Գլխավոր էջ Uncategorized Ո՞ր սննդամթերքները կօգնեն նվազեցնել սրտի իշեմիկ հիվանդության առաջացման հավանականությունը

Ո՞ր սննդամթերքները կօգնեն նվազեցնել սրտի իշեմիկ հիվանդության առաջացման հավանականությունը

425
0

Սրտի իշեմիկ հիվանդությունն այս օրգանի ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը բնորոշվում է սրտամկանին մատակարարվող արյան մակարդակի նվազմամբ։ Սա ամենամահաբեր հիվանդությունն է սրտանոթային հիվանդությունների շարքում, ուստի ռիսկային խմբում գտնվողներին խորհուրդ է տրվում օր առաջ միջոցներ ձեռնարկել այս վտանգավոր ախտաբանության զարգացումից խուսափելու համար։

Սրտի իշեմիկ հիվանդության զարգացումը կանխող լավագույն միջոցներից մեկը մագնեզիումով հարուստ սննդամթերքի գործածությունն է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս տարրը զգալիորեն նվազեցնում է հիվանդության զարգացման հավանականությունը, ուստի օրական բավական մեծ քանակությամբ մագնեզիում ստանալը շատ կարևոր է օրգանիզմի համար։

Մագնեզիումի հիմնական գործառույթներից մեկը մկանների, այդ թվում նաև սրտամկանի աշխատանքի պահպանումն է։ Գիտնականները պարզել են, որ մագնեզիումի բարձր մակարդակը կապված է սրտի իշեմիկ հիվանդության զարգացման հավանականության նվազման հետ, ուստի սննդակարգում մագնեզիումով հարուստ մթերք ներառելը շատ կարևոր է։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս տարրի բարձր պարունակությամբ ամենատարածված սննդամթերքի տեսակները, որոնք կօգնեն նվազեցնել սրտի իշեմիկ հիվանդության զարգացման հավանականությունը, ինչպես նաև կպաշտպանեն մկանային սպազմներից ու ջղաձգումներից։

Տերևավոր բանջարեղեն

Սպանախը, կաղամբի տարբեր տեսակներն ու առհասարակ տերևավոր բանջարեղենը մագնեզիումի հարուստ աղբյուր են, ուստի դրանց գործածությունը սննդակարգում կարող է շատ օգտակար լինել առողջության համար։

Լոբազգիներ

Լոբազգիները հարուստ են ոչ միայն մագնեզիումով, այլև մանրաթելերով, սպիտակուցներով ու տարատեսակ այլ օգտակար հանքանյութերով, ուստի կարող են շատ առողջարար լինել։

Ընկույզներ

Մեծ քանակությամբ մագնեզիումի ու սպիտակուցների շնորհիվ տարատեսակ ընկույզները շատ օգտակար են առողջության համար ու արդյունավետ կերպով պահպանում են առողջ մկանային գործառույթները։

Սերմեր

Մագնեզիումով հարուստ են նաև սերմերը։ Օրինակ՝ արևածաղկի սերմերն այս հանքանյութի պարունակությամբ գերազանցում են ընկույզներին։

Տոֆու

Սոյան, որից պատրաստվում է տոֆուն, բավական տարածված մթերք է մարզիկների շրջանում, ինչը պայմանավորված է նրանով, որ այն հարուստ է մագնեզիումով ու սպիտակուցներով։ Ընդ որում՝ մագնեզիումի պարունակությունն այս մթերքում զգալիորեն ավելի բարձր է, քան ձկան կամ մսի մեջ։

Բանան

Այս համեղ ու օգտակար միրգն օրգանիզմի համար կարևոր մի շարք հանքանյութերի հարուստ աղբյուր է։ Դրանում հատկապես բարձր է կալիումի ու մագնեզիումի պարունակությունը, ուստի այն շատ օգտակար է սրտանոթային համակարգի համար։

Վարսակ

Վարսակը նույնպես հարուստ է մագնեզիումով, ուստի վարսակով շիլային բանան կամ սերմեր ավելացնելու դեպքում կարելի է ստանալ շատ օգտակար նախաճաշ, որը կհագեցնի օրգանիզմը հսկայական քանակությամբ մագնեզիումով։ Սակայն հարկ է հիշել, որ հարկավոր է նախապատվությունը տալ ամբողջահատիկ ու երկար եփվող վարսակին, քանի որ այն շատ ավելի օգտակար է, քան վարսակի փաթիլները։

Մուգ շոկոլադ

Մուգ շոկոլադն առհասարակ շատ համեղ ու օգտակար քաղցրավենիք է, որը խորհուրդ է տրվում ներառել սննդակարգում։ Այն հարուստ է բազմաթիվ կարևոր նյութերով, իսկ մեծ քանակությամ մագնեզիումի շնորհիվ շատ օգտակար է մկանային համակարգի, այդ թվում նաև սրտամկանի համար։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ