Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ որոշվեց․ կթանկանա՞ հագուստը

Ի՞նչ որոշվեց․ կթանկանա՞ հագուստը

1019
0

Այսօր, սեպտեմբերի 14-ին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են մաքսային օրենքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։

Ինչպես նրանք են նշում, մեկ կգ բեռի համար, նախկին 3 դոլարի փոխարեն այժմ, մոտ 11 դոլար պետք է վճարեն։

Ստացվում  է՝ ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։

«Մեր պահանջն է, որոպեսզի որոշման ընդունումը մեկ տարով հետաձգեն, այնքան կպահանջենք, մինչև կառավարությունը կարողանա մեզ նորմալ աշխատանք տալ, 250 հազարից ոչ պակաս աշխատավարձով, առևտրով զբաղվողներն էլ կմնան 30 տոկոսը, ովքեր իրենց պահանջներով կկարողանան աշխատել։ Մեր սպասելիքն այն է, որ ամեն բան մնա նույնը, ինչ պահանջներով որ աշխատել ենք   մինչ այժմ»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հավաքվածների հավաստմամբ՝ առևտրականներից մի քանիսը հանդիպում են ունեցել  ՊԵԿ փոխնախագահի հետ, իսկ այդ հանդիպումից որևէ լուրջ ակնկալիք չի կարելի ունենալ, որովհետև 3-4 հոգու հետ են հանդիպել, չեն կարող նրանք որոշում կայացնել։

«Մենք ինքներս ամբողջ կյանքում հարկ տված մարդիկ ենք, չենք գնում քննարկման, որովհետև իմաստ չենք տեսնում, կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում, հատկապես եթե հագուստը հատով սկսեն հաշվել։ Գլոբալ ոչ մի բան առայժմ չի փոխվել։ Մի քանի հոգի գնացին կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման։ Բայց այդ մի քանի հոգին հո չե՞ն կարող այսքանի խնդիրները բարձրաձայնել կամ որոշում կայացնել։ Մենք մեր առաջարկները արել ենք, սպասում ենք տեսնենք ի՞նչ կորոշեն։ Հիմա մենք եկել ենք աշնան սեզոն, ապրանք ենք առել, մեծ բեռ է, թանկացումով ռաստամոժկա անենք, պատկերացնու՞մ եք ինչ թիվ կկազմի։ Ո՞վ է ասում մենք անօրինական ենք ուզում աշխատել, բայց մեր ու մարդկային ռեսուրսներին համապատասխան պետք է լինեն այս որոշումների ընդունումը։ Ստաբիլություն ենք ուզում։ Եթե մի բան տամոժնիկի հայեցողությանն է մնում, ես դրա մեջ լոգիկա չեմ տեսնում։ Հաշվարկ չեմ ունենալու, չեմ իմանալու տամոժնիկը որ հագուստի համար ինչ գին կնշանակի։

Ուզում ենք հասկանալ, մեր բիզնեսը փակելու ենք, թե՞ կկարողանանք աշխատել»,-հարցադրեց առևտրով զբաղվող մի տղամարդ։

Նշենք, որ ակցիայի մասնակիցներից մի քանիսը հանդիպեցին Կառավարության ներկայացուցիչների և վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ: Հանդիպմանը ներկա գտնվածներից մեկը նշեց, որ հանդիպման ժամանակ ստացել են պատասխան այն մասին, որ ՊԵԿ-ում կրկին քննարկում է տեղի ունենում, որովհետև որոշումը մեկ օրվա բան չէ:

«Հնարավորինս անելու են այն, որ բոլորի համար լավ լինի, որ թանկացում չլինի: Ես հիմա գնում եմ ՊԵԿ՝ իմ ապրանքը մաքսազերծելու, գինը նայելու եմ, եթե կարգավորված է և բոլորի ապրանքներում էլ գինն էականորեն չի թանկացել, կամ հակառակը՝ բարձրացել է, ապա պետք է այդ մասին բարձրաձայնենք։Քննարկման ժամանակ որոշվել է, որ մաքսազերծումն իրականացվի հատով, որը գնի մեջ մեծ փոփոխություն չի տա»,-ասաց նա։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ