Գլխավոր էջ Հարցազրույցներ Կա թյուր կարծիք, թե բրեկետային բուժումից հետո ատամները վերադառնում են իրենց նախկին...

Կա թյուր կարծիք, թե բրեկետային բուժումից հետո ատամները վերադառնում են իրենց նախկին դիրքին

8677
0

Ատամնաշարերի խանգարումները  անատոմիական նորմաներից շեղումներն են։ Օրթոդոնտիան ստոմատոլոգիայի արագ զարգացող ճյուղերից է, որը զբաղվում է ատամնածնոտային անոմալիաների պատճառագիտության և ախտածնության ուսումնասիրությամբ, նրանց ախտորոշման մեթոդների կատարելագործմամբ, բուժման և կանխարգելման միջոցների մշակմամբ, ինչպես նաև ծնոտների աճի կառավարմամբ, ատամնածնոտային համակարգի ֆունկցիաների կարգավորմամբ և օրգանիզմի զարգացման վրա ատամնածնոտային անոմալիաների ազդեցության ուսումնասիրությամբ։

Medmedia.am- ի թղթակիցը զրուցել է  բժիշկ-օրթոդոնտ Ժորա Պետրոսյանի հետ օրթոդոնտիկ բուժման մասին։

Որո՞նք են ատամնաշարերի խանգարման պատճառները:

Ատամնաշարերի ու կծվածքների անոմալիաների պատճառներ շատ կան: Ամենից շատ ատամնաշարերի վրա ազդում է ժառանգականությունը, բայց նախքան ժառանգականությանը անդրադառնալը պետք է ասեմ, որ մարդու ծնոտը զարգանում է դեռ արգանդում: Հղիության ընթացում կան մի շարք նախադրյալներ որոնք նույնպես կարող են ազդեցություն ունենալ ծնոտի զաևգացման վրա։ Դրանցից են՝ պտղի սխալ դիրքը, հղի կնոջֆիզիկական լարվածությունը, ծխելը, սթրեսը, վիրուսային հիվանդությունները, ինչպես նաև որոշ դեղամիջոցների ընդունումը։

Ատամնաշարի խանգարմանը նպաստում են նաև ՝ լեզուն ատամնաշարի  արանքում պահելը, քնելու սխալ դիրքը: Երբ երեխան քնում է դեմքով դեպի բարձը, դունչը սեղմված է լինում և խանգարում է զարգացմանը: Այս ամենը բերում է ստորին ծնոտի թերզարգացմանը։

Ատամնաշարի խանգարման վրա ազդում է նաև  կոշտ ուտելիքների քիչ կիրառումը, քանի որ չի զարգանում ծամողական ապարատը։

Խորհուրդ չի տրվում կաթնատամների ժամանակի շուտ հեռացումը, դա ևս կարող է նպաստել ատամնաշարի խանգարման: Միևնույն ժամանակ մեծ դեր է խաղում նաև հիմնական ատամների ոչ ճիշտ ժամանակին ծկթումը:

Լինում են դեպքեր, երբ մշտական ատամները ախտահարվում են կարիեսով և արդյունքում հեռացվում է կամ էլ ընդհանրապես բացակայում է ատամը։ Սա կարող է ատամնաշարի խանգարման պատճառ հանդիսանալ:

Ինչպե՞ս ուղղել ծուռ ատամնաշարը, ի՞նչ մեթոդներ կան:

Դա կախված է նրանից, թե որ տարիքում են ուղղում ատամները: Ցանկալի է օրթոդոնտին այցելել սկսած 6 տարեկանից: Այս տարիքում կարող ենք հասկանալ երեխան հետագայում ինչ խնդիներ կարող է ունենալ: Եթե ունի լուրջ ժառանգական խնդիր ծնոտի չափերի հետ կապված, որը հետագայում ավելի բարդ կլինի ուղղելը, ապա բուժումը պետք է սկսել հենց այդ տարիքից հատուկ շարժական ապարատներով: Սիլիկոնային ապարատներ կրելը շատ ավելի հեշտ է և հարմար: Ապարատները նպաստում են ոչ միայն ծնոտի չափսերի ճիշտ ձևավորմանը, այլ նաև, եթե երեխայի մոտ կա սովորույթային բերանային շնչառություն, ապարատը լուծում է  շնչառական խնդիրը:

Շատ դեպքերում օտորինոլարինգոլոգները վիրահատելով վերացնում են շնչառական խնդիրները, բայց երեխաների մոտ մնում է բերանային շնչառության վատ սովորությունը։ Այս դեպքերում պարտադիր պետք է նշանակել նմանատիպ ապարատներ։

Ապարատը չկրելու արդյունքում քթի խոռոչում ճնշման ավելացում տեղի չի ունենում, երեխան շարունակում է շնչել բերանով և  խնդիրը կրկնվում է:  Այս դեպքում վիրահատությունը համարվում է ոչ արդյունավետ: Սա գալիս է ԼՕՌ մասնագետների պրոֆեսիոնալիզմից:

Բացի այս ապարատներից կան նաև թիթեղային ապարատներ, որոնք, ըստ առկա խնդրի, կարող են ունենալ տարբեր կառուցվածքներ։ Ապարատի  ձևը որոշում է բժիշկը խորհրդակցելով տեխնիկի հետ։

Այս ապարատը վաղ տարիքում հիմնականում կիրառվում է ֆունկցիոլան խնդիրները վերացնելու , ինչպես նաև ծնոտային չափերը կարգավորելու նպատակով:

Ապարատները  ոչ թե ճնշում են գործադրում ատամների վրա, այլ հեռացնում են ատամնաշարի վրայից այն բացասական ճնշումը ինչ առաջանում է մկանային սխան ֆունկցիայի ժամանակ:

Ատամնաշարերի ուղղումը տարածված է կատարել բրեկետ համակրգով: Այս բուժումը սկսում ենք խառը կծվացքի դեպքում սկսած 9 տարեկանից , միչև անգամ բուժառուներ ենք ունեցել 53 տարեկան:  Պետք է նշեմ որ մեծ տարիքում մեծ տեղաշարժ անել չենք կարող։

Ե՞րբ է նշանակվում բրեկետ համակարգերով բուժումը:

Օրթոդոնտիկ բուժման այս տարբերակը ավելի նախընտրելի է։Բրեկետային բուժման ընթացքում հնարավոր է նաև որոշ շարժական ապարատների կիրառում: Բրեկետ համակրգի բուժումը ավելի նպատակահարմար է քանի որ այն շաժական չէ ի տարբերություն ապարատների և բուժառուն ստիպված է կրել այն: Շատ դեպքերում երբ նշանակվում է ապարատային բուժում, բուժառուները պարտաճանաչ չեն կրում այն:

Բրեկետներն ավելի հարմար են, խոսակցական խնդիր չեն առաջացնում և բուժառուն ավելի հեշտ է ընտելանում: Բրեկետը հնարավորություն է տալիս ստանալ ատամների  մաքսիմալ տեղաշարժ:

Ի՞նչ մեխանիզմով են աշխատում  բրեկետները:

Բրեկետները  այսպես կոչված աստղիկներն են  որոնք ամրանում են ատամներ վրա: Սրանք պասիվ էլեմենտներն են: Բրեկետային համակարգում հիմնական ակտիվ էլեմենտը հանդիսանում է նրանց միջով անցնող աղեղը, որը առաձգական է և ունի իդելական ատամնաշարի ձև: Աղեղը տեղադրելով բրեկետի պազի  մեջ, այն ճնշում է  գործադրում այն ատամների վրա, որոնք դուրս են գտնվում ատամնաշարից: Արդյունքում տեղի է ունենում ատամների դիրքի կարգավորում: Ատաների տեղաշարժը ընթանում է ոսորի ռեմոդելավորման արդյունքում։ Ատամների տեղաշարժման ուղղությամբ առաջանում են օստիոկլասներ, որոնք բերում են այդ կողմում ոսկորի քայքայմանը։  Միևնույն ժամանակ հակառակ կողմում  առաջանում են օստիոբլաստներ, որոնց շնորհիվ տեղի է ունենում ոսկրագոյացում։ Այս երկու գործընթացների արդյունքում ունենում ենք  ատամների տեղաշարժ։

Ֆիքսող ապարատ համարվում են նաև էլայներները, այսպես կոչված գիշերային ապարատները, որոնք բուժառուն կրում է բրեկետային բուժումից հետո:

Վերջին տարիներին ավելի զարգացան էլայներները և հիմա  բուժումը իրականացնում ենք հենց էլայներներով: Դրանք թափանցիկ, գրեթե անտեսանելի ապարատներ են: Ճիշտ է դրանք շարժական են բայց բուժառուն պետք է կրի այն ամբողջ օրը: Հանում է միայն ատամները լվանալիս և հաց ուտելիս:

Ո՞րն է ավելի էֆեկտիվ բրեկետային թե էլայներով բուժումը: Ո՞րն է դրանց տարբերությունը:

Էլայներների դրական կողմն այն է, որ անտեսանելի են: Նրանք ովքեր ունեն կոմպլեկս բրեկետներից կարող են ուղղել իրենց ատամնաշարը այս տարբերակով: Էլայներներով բուժումը ավելի արագ է ընթանում, քան բրեկետային բուժումը: Բայց պետք է հաշվի առնլ, որ ոչ բոլոր խնդիրներն է  կարելի շտկել էլայներներով:

Բրեկետով կարելի է ստանալ գրեթե բոլոր խնդիրների լուծումը: Կան ատամնաշարային խնդիրներ որոնց դեպքում բրեկետի կիրառումն անխուսափելի է: Էլայներներով հնարավոր չէ ստանալ այնպիսի մեծ տեղաշարժ ինչը կարելի է անել բրեկտ համակարգով:

Միջին և թեթև դեպքերում ավելի ցանկալի է կիրառել էլայներներ: Պատճառը առաջին հերթին էսթետիկ խնդիրն է, երկրորդը՝ բուժումն ավելի արագ է տևում և երրորդը՝ ոչ բոլոր բուժառուներն են բրեկետային բուժման ժամանակ պահպանում հիգիենան: Նրանք ամեն անգամ  հաց ուտելուց հետո պետք է լվանան ատանմերը, ինչը շատերին հարմար չէ և ոչ բոլորն են հետևում դրան: Էլայներների դեպքում չունենք այս խնդիրը, ատամների վրա օտար մարմին չկա ամրեցված, բուժառուն էլ լրացուցիչ ջանք չի կիրառում ատամների հիգիենան պահպանելու համար: Ատամները լվանալիս նա ուղակի հանում է ապարատը, լվանում ատամները և նորից տեղադրում այն:

Ի՞նչ փուլերով է անցնում բուժառուն օրթոդոնտիկ բուժման ընթացքում:

Բուժման սկզբում բուժառույի բերանում չպետք է լինի փչացած ատամ, բուժառուն պետք է ունենա առողջ ատամ առողջ լինդ, լորձաթաղանթ: Բերանի խոռոչը պետք է լինի մաքուր, չլինեն ատամնաքարեր, ատամնափառ, եթե կան կարիեսով ախտահարված ատամներ պետք է պլոմբավորել, եթե կան լնդերի հետ խնդիրներ՝ պետք է իրականացվի համապատասխան բուժում: Սա առաջին փուլն է:

Սրանից հետո իրականացնում ենք ռենտգեն հետազոտություն, չափումներ, մոդելների ստացում: Բժիշկը որոշում է բուժման պլանը և ըստ այդ պլանի իրականացնում բուժումը: Նշանակում ենք  բրեկետների տեղադրման օր, տեղադրում ենք և 3 շաբաթը մեկ իրականացնում ձգումներ: Բուժումից հետո բուժառուն կրում է ֆիքսող ապարատ: Որպես ֆիքսող ապարատ կարող է հանդիսանալ հենց այն ապարատը որով ստացել ենք բուժման արդյունքը: Կլինի դա թիթեղային ապարատ, թե բրեկետ, թե էլայներ: Բայց հիմնականում կիրառում ենք կապաններ կամ ռետեյներներ:

Ռետեյներները դրանք հյուսած մետաղե լարեր են որոնք ամրացվում են ատամների հետին մակերեսին, հիմնականում ժանիքից ժանիք ընկած հատվածում: Ամրանում են փոքրիկ պլոմբաների օգնությամբ:

Ռետեյներներն ունեն նաև իրենց բացասական կողմը: Ամրացնելուց հետո դժվարանում է այդ հատվածներում հիգիենայի պահպանումը: Հնարավոր է անգամ այդ լարը, պլոմբաները պոկվեն իսկ բուժառուն չնկատի: Արդյունքում ատամների բուժումը ատաը նորից կտեղաշարժվի:

Ցանկալի է որպես ֆիքսող ապարատ օգտագործել թափանցիկ կապաներ, որոնք պատրաստվում են բուժման  վերջնական արդյունքի հիման վրա: Կապանները կարելի է ասել գրկում են ատամը ամբողջությամբ,  չթողնելով նրան տեղաշարժվել։

Ի՞նչ հակացուցումներ կան օրթոդոնտիկ բուժման համար:

Օրթոդոնտիկ բուժում չենք իրականացնում, երբ բուժառուն արդեն անցել է օրթոպեդիկ բուժում և ունի  բավականին շատ արհեստական պսակով ատամներ:

Բրեկետներ չենք տեղադրում, երբ բուժառույի ծնոտի ոսկորը ոչ բավարար հաստություն ունի կամ տեղի է ունեցել ռեզոպցիա՝ ոսկորի քայքայում: Այս դեպքում ատամի տեղաշարժի արդյունքում կարող ենք պարզապես դուրս բերել այն ոսկորից:

Հնարավո՞ր է արդյոք բուժումից հետո ատամնաշարը վերադառնա իրենց նախկին տեսքին:

Կա թյուր կարծիք, թե բրեկետային բուժումից հետքո ատամները վերադառնում են իրենց նախկին դիրքին: Ատամնաշարը չի կարող լիովին վերադառնալ իր նախկին տեսքին, որովհետև բուժուման արդյունքը որոշ չափով պահպանվում է, բայց որոշ շեղումներն անխուսափելի են: Դրա համար բուժումից հետո բուժառուին տալիս ենք ֆիքսող ապարատներ, որպեսզի ստացած արդյունքն ամրապնդվի: Շատ հաճախ բուժառուները չեն կրում այս ապարատները, կամ կրում են ոչ կանոնավոր կերպով, ինչի արդյունքում ատամները թեքվում են:

Ի՞նչ ժամանակահատվածում է ուղղվում ատամանշարը:

Սովորաբար դա տևում է 1 տարի 6 ամիս: Սա միջինացված ժամկետ է, որովհետև դեպքեր կան, երբ բուժումը  տևում է 1 կամ 2-3 տարի:

Կլսեք դեպքեր, երբ օրթոդոնտիկ բուժումը տևել է 7 տարի, ինչ պայմանավորված է ոչ թե բժշկի գրագետ աշխատանքով, այլ բուժառուի կազմակերպվածությունից ու պատասխանատվությունից:

Քանի որ բրեկետները ֆիքսված են ատամների վրա հատուկ օրթոդոնտիկ սոսնձով, նրանք կարող են պոկվել ոչ խնամքով վերաբերվելուց՝ կոշտ և կպչուն սսնդից, Լվանալու ընթացքում խոզանակի հարվածներից: Լինում են դեպքեր, երբ բուժառուն՝ հիմնականում երեխաները խաղում են բրեկետի և դրա վրա ամրացված լարի հետ արդյունքում պոկելով այն:Հենց այս ամենն էլ բերում է բուժման տևողության երկարացմանը:

Որոշ դեպքերում բուժման ընթացքում նշանակվում են էլաստիկ ձգաններ, որոնց կրելու պատասխանատվությունը մնում է բուժառուի վրա և շատ հաճախ նրան այդ ամենին լուրջ չեն մոտենում, ինչը ևս բերում է բուժման ժամկետի երկարացմանը:

Պետք է լինել հետևողական և ճիշտ ժամանակին այցելել օրթոդոնտին, կատարելով համապատասխան ձգումներն ու հետևել բժշկի ցուցումներին: Հենց սրանից է կախված ոչ միայն բուժման ժամկետի տևողությունը, այլ նաև ցանկալի արդյունքի ստցումը:

Հեղինակ՝ Հասմիկ Չոբանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ