Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր տարիքում երեխան պետք է ստանա սեռային դաստիարակություն

Ո՞ր տարիքում երեխան պետք է ստանա սեռային դաստիարակություն

1569
0

Երեխայի հասունացման տարիքի հետ մեկտեղ սկսում է հետաքրքրություն սեռական օրգանների նկատմամբ։ Հաճախ ոչ ճիշտ ինֆորմացիան և սեռային սխալ դաստիարակությունը կարող է երեխային շեղել ուղուց և կյանքի ինչ-որ փուլում նրան կարող է կանգնեցնել լուրջ խնդիրների առաջ։ Գրեթե ոչ միշտ է, երբ ծնողները կարողանում են անկեղծ զրուցել երեխաների հետ, տալ նրանց բացատրություն սեռահասունացման մասին։ Ո՞ր տարիքում պետք է երեխային բացատրել, թե ի՞նչ է սեռային և սեռական դաստիարակությունը` Medmedia.am-ը պարզեց հոգեբան Արմինե Մանուկյանից։

«Որպես կանոն գոյություն ունի սեռային և սեռական դաստիարակություն, դրանք տարբեր հասկացություններ են, քանի որ սեռային դաստիարակությունը երեխայի նկատմամբ կարելի է իրականացնել վաղ մանկությունից, երբ երեխան ճանաչում է իր սեռը, սեռային պատկանելիությունը, նա իգական սեռի է պատկանում, թե՝ արական։ Մանկապարտեզային տարիքում երեխաների մոտ հետաքրքրություն է առաջանում, թե ինչու են տղաները այլ կերպ միզում, իսկ աղջիկները՝ այլ, այսինքն սա սեռային ինքնադրսևորում է, երբ աղջիկը խաղում է տիկնիկով քանի որ նա իգական սեռի է և ապագայում պետք է մայր դառնա, իսկ տղաները որպես կանոն խաղում են մեքենաներով,որը ևս ձևավորոում է սեռային պատկանելիություն» ։

Հարցին, թե այդ տարիքում ծնողներն ինչպիսի՞ մոտեցում պետք է ցույցաբերեն երեխային՝ բացատրելով, թե աղջիկներն ինչո՞վ և ինչու՞ են տարբերվում տղաներից, հոգեբանն ասաց, որ այդ տարիքում ոչ մի պարագայում օրգանական բացատրություն չպետք է լինի, պետք է լինի զուտ դերային նկարագրություն և երբ երեխան իր դերը գիտակցում է, ապա արդեն հասկանում է, իր սեռային օրգանի տարբերությունն ինչում է կայանում։

«Հաճախ այնպես է պատահում, երբ երեխան ծնողին տեսնում է մերկ՝ աղջիկը մայրիկին, տղան՝ հայրիկին, և այդ դեպքում հասկանում են, որ իրենց և ծնողի սեռական օրգանը նույնն է, այդ պարագայում երեխայի մոտ ոչ բռնի, այլ վարքային առումով ձևավորվում է սեռական պատկանելիություն» ։

Հոգեբանի խոսքով հայկական մենթալիտետի մեջ գոյություն ունի այն մտաղողությունը, երբ ծնողները 7-8 տարի երեխա չեն ունենում և հանկարծ ունենում են տղա, չգիտես ինչու այդ տղայի մազերը մինչև 7 տարեկան չեն կտրում՝ իբրև ուխտ, այս պարագայում աղավաղվում է երեխայի սեռական պատկանելիությունը։

Անդրադառնալով թեմայի երկրորդ մասին՝ սեռական դաստիարակությանը, հոգեբանն ասաց, որ երեխայի հետ այդ մասին պետք է խոսել միայն ժամանակ , երբ երեխայի մոտ սկսվում է սեռահասունացում, մոտավորապես 10-11 տարեկանում։

«Օրինակ աղջիկներին պետք է ասել, որ նրանք կամաց-կամանց դառնում են օրիորդ, այնուհետև կին, պետք է բացատրել նրանց դաշտանային դրսևորումների մասին, ինչպես նաև ասել, որ ժամանակից շուտ սեռային կապը կարող է բերել տարբեր հիվանդությունների, անցանկալի հղիության և այլն։ Այդ տարիքում արդեն թույլատրելի է և նույնիսկ խրախուսելի, որ երեխան ստանա սեռական դաստիարակություն» ։

Վերջինիս խոսքով այսօր տեղեկատվության հոսքը շատ է, երեխաները նման թեմաների մասին կարող են ինֆորմացվել ոչ միայն ծնողներից, այլև մեդիա դաշտից, ինչը և՛ լավ է, և՛ վատ, քանի որ հաճախ ինֆորմացիան սխալ է լինում և  կարող է բացասական հետևանք ունենալ։ Ուստի բոլոր ծնողների հորդորում ենք, որպեսզի իրենց երեխաներին մատչելի և ճիշտ ժամանակին բացատրեն սեռային և սեռական դաստիարակություն՝ հետագա խնդիրներից խուսափելու  համար։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ