Գլխավոր էջ Նորություններ Հարցը մտավ դատարան․ի՞նչ պետք է անեն ԲՈՒՀ չընդունված ուսանողները

Հարցը մտավ դատարան․ի՞նչ պետք է անեն ԲՈՒՀ չընդունված ուսանողները

868
0

Արդեն տևական ժամանակ է ԲՈՒՀ չընդունված ուսանողներն ու նրանց ծնողներն ակտիվորեն պայքարում են ԿԳՄՍ նախարարության որոշումների դեմ։ Հիշեցնենք, որ ընդունելության քննություններում բարձր գնահատականներ ստացած ու այդպես էլ որևէ ԲՈւՀ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում էին համառորեն պայքարել ու իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Այս տարի 739 դիմորդ անցողիկ շեմը հաղթահարել է, սակայն  ԲՈւՀ չի ընդունվել, նրանց մեջ նաև 17-18-19 միավոր հավաքածներ են:

Այս տարօրինակ իրավիճակը ընդունելության կարգի փոփոխության հետևանք է: Այս տարի առաջին անգամ ընդունելության մրցույթն անցկացվել է հայտի միայն առաջին տողով նշված մասնագիտության գերակայությամբ: Մյուս տողերը հաշվի են առնվում՝ եթե թափուր տեղեր կան։ Այստեղից էլ առաջացավ խառնաշփոթ ու մեծ աղմուկ բարձրացավ։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրեց, որ ինքը երկու հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան, որոնցից մեկը վարույթ է ընդունվել, մյուսի դեպքում որոշակի խոչընդոտների են հանդիպել։ Նա տեղեկացրեց, որ առաջին հայցը վերաբերում է Կառավարության որոշումն անվավեր ճանաչելուն, որով սահմանվեց ընդունելության նոր կարգ։

«Դրանում կային իրավական անգրագիտության հետ հատվող խնդիրներ։ Երկրորդ հայցով պահանջում էինք «Պահանջատեր դիմորդ» շարժման անդամների վերաբերյալ Կառավարության որոշման կիրառման որոշումը ճանաչել անվավեր։ Առաջին անգամ հայցը մերժվեց, ու երկրորդ անգամ ներկայացրինք, դրանից հետո էլ դատարանը նոր պահանջ է դրել, որը ծայրահեղ ոչ իրավաչափ է, ավելին՝ հիմք է տալիս եզրահանգելու, որ դատարանը գործում է ճնշման տակ։ Մասնավորապես, դատարանը մեզնից հայցը վարույթ չի ընդունում այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է դատարանին ներկայացնել դիմորդների ստորագրած դիմումները»,-տեղեկացրեց փաստաբանը։

Կոչուբաևի գնահատականներով՝ իշխանությունը զգայուն գործերով ճնշում է դատավորներին։

«Սրա վառ ապացույցը հենց այս գործն է, քանի որ այն իշխանության համար շատ զգայուն է և ի հայտ է գալու Կառավարության թույլ տված անգրագիտությունը։ Կառավարությունը սեփական անգրագիտությունը քողարկելու համար սկսում է ճնշել դատավորներին։ Գործադիրը շարունակում է «թաթը» պահել դատական իշխանության վրա»,-ասաց նա։

Կոչուբաևը կարծում է, որ միտումնավոր կթական համակարգը տապալման են տանում։

«Դրանք ոչ մի ձևով բարեփոխումներ անվանել չես կարող, քանի որ սերունդներին տանում են դեգրադացման։ Իշխանությունը հետևողականորեն փորձում է լռեցնել մեր երիտասարդների ձայնը»,-ասաց փաստաբանը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ