Գլխավոր էջ Նորություններ Անոթային ո՞ր հիվանդություններ են անդամահատման պատճառ դառնում

Անոթային ո՞ր հիվանդություններ են անդամահատման պատճառ դառնում

969
0

Կան մի շարք հիվանդություններ, որոնք բերում են վերջույթների տարբեր հյուսվածքների սուր կամ քրոնիկ ընթացքով ախտահարումների և ոչ սակավաթիվ դեպքերում նաև անդամահատումների։ Այս հիվանդությունների մասինMedMedia.am-ը զրուցել է Վլ. Ավագյանի անվան ԲԿ Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Տիգրան Քամալյանի հետ: «Անդամահատումները հիմնական պատճառներից են զարկերակային հիվանդություններ»,-ասաց անոթաբանն ու մանրամասնեց. «Վերջույթների զարկերակների սուր թրոմբոզները կամ քրոնիկական խցանումները բերում են հյուսվածքների թերսնուսման՝ իշեմիայի զարգացման, մեռուկացման և հանդիսանում են անդամահատումների ամենահաճախ հանդիպող պատճառը»։ Ամենատարածված զարկերակային հիվանդությունները, որոնք բերում են տարածուն խցանման, Տիգրան Քամալյանի խոսքով, դա աթերոսկլերոզն է և խցանող թրոմբանգիիտը կամ Բյուրգերի հիվանդությունը։ «Նույնիսկ ժամանակին կատարված բուժական միջոցառումները հաճախ բավարար չափով արդյունավետ չեն լինում վերջույթը փրկելու համար»,-ասաց բժիշկը:
Հաջորդ պատաճառներից , ըստ մասնագետի, շաքարային դիաբետը, դիաբետիկ անգիոպաթիան և դիաբետիկ ոտնաթաթն են: «Շաքարային դիաբետի ժամանակ հիմնականում վնասվում են ծայրամասային փոքր տրամաչափի զարկերակները, որոնք աստիճանաբար խցանվում են և բերում վերջույթի տարբեր աստիճանի թերսնուցման զարգացման»,-ընդգծեց Տիգրան Քամալյանը։
Անդամահատման պատճառ կարող են դառնալ նաև երակային և լիմֆատիկ համակարգի հիվանդությունները: «Երբեմն, երբ առկա է խիստ արտահայտված քրոնիկական երակային անբավարարություն, վերջույթի զգալի մակերեսը ընդգրկող, տարածուն, երկարատև չլավացող տրոֆիկական խոցերով, առավել ևս եթե այդ խոցերում նկատվում է չարորակացման հակում, անհրաժեշտություն է առաջանում գնալ անդամահատման»,-ասաց զրուցակիցս և շարունակեց. «Նմանատիպ ցուցումներ են դրվում նաև լիմֆոստազի խիստ բարդացած ձևերի, արտահայտված փղախտի դեպքերում, երբ առկա է վերջույթի տարածուն ախտահարումներ, խոցեր, ինֆեկցիա։
Չարորակ նորագոյացությունները ևս անդամահատման պատճառ կարող են դառնալ: «Վերջույթների շրջանում զարգացող չարորակ նորագոյացությունները, որոնք հաճախ լինում են ոսկրային ծագման կամ փափուկ հյուսվածքներից զարգացող սարկոմաներ, ուշ են հայտնաբերվում, ունենում են խիստ չաորարկ ընթացք և հաճախ ախտորոշման ժամանակ ներաճած են լինում դեպի հարակից հյուսվածքները, ինչպես նաև մետաստազներ են հայտնաբերվում ավելի հեռակա հյուսվածքներում ու օրգաններում»,-նշեց Տիգրան Քմալյանը։
Անդամահատման վերջին, առավել հաճախ հանդիպող պատճառն անոթաբանը վնասվածքները նշեց: «Տարբեր պայմաններում ստացած բարդ վնասվածքները կարող են բերել վերջույթների լրիվ կամ մասնակի պոկման և պատճառ դառնալ անդամահատումների»,-նկատեց մասնագետը և ամփոփեց. «Անդամահատման բերող վնասվածքների շարքում կարևոր է նշել նաև մեծ մակերեսով ցրտահարություններն ու այրվածքները, որոնք բերում են հյուսվածքների տարածուն մեռուկացման և ածխացման առաջացման, որոնք ենթակա չեն վերականգնման»։

 

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ