Գլխավոր էջ Գլխավոր Որտե՞ղ են պապի կողմից ծեծված երեխաները

Որտե՞ղ են պապի կողմից ծեծված երեխաները

549
0

Մոտ երկու շաբաթ առաջ համացանցում բուռն քննարկվում էր Խաշթառակցի պապի ու նրա դստեր կողմից դաժանաբար ծեծված երեխաների թեման։ Դաժան ծեծի արդյունքում 6 և 4 տարեկան տղաները հայտնվել էին հիվանդանոցում։ Ցավոք, չհաջողվեց փրկել 6-ամյա տղայի կյանքը, նա մահացավ։ Պապը հայտնվել էր կալանավայրում, իսկ հորաքույրը, ով եղբոր երկու երեխաների հետ մեկտեղ, պարբերաբար, ծեծի էր ենթարկել նաև իր 5 երեխաներին, սպասում է 6-րդ երեխայի ծնունդին։ Նշենք, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում թոռներին դաժանաբար ծեծելու մեղադրանքով կալանավորված 57-ամյա տղամարդը ևս հիվանդանոցում է: Նա նույնպես, պարզվում է, մկնդեղ է օգտագործել և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:  Նա տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։

Այս ամենից հետո 6 երեխայի ճակատագիր մնաց օդում կախված։ Ինչ էր մնում անել պետությանը, քան հոգ տանել ու թույլ չտալ, որպեսզի նրանք բաժանվեն միմյանցից, կամ էլ կրկին հայտնվեն բռնարարների ձեռքում։

Medmedia.am-ը կապ էր հաստատել  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանի հետ, ով նշել էր,որ Տավուշի  մարզի Խաշթառակ համայնքում բնակվող երեխաներին տեղափոխելու են Երևանի «Մանկան տուն»։

«Համավարակի այս ժամանակահատվածում մանկատներն աշխատում են ամբողջությամբ փակ ռեժիմով, սակայն այս երեխաների հարցը բացառություն է: Երեխաներին մասնագիտական խնամք է հարկավոր։ Երևանի «Մանկան տուն» հաստատությունում երեխաները մնում են մինչև 6 տարեկանը լրանալը, բայց երեխաներից մեկը 9 տարեկան է ու մենք չենք ցանկանում նրանց բաժանել միմյանցից։ 9 տարեկան տղան նույնպես իր քույր-եղբայրների հետ կտեղափոխվի նույն հաստատություն»,-տեղեկացրել էր նա։

Սակայն այսօր, սեպտեմբերի 1-ին , Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ երեխաները դեռևս գտնվում են «Մուրացան» հիվանդանոցում։

«Համայնքապետարանի միջնորդությամբ երեխաները մնացին հիվանդանոցում, որպեսզի դեռևս շարունակեն բուժզննում անցնել, նրանց պետք է այցելեր փոխնախարարը, որից հետո նոր կորոշվեր, թե երբ կտեղափոխվեն Երևանի «Մանկան տուն»»,-տեղեկացրեց նա։

Իսկ «Մուրացան» հիվանդանոցից տեղեկացանք, որ երեխաների վիճակն այս պահին լավ է, սակայն պարզ չէ, թե երբ դուրս կգրվեն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ դաժան ծեծի հետևանքով մահացավ 6-ամյա տղան, եղբոր մահվան մասին իմանալով լ9-ամյա տղան հոգեբանորեն ծանր վիճակում էր հայտնվել։

« Երբ իմացել է, որ 6-ամյա եղբայրը մահացել է՝ սթրեսի մեջ է ընկել ու շատ ծանր է տարել։ Նախարարությունը հոգեբաններ է տրամադրել, որպեսզի աշխատեն տղայի հետ, ամբողջ գիշեր  նրա հետ աշխատանք է տարվել, որպեսզի մի փոքր օգնեն իրեն։ Երեխաները վախեցած են ու պատկերացում չունեն, թե իրենց ուր են տանելու, բայց ընտանիքում գտնվելն այս պահին նրանց շահերից չի բխում»,-նշեց Սոնա Մարտիրոսյանը։

Սյուզի Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ