խնդրում կորոնավիրուսի դեպքերի աճին դիմակայելու համար

412
0

Իսպանիայի Մադրիդ նահանգում անհրաժեշտություն կա անհապաղ աշխատանքի վերցնել հարյուրավոր օտարերկրացի բժիշկների և համալրել ոստիկանության ուժերը կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մադրիդը չի բացառում, որ մասնակի լոքդաունը կարող է տարածվել նաև այլ շրջանների վրա։

Վերջին 24 ժամում Իսպանիայում հաստատված 4143 նոր դեպքերի շուրջ մեկ քառորդը բաժին է ընկնում Մադրիդին․ նահանգում կորոնավիրուսի 1290 նոր դեպք է հաստատվել։

Իսպանիայի մայրաքաղաքն ամենաշատն է տուժել կորոնավիրուսի երկրորդ ալիքից։ Մադրիդը սեպտեմբերի 21-ից սահմանափակել է տեղաշարժը մի քանի շրջանների միջև, ինչն անդրադարձել է շուրջ 850 հազար մարդու վրա։ Մադրիդի իշխանությունները կենտրոնական կառավարությունից խնդրել են զինվորականներին ներգրավել մայրաքաղաքում կորոնավիրուսի դեմ պայքարի գործում։

Գործակալությունը հաղորդում է, որ Իսպանիայում կորոնավիրուսի մինչ օրս հայտնաբերված դեպքերի մեկ երրորդը բաժին է ընկնում Մադրիդին։ Հունիսին համազգային կարանտինի ավարտից հետո Իսպանիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը սկսել է աճել և գերազանցել է 690 հազարը, ինչն ամենաբարձր թիվն է Արևմտյան Եվրոպայում։ Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 31 հազարը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ