Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ֆրանսիայում կորոնավիրուսի բռնկումների պատճառով փակել են դպրոցների 2100 դասարաններ

Ֆրանսիայում կորոնավիրուսի բռնկումների պատճառով փակել են դպրոցների 2100 դասարաններ

412
0

Ֆրանսիայում կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկումների պատճառով դպրոցների 2100 դասարաններում պարապմունքները դադարեցրել են։ Այս մասին LCI հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է երկրի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկերը։ Իշխանությունների տեղեկացմամբ՝ COVID-19-ի պատճառով Ֆրանսիայում ամբողջությամբ փակել են 81 ուսումնական հաստատություններ։

Ժան-Միշել Բլանկերը նշել է, որ ուսումնական տարվա սկզբից COVID-19-ի ախտորոշման դրական թեստ են ունեցել 1200 աշակերտներ։ Դասարանը փակելու որոշում կայացվում է այն դեպքում, եթե կորոնավիրուսը հաստատվում է նվազագույնը երեք աշակերտի մոտ, փոխանցում է RFI-ն։

Ֆրանսիական դպրոցներում դասերը վերսկսվել են սեպտեմբերի 1-ին։ Ուսումնական հաստատությունների բոլոր աշխատակիցները, ինչպես նաեւ միջին ու ավագ դասարանների աշակերտները պարտավոր են դիմակ կրել։ Տարրական դասարանների աշակերտներն այս պահանջին չպետք է հետեւեն։

Les Echos-ը հայտնում է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի նոր բռնկումներ են գրանցվում նաեւ համալսարաններում։ Երբ COVID-19-ը հաստատվել է ոչ պակաս, քան 23 ուսանողի մոտ, Ռեյմսում մինչեւ սեպտեմբերի 19-ը դադարեցրել են Science Po քաղաքական գիտությունների ինստիտուտի պարապմունքները։ Դրանից հետո կրթության նախարարությունից հայտարարել են, որ համալսարանների մոտ կարող են բացել կորոնավիրուսի թեստավորման ժամանակավոր կետեր։

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 15-ի երեկոյան ֆրանսիական իշխանությունների հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում վերջին 24 ժամում հայտնաբերել են COVID-19-ով վարակման 7852 դեպք։ Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքներից մահացել է 37 մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ