Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր բնական միջոցները կօգնեն պայքարել բշտիկների դեմ

Ո՞ր բնական միջոցները կօգնեն պայքարել բշտիկների դեմ

1013
0
Բշտիկներն ու կորյակներն սովորաբար ասոցացվում են դեռահասության շրջանի և հորմոնալ տատանումների հետ, սակայն խնդիրն այն է, որ դրանց առաջացումը որևէ կապ չունի տարիքի հետ, ուստի նման խնդիրներ կարող են առաջանալ յուրաքանչյուրի մաշկին ՝ դառնալով շատ տհաճ «անակնկալ»: Մաշկային այս խնդրի առաջացումը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, այդ թվում նաև սթրեսով, սխալ սննդակարգով ու գենետիկ նախատրամադրվածությամբ, ուստի դրանց առկայությունը պետք չէ կապել բացառապես հորմոնալ տատանումների հետ։

Մասնագետների խոսքով՝ առողջ մաշկ ունենալու համար հարկավոր է ուշադրություն դարձնել տարբեր գործոններին, որոնց շարքին է դասվում նաև մաշկի ճիշտ խնամքը, սակայն շատ հաճախ մարդիկ կիրառում են պատրաստի խնամքի միջոցներ, որոնք ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև էլ ավելի են վատթարացնում մաշկի վիճակը։ Բացի այդ, նմանատիպ միջոցները հաճախ նաև մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում և կարող են շատ վտանգավոր լինել, սակայն բարեբախտաբար գոյություն ունեն նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք օգնում են պայքարել բշտիկների ու մաշկի բորբոքումների դեմ՝ թույլ տալով ձեռք բերել առողջ, հարթ ու փայլուն մաշկ։ Նման միջոցները ոչ միայն արդյունավետ են ու հասանելի, այլև չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Թեյի ծառի յուղ

Այս յուղը հրաշալի բնական միջոց է բշտիկների դեմ պայքարի համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ թեյի ծառի յուղն օժտված է հակաբշտիկային ազդեցությամբ, ինչն էլ պայմանավորված է դրա հակաբակտերիալ ու հակաօքսիդանտային հատկություններով։ Բացի այդ, այն նաև հանգստացնող ազդեցություն է ունենում՝ օգնելով ազատվել անգամ ամենախորը ու ցավոտ բշտիկներից։ Թեյի ծառի յուղի միջոցով բշտիկների դեմ պայքարելու համար հարկավոր է պարզապես օրական երկու անգամ ՝ առավոտյան ու երեկոյան քնելուց առաջ քսել այն մաշկի ախտահարված հատվածներին։

Հալվե վերա

Հալվե վերան օժտված է հակաբորբոքային հատկություններով ու բուժիչ ազդեցություն է ունենում մաշկի վրա, ինչի շնորհիվ համարվում է բշտիկների ու մաշկային այլ խնդիրների դեմ պայքարի լավագույն բնական միջոցներից մեկը։ Պարզապես հարկավոր է հալվե վերայի գելը քսել մաշկի բորբոքված հատվածներին ցավոտ զգացողությունները մեղմելու համար։ Բացի այդ, այս բույսը հիանալի միջոց է մաշկի ավելորդ յուղոտության դեմ պայքարի համար։

Հազրեվարդ

Հազրեվարդի յուղը լայն կիրառում ունի կոսմետոլոգիայում և հաճախ է ներառվում բշտիկների դեմ պայքարի համար նախատեսված տարբեր խնամքի միջոցներում։ Սա պայմանավորված է նրանով, որ այս յուղն օգնում է խոնավացնել մաշկն ու կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ առանց որևէ հավելման կիրառելու դեպքում այն քայքայում է Cutibacterium acnes բակտերիաները, որոնք ակնեի զարգացման հիմնական պատճառներից մեկն են համարվում։ Բացի այդ, այս յուղն օժտված է նաև գունաբացող հատկություններով, ուստի օգնում է պայքարել պիգմենտային հետքերի և բշտիկներից առաջացած մուգ հետքերի դեմ։ Հազրեվարդի յուղով մաշկը բուժելու համար պարզապես հարկավոր է օրական մի քանի անգամ քսել այն մաշկի ախտահարված հատվածներին։

Մեղր

Իր հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ մեղրը հազարամյակներ շարունակ լայն կիրառում է ունեցել ժողովրդական բժշկության մեջ։ Այն նաև հակաօքսիդանտների հզոր աղբյուր է, որն օգնում է մաքրել մաշկի ծակոտիները կուտակված կեղտից, ճարպից ու վնասակար տարրերից։ Պարզապես հարկավոր է քսել այն մաշկի աղտոտված հատվածներին։ Ավելին՝ մեղրը կարելի է համադրել նաև հալվե վերայի հետ՝ ստանալով հիանալի դիմակը մաշկը մաքրելու, սնուցելու և ապաքինման գործընթացն արագացնելու համար։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ