Գլխավոր էջ Գլխավոր Բացարձակապես դեմ եմ դիմակով դասապրոցես անկացնելուն. թերապևտ

Բացարձակապես դեմ եմ դիմակով դասապրոցես անկացնելուն. թերապևտ

2356
0

Covid19 համաճարակը փոխեց բոլորիս կյանքի բնականոն ընթացքը, մտցրեց ապրելու և աշխատելու նոր ձևաչափեր: Գրեթե վեց ամիս է, ինչ ապրում ենք համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում, որոշ խիստ կամ թույլ սահմանափակումներով։ Մենք գրեթե սովորել ենք ապրել թագավարակի հետ, և հիմա հերթը հասել է ճիշտ և հնարավորինս անվրեպ կազմակերպել ուսումնական տարին։ Թեմայի շուրջ MedMedia.am-ը զրուցել է թերապևտ Լամարա Մանուկյանի հետ: «Իհարկե համաճարակը մեզ սովորեցրեց հեռահար ուսուցման հմտություններին, բայց ուսման մեջ կարևոր է անմիջական շփումը։ Այդ իսկ պատճառով շատ ճիշտ էր դպրոցների և ԲՈՒՀ-երի վերաբացումը, անգամ հիբրիդային եղանակով ուսուցումը»,-համոզմունք հայտնեց բժշկուհին և ավելացրեց. «Բայց կարդալով կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցները, մշակված ՀՀ ԿԳՄՍՆ կողմից, ունեմ մի քանի նկատառումներ, որոնք, իմ կարծիքով, կարիք ունեն շտկման»։ Լամարա Մանուկյանը բացարձակապես դեմ է դիմակով դասապրոցես անկացնելուն, ինչպես տարրական, այնպես էլ բարձր դասարաներում։ «Դիմակը կարելի կրել դպրոց մտնելիս, դպրոցում շրջելիս, դասամիջոցներին, բայց ոչ դասի ժամանակ։ Միանշանակ, տևական դիմակ կրելը՝ 3-6 ժամ անընդմեջ, առաջացնելու է թթվածնային քաղց շեղելու է ուշադրությունը, նվազեցնելու է աշակերտի կամ ուսանողի ընկալունակությունը և թեմայի յուրացումը»,-մտահոգություն հայտնեց զրուցակիցս և հատկապես, շեշտեց, որ տարրական դասարաններում ավելի բարդ է լինելու դիմակի ճիշտ և երկարատև կրելը, քանի որ 6-8 տարեկան երեխաները դիմակները պարբերաբար հանելու են, գցելու են սեղանին, գետնին, իրար են փոխանցելու, և նորից կրելու են այդ աղտոտված դիմակը։ Բժշկուհին նշեց, որ ուսումնասիրել է տարբեր երկրների ուղեցույցները ուսումնական տարվան պատրաստվելու կորոնավիրուսի պայմաններում։ «Շատ երկրներում դիմակով դասապրոցես չի անցկացվելու, ոչ ուսուցիչները և ոչ էլ աշակերտները դասի ժամին դիմակ չեն կրելու, դասամիջոցին դուրս են գալու դասասենյակից, պահպանելով սոցիալական հեռավորություն և ալն»,-ասաց Լամարա Մանուկյանն ու ավելացրեց. «Դիմակ կրելը դասի ժամանակ կստեղծի շատ մեծ խառնաշփոթ և անհարմարավետություն բոլորի համար՝ կխանգարի ուսուցչին դասը բացատրել և վարել, փոխարենը պետք է վերահսկի դիմակի ճիշտ և մշտապես կրելը, գետնին չգցելը, հաճախակի փոխելը, կշեղի աշակերտների ուշադրությունը և կնվազեցնի թեմայի ըմբռնումը»։ Թերապևտի համոզմամբ՝ դասարանները կիսելու գաղափարը՝ 15-20 երեխա մեկ դասարանում երկու հերթափոխով և սոցիալական հեռավորությունը պահելը, ինչպես նաև ամեն դասարանում օդը մանրեազերծող և ձեռքերը ախտահանող սարքերի տեղադրումը բավական է վարակի չափավոր կանխարգելմանը և դասապրոցեսը չխաթարելու համար։ «Խելամիտ որոշում ընդունելու համար պետք է խորհրդակցել ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ մանկաբուժների, թոքաբանների, մանկական հոգեբանների հետ, ուսումնասիրել այլ երկրների ուղեցույցները և փորձը, որոնք Հայաստանից ավելի շատ վարակակիր ունեն, և վերջապես հաշվի նստել հանրության, ծնողական խորհրդի և ուսուցիչների հետ»,-առաջարկեց բժշկուհին։

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ