Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Նախարարությունը խաղու՞մ է հանրության էմոցիաների հետ

Նախարարությունը խաղու՞մ է հանրության էմոցիաների հետ

9400
0

Հակածխախոտային օրենքի նախագծի քննարկումները բավական թեժ  ընթացան: Մեղադրանքներ պատգամավորների հասցեին, սահմռկեցուցիչ նկարներով ելույթ ԱԺ-ում, քաղցկեղով հիվանդ մարդկանց «լուռ հայացքների»  նկարագրություն հարցազրույցների ժամանակ: Սրանք են նախարարության վարած ռազմավարության հիմնադրույթները, որոնցով նախարարն ու իր թիմը փորձում են «առաջ բրդել» ցանկացած օրինագիծ:

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի մասին հնչող քննադատական յուրքանչյուր միտք, չգիտես ինչու,  նախարարի համար խանգարող հանգամանք է դառնում: Երկար քննարկումներից հետո, որոնց արդյունքում պարզ դարձավ, որ հակածխախոտային օրենքի նախագիծը ունի բազմաթիվ բացեր, նախարարն իր թիմակիցների հետ բռնել է նոր գործելաոճ:

Նախագծի տնտեսական հատվածի  վնասների, բիզնես ոլորտի վրա թողած բացասական ազդեցության վերաբերյալ արված քննադատությունները շատ էին: Նախարարությունը առաջ բրդելուն ուղղված բացատրական աշխատանքը թողեց  ու սահուն անցում կատարեց դեպի էմոցիաներ:

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում տեղի ունեցած քննարկմանը ներկա չէր նախարարը, օրենքի նախագիծը ներկայացրեց փոխնախարար Լենա Նանուշյանը, ով իր ելույթի ընթացքում  ցուցադրում էր նկարներ՝ կոկորդի, թոքի քաղցկեղին և մի շարք այլ հիվանդություններին վերաբերող: Նկարները սահմռկեցուցիչ էին, ստեղծված հատուկ էմոցիոնալ դաշտի վրա ազդելու համար: Փոխնախախարի ելույթը առնվազն ծիծաղելի էր, ինչու չէ, գուցե նաև հենց իր համար նույնպես:

Չնայած դրան պատգամավորներից ոմանք առավել ռացիոնալ մոտեցան նախագծի քննարկմանը, ներկայացնելով բոլոր բացթողումները: Ոմանք էլ առանց թեմային տիրապետելու ելույթ ունեցան Աժ ամբիոնից՝ փոխնախարարի ջրաղացին ջուր լցնելով ու շեշետելով, որ բոլոր ծխողները պետք է դառնան վտարանդի: Մեզ մնում է հուսալ, որ մտքի նմանատիպ թռիչքը գոնե ԱԺ-ում կքննարկվի՝ որպես էթիկական նորմերի խախտում:

Ստացվում է նախարար Արսեն Թորոսյանը Ազգային Ժողովում այդպես էլ չգտավ իր երազած քաղաքական հենարանը և իր հարցազրույցներից մեկում, լրագրողի հարցին, թե արդյոք իր կարծիքով օրենքը կընդունվի, կրկին դիմելով էմոցիոնալ պառթկմանն ու երևակայությանը պատասխանել է.

 « Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր կողմ կամ դեմ կոճակ սեղմող մեկ պատգամավոր պատկերացնի թոքի քաղցկեղից, սրտամկանի ինֆարկտից կամ մեկ ուրիշ քաղցկեղից մահացող մեր այն քաղաքցու լուռ հայացքը, ով կպահանջի Ազգային ժողովի իր ներկայացուցչից, թե ինչու դուք քայլեր չձեռարկեցիք, որ ես այսօր չմահանամ»:

Նմանատիպ հայտարարություն նախարարն արել է նաև ֆեյսբուքյան էջում, որը կարող եք կարդալ հղումով՝

https://www.facebook.com/336154206570851/posts/1085383744981223/

Իսկ վերջում  հավելենք, որ պատկան մարմինները էմոցիաներով չէ, որ պիտի առաջնորդվեն, այլ ապացուցական հենք ունեցող դիտարկումներով: Իսկ թե երբ է նախարարությունում տեղ գտնելու «ներկայացումների»  նման սեզոնը, դժվար է կանխատեսել վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից ու նախախարության կողմից արվող մեկնաբանություններից հետո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ