Գլխավոր էջ Նորություններ Համավարակի օրերին Գյումրիում մանկապարտեզի պահանջ կա

Համավարակի օրերին Գյումրիում մանկապարտեզի պահանջ կա

401
0

Տնտեսությունն ամենազգայուն ոլորտներից է, որն անմիջապես արձագանքեց համավարակին ու ստեղծված ճգնաժամին: Բոլոր երկրներում շուտափույթ մշակեցին բիզնեսին աջակցող ծրագրեր՝ ամենատարբեր ձևաչափերով:

Մեր երկրում ևս ներդրվեցին աջակցման ծրագրեր, բայց այն շատերին չգոհացրեց: «Մեր աշխատողներին չկրճատեցինք, որպեսզի աջակցության ծրագրից կարողանային օգտվել, մենք նաև աշխատավարձ ենք տվել»,-Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Ֆլորենս Գյումրի» ռեստորանի տնօրեն Կարեն Հարությունյանը: Ռեստորանի տնօրենը նշեց նաև, որ ստիպված են եղել աշխատողներից ոմանց աշխատավարձը կիսով չափ կրճատել, 30-40 տոկոս նվազեցնել, ուղարկել պարապուրդի, մինչև կհաջողվեր հաղթահարել ճգնաժամը: «Այդ օրերին գոնե պետք էր կրճատել հարկային պարտավորությունը, գոնե բիզնեսը գոյատևեր, բայց 100 տոկոս մուծվել է, ինչը դժվարացրել է բիզնես կառույցի աշխատանքը»,-ասաց նա: Նախկին ցուցանիշը ունենալու համար, ըստ Կարեն Հարությունյանի, առնվազն 5 ամիս ժամանակ է անհրաժեշտ:

Նրա խոսքով՝ միայն ներքին տուրիզմը բավարար չէ ցուցանիշը բարձրացնելու համար: «Ֆլորենս Գյումրի»-ի տնօրենը , թեպետ, ուրախությամբ է նկատում, որ տեղացի սպառողը վճարունակ է, եւ այս ընթացքում, հատկապես հանգստյան օրերին ռեստորանում  պիկ է եղել:

Ընդհանրապես չեն աշխատել, միայն աջակցության ծրագրից են օգտվել Գյումրիում գործող «ART salon»-ի աշխատակիցները: Շիրակի մարզի վարսահարդարների միության նախագահ, «ART salon»-ի հիմնադիր Արտակ Մելիքյանը նշում է, որ իրենց աշխատանքը ռեստորանային բիզնեսից կախված է, իսկ ահա տուրիզմից՝ ոչ այնքան: Տուժեցին միայն այնքանով, որ այս տարի չունեցան ամառվա 3 ամիսներին արտերկրից արձակուրդ եկած ուսանողներ, ովքեր վարսահարդարության դասընթացներ էին անցնում:

Իսկ ահա գործարար Ժաննա Չամաքյանը համավարակի օրերին՝ ճգնաժամի կիզակետին, ռիսկի գնալով, մեկ այլ գործունեություն ծավալեց՝ Գյումրիում բացելով «Բեյբի հաուս» մասնավոր մանկապարտեզ: Նրա խոսքերով՝ այդ օրերին քաղաքում մասնավոր մանկապարտեզների պահանջարկ կար: «Երաշխիք չունեի, բայց երբ ծնողները, որոնց բալիկներին պահող չկար, իրենք աշխատանքի էին, զանգեցին, գրանցեցին, 10 երեխայով սկսեցինք»: Մանկապարտեզի հիմնադիրը վստահեցնում է, որ երբ ծնողն ինքն է փնտրում, վճարունակ է: «Բեյբի հաուս»-ի աշխատակիցները աջակցության ծրագրից չեն օգտվել պարզ պատճառով՝ հաստատությունը նորաստեղծ էր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ