Գլխավոր էջ Նորություններ Ութամյա Էլենը հաղթահարել է քաղցկեղն ու վաղն արդեն կարթնանա տանը

Ութամյա Էլենը հաղթահարել է քաղցկեղն ու վաղն արդեն կարթնանա տանը

1221
0

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող, «Ժպիտների քաղաք»/«City of smile» բարեգործական հիմնադրամի շահառու 8-ամյա Էլեն Մկրտչյանը վաղն արդեն կարթնանա տանը, կգրկի իր սիրելի փափուկ խաղալիքն ու ընկերուհուն կհրավիրի իրենց տուն՝ ինչպես ինքն է ասում՝ զբաղվելու: Էլենի համար դեկտեմբերի 6-ն առանձնահատուկ էր, այսօր նրան հայտնեցին, որ իր անալիզները լավ արդյունք են ցույց տվել, ինքը բուժված է ու կարող է գնալ տուն:

Էլենը տուն գնալու լուրն ընդունեց շատ զուսպ, մայրն ասաց՝ Էլենը զգացմունքային, բայց չարտահայտվող է, զգացմունքներն իր ներսում է պահում:

«Շատ էի սպասում տուն գնալուն: Առաջինը գրկելու եմ իմ փափուկ խաղալիք նապաստակին, որովհետև շատ եմ սիրում։ Կանչելու եմ ընկերուհուս, որ իրար հետ զբաղվենք: Բայց երբ ես իրեն ասում եմ ընկերուհի, ինքն ասում է՝ ես քո քույրն եմ, ասում է՝ ինքը քույր չունի, ես էլ չունեմ, ուրեմն իրար քույր ենք»,- «Արմենպրես»ի հետ զրույցում ասել է Էլենը:

Էլենը նշեց՝ քույրիկ չունի, սակայն եղբայրներ՝ լիքը: Տանը Էլենին սպասում է հարազատ երկու եղբայրներից մեկը, մյուսը ծառայում է բանակում: Նախքան տուն գնալու մասին լուրը լսելն Էլենից հետաքրքրվել էինք, թե Ամանորն ինչպես է դիմավորելու: «Գնալու եմ տուն, եղբայրներիս մոտ»,-ասաց Էլենը՝ առանց իմանալու, որ իր ցանկությունը շատ ավելի շուտ է կատարվելու:

Տոներին ընդառաջ Էլենը հասցրել է արդեն Ձմեռ պապիկին նամակ գրել, նամակի բովանդակությունը գաղտնիք չէր: «Ուզել եմ իմ հասակի տիկնիկ, որ ձեռքերը շարժվի ու ունենա իր վարսահարդարման գործիքները»,-ասաց 8-ամյա փոքրիկն ու խոստովանեց իր երազանքն է դառնալ «Միսս Հայաստան»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ