Գլխավոր էջ Նորություններ «Սայլը տեղից չի շարժվում»․մարդիկ գիշերելու տեղ չունեն

«Սայլը տեղից չի շարժվում»․մարդիկ գիշերելու տեղ չունեն

441
0

ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ և ՌԴ քաղաքացիներն օրեր շարունակ ՀՀ կառավարության ու ԱԺ շենքի մոտ պահանջում են հստակ պատասխան պատկան մարմիններից։ Նրանք նշում են, որ այնպես չէ՝ հաճույքի համար են գնում ՌԴ, այստեղ նաև ընտանիքների բաժանման խնդիր կա․

« Մարտի  13-ին եկա անձնագիրս փոխեմ ու սահմանները փակվեց։ Մայրս, կինս ու երեք երեխաներս էնտեղ են, ես 15 տարի ՌԴ-ում եմ, ցանկություն չեմ ունեցել ռուսական անձնագիր վերցնել, ես հայ եմ ու հայկական անձնագիր էի ուզում։ Իմ երեխան 8-րդ դասարան է, գերազանց սովորում է, հիմա ասում եք՝ ետ բեր, լավ բերեմ, բայց ես իմ երեխայի ապագային քար կգցեմ, այստեղ ռուսական դպրոց չկա, հայերեն ո՞նց սովորացնեմ։ Դրա համար չեմ կարողանում ետ գամ, թե չէ ես իմ հայրենիքը սիրում եմ։ Մեր բոլորիս համար տարբերություն չկա ցամաքային, թե՞ օդային ճանապարհով կգնանք»,-նշեց մեր զրուցակիցը։

Մարդիկ հավաստիացնում են, որ ավտոբուս տրամադրելու դեպքում, իրենք իրենց միջոցներով կգնան ՌԴ։

«Գիտենք, որ ՌԴ-ն թույլ չի տալիս, չի ընդունում մարդկանց, բայց բանակցել ու խորհրդակցել կարելի է։ Գոնե ասեն՝ խորհրդակցել ենք, ասել են՝ 10 օրից կամ 20 օրից կլինի որևէ պատասխան։ Մենք բոլորս պայքարել ենք ձեր համար, հիմա էլ գոնե մեզ համար պայքարեն, օգնեն։ 80 տոկոսը ուզում է հասնել իր ընտանիքին ու բիզնեսին։ Տարիներով չարչարվել, ինչ որ ձեռքբերումների են հասել ու հիմա 6 ամսվա մեջ կորցնելու են»։

Հավաքվածներն ասում են, որ դիմել են ՌԴ դեսպանատուն և ստացել են պատասխան, որ ընտանիքի գոնե մեկ անդամը ՌԴ քաղաքացի պետք է լինի․

« Բայց մեր ընտանիքում բոլորս ՀՀ քաղաքացիություն ունենք, այդ պարագայում մեզ միայն  ՀՀ կառավարությունը կարող է օգնել»,-նշեց հավաքվածներից մեկը։

Կան այնպիսիք էլ, որոնց երեխաները մնացել են առանց ծնողական խնամքի, կամ երեխաների հետ եկել են ՀՀ որևէ գործով, բայց աշխատանքը այնտեղ է ու չեն ցանկանում կորցնել տարիների վաստակը։

«11 տարեկան, 5 տարեկան ու 3 ամսական երեխաներիս հետ մնացել ենք Հայաստանում, ամուսինս էլ է մեզ հետ, բայց բարեկամները ՌԴ-ում են, աշխատանք գտնելը Հայաստանի պայմաններում շատ դժվար է, քանի որ երեխա ունեմ, ասում են՝ չեք համապատասխանում մեր պահանջներին։ Սոցիալական ոչ մի ծրագրից չեմ օգտվել, ստացել եմ պատասխան՝ դուք շահառու չեք»,-նշեց նա ու ասաց, որ դեսպանատուն էլ է դիմել, բայց պատասխան է ստացել, որ իրենք ՌԴ քաղաքացի չեն ու չեն կարող օգնել։

Հավաքվածները նշեցին, որ այլևս չեն կարողանում այս կամ այն ծանոթի հաշվին ապրել, անգամ գիշերելու տեղ չունեն։

« Աշխատանք չենք գտնում, մնալու տեղ էլ չունենք, բա ի՞նչ անենք, ո՞վ կօգնի մեզ։ Խնդում ենք Նիկոլ Փաշինյանն ինչ որ ձևով արձագանքի մեր խնդիրներին»,-նշեց հավաքվածներից մեկը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ