Գլխավոր էջ Նորություններ Թամամյանը երկրի կարևոր կադրերից է, եթե ոչ ամենալավը. Արյունաբանական կենտրոնի տնօրենը դեռևս...

Թամամյանը երկրի կարևոր կադրերից է, եթե ոչ ամենալավը. Արյունաբանական կենտրոնի տնօրենը դեռևս չի ստորագրել Գևորգ Թամամյանի ազատման դիմումը

1038
0

Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանի ազատման դիմումը դեռեւս չի ստորագրվել: Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ՀԺ-ին ասաց՝ հարցի շուրջ պետք է մտածի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեւորգ Թամամյանն ազատման դիմում է ներկայացրել կենտրոնի ղեկավարի պաշտոնից, ինչպես նաեւ Արյունաբանական կենտրոնում մանկական ուռուցքաբան-արյունաբանի աշխատանքից: Նրա խոսքով՝ որոշման պատճառն այն է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է սույն թվականի հոկտեմբերի 1-ից լուծարել Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:

Մեզ հետ զրույցում Դանիելյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է ստորագրել Գեւորգ Թամամյանի ազատման դիմումը, նշեց, որ դա լուրջ գործընթաց է, քանի որ, իր կարծիքով, Թամամյանը երկրի կարեւոր կադրերից է, եթե ոչ ամենալավը: «Ես խորհրդակցության կարիք կունենամ, Թամամյանը մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկն է»,- նշեց նա:

Անդրադառնալով իր հետ կնքված պայմանագիրը լուծարելու մասին նախարարության որոշմանը՝ Դանիելյանը նշեց, որ աշխատանքային հարաբերություններ են, իր պայմանագրի ժամկետը լրացել է, եւ նախարարի իրավունքն է այն չերկարացնելը:

«Օրինական գործընթաց է, որին, բնական է, նորմալ եմ վերաբերում»,- նշեց նա՝ հավելելով, որ չգիտի՝ թափուր պաշտոնի համալրման համար հայտարարվելիք մրցույթին նորից կարո՞ղ է մասնակցել, թե՞ ոչ: Ասաց՝ չի հետաքրքրվել, երբ օրը գա, կմտածի, ողջամիտ որոշում կկայացնի եւ կլուծի իր առջեւ դրված խնդիրները:

Առողջապահության նախարարության լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ լրանում է Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, մրցույթի արդյունքում Դանիելյանի հետ կնքվել էր աշխատանքային պայմանագիր մինչեւ 2020թ. հոկտեմբերի 1-ը՝ վերջինիս 65 տարեկանը լրանալը:

Դանիելյանը Արյունաբանական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել եւ այդ պաշտոնում նշանակվել է 2019-ի հունվարին: Մինչ այդ՝ 2018թ. հունիսի 21-ից, նա եղել է տնօրենի պաշտոնակատար:

Ինչպես հավելեցին ԱՆ-ից, կենտրոնի տնօրենի մրցույթին, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող է մասնակցել 65 տարեկանը չլրացած անձը: Պաշտոնը թափուր մնալուց հետո, ըստ ընթացակարգի, պետք է հայտարարվի նոր մրցույթ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ