Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս խնամել մաշկը բշտիկներից խուսափելու համար

Ինչպե՞ս խնամել մաշկը բշտիկներից խուսափելու համար

537
0

Բշտիկներն ու կորյակները բավական տարածված խնդիր են, որոնք սովորաբար ասոցացվում են հորմոնալ խնդիրների, դեռահասության շրջանի կամ սխալ սննդի գործածության հետ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ նման խնդրի կարող են բախվել բոլորը։ Բշտիկների առաջացման հավանականությունը հատկապես բարձր է լինում յուղոտ ու խնդրահարույց մաշկ ունեցողների մոտ, ուստի նման մաշկ ունեցողները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն մաշկի խնամքին։

Մասնագետները ներկայացրել են մի քանի պարզ խորհուրդ, որոնց հետևելու դեպքում հնարավոր կլինի ազատվել բշտիկներից ու խուսափել դրանց հետագա առաջացումից անգամ չափազանց զգայուն ու հաճախ բորբոքվող մաշկ ունենալու դեպքում։

Ձեռքերով չդիպչել բշտիկներին

Բշտիկների ու կորյակների առաջացման դեպքում շատերը փորձում են մաքրել դրանց պարունակությունը սեղմելով մաշկը, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ «բուժման» նման մեթոդը ոչ միայն չի նպաստի մաշկի ապաքինմանը, այլև կհանգեցնի նոր բշտիկների առաջացման ու բորբոքման տարածման։ Մաշկաբանների խոսքով՝ նույնքան վտանգավոր է նաև պարզապես բորբոքված մաշկին հաճախ ձեռքերով դիպչելը, քանի որ սա ևս կարող է երկարացնել ապաքինման գործընթացը, հանգեցնել նոր բշտիկների առաջացման ու դառնալ սպիների առաջացման պատճառ։

Օգտագործել բուրավետիչներ չպարունակող խնամքի միջոցներ

Արհեստական բուրավետիչները խիստ վնասակար են մաշկի համար։ Նման նյութեր պարունակող քսուքների, մաքրող միջոցների և խնամքի այլ պարագաների գործածությունը կարող է շատ արագ գրգռել մաշկն ու դառնալ բորբոքման պատճառ, ուստի դրանցից հարկավոր է խուսափել։

Խուսափել յուղային հիմքով խոնավացնող քսուքներից

Մաշկի խանավացումը շատ կարևոր է, սակայն յուղեր պարունակող քսուքներից հարկավոր է հնարավորինս խուսափել։ Բանն այն է, որ նման քսուքներում պարունակվող յուղերը խցանում են մաշկի ծակոտիները, ինչի հետևանքով այն չի մաքրվում բակտերիաներից ու չի «շնչում»։ Նման տհաճ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է օգտագործել բնական խոնավացնող միջոցներ, որոնք չեն խցանում ծակոտիներն ու ներծծվում են՝ խոնավացնելով ու սնուցելով մաշկը։ Այս դեպքում շատ արդյունավետ կարող են լինել կոկոսյան ընկույզի յուղը, եթերային յուղերն ու հալվե վերայի գելը։

Հետևել օրգանիզմում ջրային բալանսին

Բշտիկների դեմ պայքարում շատ կարևոր է նաև բավարար քանակությամբ ջուր խմելը, քանի որ այն օգնում է պահպանել մաշկի խոնավությունը։ Բացի այդ, ջուրը նաև հարկավոր է օրգանիզմի դետոքսիկացիայի բնական մեխանիզմների ակտիվացման համար, որոնց շնորհիվ այն ազատվում է տոքսիններից ու կենսագործունեության խանգարումներից։ Ջրի պակասի դեպքում օրգանիզմն ինչպես հարկն է չի մաքրվում վնասակար տարրերից, ինչն էլ հանգեցնում է մաշկի վիճակի վատթարացման։

Սովորել պայքարել սթրեսի դեմ

Սթրեսը չի առաջացնում բշտիկներ, սակայն դրանց առկայության դեպքում այն կարող է էլ ավելի վատթարացնել մաշկի վիճակը։ Սթրեսի դեպքում բշտիկներն ու առհասարակ վերքերը կարող են զգալիորեն ավելի երկար ապաքինվել։ Ավելին՝ անգամ քնի պակասն այդքան վատ չի անդրադառնում ապաքինման գործընթացի վրա, որքան սթրեսը։ Կանանց դեպքում սաստիկ սթրեսը կարող է անգամ հորմոնալ դիսբալանսի պատճառ դառնալ, իսկ նման լուրջ խանգարումը հաճախ է ուղեկցվում բշտիկների առաջացմամբ ու մաշկային բորբոքումներով։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ