Գլխավոր էջ Նորություններ Վարդենիսում կորոնավիրուսի բռնկում չկա․ համայնքի ղեկավար

Վարդենիսում կորոնավիրուսի բռնկում չկա․ համայնքի ղեկավար

563
0

Վարդենիսում բռնկում չունենք, մի քանի դեպք է, որը փոփոխական է, կարող է ամիսն ունենանք 5 դեպք, կամ 3 դեպք. մեզ մոտ բռնկումը եղել է ապրիլին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։

«Ամեն ինչ վերահսկելի է, պոլիկլինիկան եւ հիվանդանոցը շատ լավ աշխատում են։ Ինձ թվում է հանրապետության մակարդակով վիճակագրական առումով մենք լավ վիճակում ենք։ Մեր էջում երբ հայտարարություն կատարեցինք, ընդամենը զգոնության կոչ արեցինք»,- ասաց համայնքի ղեկավարրը՝ հավելելով, որ զգոնության կոչը, ցավոք, խուճապ էր առաջացրել։

Օրերս Վարդենիսի համայնքապետարանը ֆեյսբուքյան գրառմամբ քաղաքացիներին խնդրել եւ պահանջել էր հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները պահպանել։

«Մի թուլացրեք զգոնությունը, քանի որ Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր օջախ է բռնկվել: Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է»,- ասված էր գրառման մեջ։ Սակայն, օգոստոսի 24-ին գրառումը խմբագրվեց ՝ բռնկում բառը հանվել էր։

«Մենք ուղղակի ցանկացել էինք ժողովրդին կոչ անել, որ զգոն լինեն, բայց, փաստորեն համայնքապետարանի կողմից վրիպում էր թույլ տրվել, որ Վարդենիսում կա բռնկում, էդ բառը չպիտի լիներ»,- ասաց Արամ Մելքոնյանը։

Համայնքի ղեկավարը թվեր չի ներկայացնում, թե վերջին օրերին կորոնավիրուսի կոնկրետ քանի՞ դեպք է գրանցվել, քանի՞սն են մեկուսացվել, պատճառաբանում է, որ իրավասու չէ պատասխանել։ Մեր դիտարկմանը, թե համայնքի ղեկավար է, Արամ Մելքոնյանը հավելեց, որ թվային տվյալ չի ներկայացնում, որովհետեւ հնարավոր է սխալվի։

«Կարող եմ ասել, որ երեկվա դրությամբ մեկ դեպք է գրանցվել, այսօր գրանցված դեպք չունենք»,- ասաց նա։

Մեր հարցին, թե Վարդենիսում կորոնավիրուսի քանի՞ դեպք է գրանցվել, որ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում ստիպված են եղել համաքաղաքացիներին զգոնության կոչ անել, Արամ Մելքոնյանն արձագանքեց․

«Էդ կոչից մի քանի օր առաջ գրանցվել էր 10 դեպք, որոնցից շատերն ասիպտոմ են եղել, ուղղակի տնային պայմաններում մեկուսացել էին»։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ Վարդենիսում վիրուսը գրեթե բացակայում է։

«Մեկ, երկու դեպքը ես չեմ համարում, որ ինչ-որ թվերի աճ կա, ոչ էլ կասեմ՝ թվերի նվազում, կասեմ՝ վիրուսի իսպառ բացակայություն»,- նշեց նա։

Համավարակի տարածման հիմնական պատճառն, ըստ համայնքի ղեկավարի՝ հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության հավաքն է։

«Վարդենիսում ավանդույթները մի քիչ ուրիշ են, մարդիկ ավեի շատ են գնում իրար ցավակցելու, ժամերով, օրերով նստում են մի տան մեջ։ Մարդկանց սթափեցնելու համար, որպեսզի խուսափենք նման բաներից գրառում կատարեցինք, հիմա փորձում ենք դրա տակից դուրս գալու, որովհետեւ շատ մարդիկ են զանգել զուտ հետաքրքրության համար»,- եզրափակեց համայնքի ղեկավարը։

Աղբյուրը՝ News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ