Գլխավոր էջ Նորություններ Պարացետամոլը բացասաբար է ազդում ուղեղի վրա

Պարացետամոլը բացասաբար է ազդում ուղեղի վրա

424
0

Պարացետամոլը, որը շատերն են օգտագործում ջերմաստիճանը եւ ցավը նվազեցնելու համար, կարող է բացասաբար ազդել ուղեղի վրա, խթանել ռիսկային վարքագիծը եւ նվազեցնել ճանաչողական գործառույթը: Այս մասին զգուշացնում են Օհայոյի համալսարանի գիտնականները:

Ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի` այդպիսի բացասական ազդեցություն կարող են ունենալ նաեւ ստատինները` դեղամիջոցներ, որոնք իջեցնում են խոլեստերինի մակարդակը:

Վերոնշյալ գիտնականները փորձարկում են անցկացրել 500 կամավորի վրա: Մի մասին տրվել է պարացետամոլ, մյուսներին` պլացեբո, որից հետո նրանց խնդրել են փուչիկներ փչել` դրամական պարգեւ ստանալու դիմաց: Որքան մեծ էր փչված փուչիկը, այդքան կամավորներն ավելի շատ էին ստանում, բայց եթե փուչիկը պայթում էր, ապա նրանք ընդհանրապես ոչինչ չէին ստանում: Պարզվել է, որ պարացետամոլ ընդունող մարդկանց մեջ շատերը պատրաստ էին ռիսկի դիմել եւ հնարավորինս փչել փուչիկը: Ինչպես եւ սպասվում էր, կամավորների այս խմբում փուչիկները զգալիորեն ավելի հաճախ էին պայթում, քան պլացեբո ընդունածների խմբում:

Ապա մասնակիցներին խնդրել են գնահատել մի քանի հիպոթետիկ իրադարձությունների ռիսկը, ինչպիսիք են մեծ բարձրությունից թռիչքը կամ առանց ամրագոտու ավտոմեքենա վարելը: Ինչպես եւ առաջին փորձի ժամանակ` պարացետամոլ ընդունածները համարժեք չեն գնահատել իրադարձությունների ռիսկայնությունը: Գիտնականների կարծիքով` այս ամենը կարող է այն փաստի արդյունքը լինել, որ պարացետամոլը մարում է բացասական հույզերը եւ նվազեցնում անհանգստությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ