Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ է ալկոհոլը հանգեցնում անհանգստության և կոգնիտիվ խանգարումների զարգացման

Ինչու՞ է ալկոհոլը հանգեցնում անհանգստության և կոգնիտիվ խանգարումների զարգացման

460
0

Պորտուգալացի գիտնականները հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ալկոհոլի կանոնավոր գործածությունը հանգեցնում է նեյրոնային կապերի քայքայման, ինչի հետևանքով նկատվում է կոգնիտիվ գործառույթների թուլացում ու անհանգստության զգացում։ Ինչպես հաղորդում է РИА «Новости»-ն, հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Signaling պարբերականում։

Հետազոտության շրջանակներում Պորտուի համալսարանի նյարդակենսաբանները 10 օր շարունակ արու կրծողներին 5-ական բաժին ոգելից խմիչք են տվել, որը հավասարազոր է մարդու համար մեկ բաժակ գարեջրին։ Գիտափորձի վերջին օրը մասնագետները հետազոտել են մկների գլխուղեղն ու նկատել, որ ալկոհոլն ակտիվացնել է միկրոգլիան՝ կենտրոնական նյարդային համակարգի այն բջիջները, որոնք հայտնաբերում ու ոչնչացնում են միկրոօրգանիզմները։ Սակայն ակտիվացված իմունային բջիջները կլանում ու ոչնչացնում էին պերֆրոնտալ կեղևում գտնվող նեյրոնների միջև եղած կապող սինապսները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նման խանգարումներով կրծողներն ավելի անհանգիստ էին և ունեին կոգնիտիվ խնդիրներ։

Ավելի ուշ անցկացված հետազոտությունները թույլ են տվել պարզել, որ գլխուղեղի այդ բջիջների ակտիվացումից հետո մկների օրգանիզմում խթանվել է TNF մոլեկուլի ձևավորման գործընթացը։ Այդ մոլեկուլի ճնշման համար պոմալիդոմիդ դեղամիջոցի գործածությունից հետո մկներն ավելի հանգիստ վարք են դրսևորել, իսկ գլխուղեղի աշխատանքի խանգարումները կարգավորվել են։ Նմանատիպ արդյունք է նկատվել նաև այդ մոլեկուլը կոդավորող Tnf գենի ակտիվությունն անջատելուց հետո։

Մասնագետների խոսքով՝ նախկինում էլ էր հայտնի, որ մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործող մարդկանց գլխուղեղում գտնվող իմունային բջիջները գերակտիվ են լինում, սակայն պարզ չէր, թե ինչպես է միկրոգլիան նպաստում գլխուղեղի վնասմանը։ Նոր հետազոտությունը ոչ միայն մոլեկուլյար մակարդակով բացատրում է ալկոհոլ օգտագործող մարդկանց անհանգստության պատճառները, այլև առաջարկում է այս խնդրի դեմ պայքարի որոշակի մեթոդներ։

«Մեր գիտական աշխատանքը ենթադրում է, որ FDA-ի կողմից հավանության արժանացած որոշ դեղամիջոցներ, որոնք կիրառվում են կլինիկական պրակտիկայում, կարող են արգելակել գլխուղեղի վնասման գործընթացը և նվազեցնել անհանգստության մակարդակը, որոնք պայմանավորված են ալկոհոլի չարաշահմամբ», — նշում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Կամիլա Պորտուգալը։

Այժմ գիտնականները մտադիր են շարունակել հետազոտությունները, ուստի հաջորդ անգամ գիտափորձին կներառվեն ոչ միայն արու կենդանիները, այլև էգերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ