Գլխավոր էջ Նորություններ «Վարչապետի և պաշտոնյաների դիմակ չկրելու որոշումը կայացվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով»․ Ավետիք...

«Վարչապետի և պաշտոնյաների դիմակ չկրելու որոշումը կայացվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով»․ Ավետիք Իշխանյան

559
0

Հայաստանում այսօր չկա այն ժողովրդավար և հավասար պայմաններ ապահովող պետությունը, որի մասին այդքան խոստումներ էին տվել գործող իշխանությունները, այս մասին Tert.am-ի հետ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ խոսելով պարետ Տիգրան Ավինյանի՝ վարչապետի, պաշտոնյաների, կաթողիկոսի և մյուսների դիմակ չկրելու որոշման և իրավական առումով դրանից բխող անհավասարության մասին:

Հիշեցնենք, որ Պարետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 28-ին նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների համար՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի, որոնք պետք է դիմակ կրեն։

«Իրականում սա շատ պարզունակ հարց է և սխալ կլինի օրենքից հղումներ անել: Ես չգիտեմ՝ պարետն այդ որոշումն ինքնուրույն է կայացրել, թե վարչապետն է ազդեցություն ունեցել: Ես կարծում եմ, որ վարչապետի հրահանգով է եղել, բայց երկու դեպքն էլ պետք է դիտարկել: Եթե ենթադրենք, որ պարետն է ինքնուրույն այդ որոշում կայացրել, ապա ես Ավինյանին կառաջարկեի, որ ներկայացնի՝ ինչ հիմքերով է այդ որոշումը կայացել, եթե Հայաստանը և՛ Սահմանադրությամբ և՛ հեղափոխական իշխանության կողմից է հռչակված որպես իրավական պետություն»,- ասաց նա:

Իշխանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այս որոշումը հակաիրավական է, որով մարդկանց ըստ պաշտոնների՝ «սորտավորում» է տեղի ունենում (ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի արտահայտությամբ): Նա նշեց՝ ամեն դեպքում կասկածում է, որ Ավինյանն ինքնուրույն է այդ որոշումը կայացրել, քանի որ ամենահավանական տարբերակն այն է, որ սա տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով:

«Իսկ եթե վարչապետի հրահանգն է, ապա այստեղ ամեն ինչ հասկանալի է, քանի որ Ավինյանն անգամ տեղյակ լիներ բոլոր իրավական նորմերից, ապա միևնույն է, չէր հակառակվի վարչապետին: Իմ կարծիքով՝ վարչապետին բացարձակ չեն հետաքրքրում իրավական, ժողովրդավար պետության այն արժեքները, որոնք նա է «հռչակել»: Նա իրեն միապետ է զգում, որին պետք է ժողովուրդը երկրպագի, նա էլ ժամանակ առ ժամանակ «ժպտա և սիրի» ժողովրդին և այստեղ արդեն մեկնաբանություններն ավելորդ են»,- շեշտեց Իշխանյանը:
Վերջինիս դիտարկմամբ՝ այս որոշումն առաջին հերթին կարևոր է վարչապետի համար և որպեսզի ցույց չտա, որ սա իր համար է արվում՝ պարետի որոշումը տարածել է նաև մյուս պաշտոնյաների վրա: «Այստեղ հիմնական միտումն այն է, թե մենք ձեզնից բարձր ենք, հոգեբանական բարդույթ է, իբր՝ այո, ես բոլորիդ հայրն եմ, կարող եմ դիմակ չկրել»,- շեշտեց նա։

Աղբյուրը՝ Tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ