Գլխավոր էջ Գլխավոր Դիսպրաքսիա. ներկայացնում է լոգոպեդ Անուշ Բաբայանը

Դիսպրաքսիա. ներկայացնում է լոգոպեդ Անուշ Բաբայանը

8243
0

Ի՞նչ է դիսպրաքսիան

Այսօր մենք հաճախ ենք լսում, որ այս կամ այն երեխան ունի գերակտիվություն և  ուշադրության դեֆիցիտ, անփույթ է, դժվարանում է  ինքնասպասարկվել՝  հագնվել, հավաքել գրքերը,  կոճկել կոշիկները, հագուստը, չի կարողանում կենտրոնանալ ուսումնական գործընթացում, կամ հաճախ առնչվում ենք երեխաների հետ, ովքեր կարծես թե բոլոր նախադրյալներն ունեն նորմալ խոսք ունենալու, բայց ունենում են խոսքային խնդիրներ, դժվարանում են ֆիզիկական գործունեության ժամանակ,   հարթ, առանց խոչընդոտների տարածության մեջ կարող են ընկնել և այլն։

Մենք ասում ենք երեխան ծույլ է, չի ցանկանում սովորել, խուսափում է պատասխանատվությունից, ուսումնական գործունեությունից, սակայն չենք պատկերացնում, որ այն երեխայի  ծուլությունը կամ ցրվածությունը չէ։

Մենք այստեղ խնդիր ունենք  այսպես կոչված դիսպրաքսիայի հետ

Իսկ ի՞նչ է դիսպրաքսիան, այն առաջացել է հունարեն dis- մասնակի խանգարում և praxis -գործողություն բառերից։

Դիսպրաքսիան  կենտրոնական նյարդային համակարգի համակցված խանգարման արդյունքում նպատակաուղղված շարժումներ կատարելու դժվարություն է։ Դիսպրաքսիայի ժամանակ բացակայում են պարեզներ , պարալիչներ, մկանային իներվացիան  և տոնուսը պահպանված են, առանձին շարժումները պահպանված են, բայց նպատակաուղղված գործողությունները, շարժումները դժվարացած են։

Գործածվում է նաև ապրաքսիա եզրույթը,  հունարեն a – լրիվ բացակայություն և praxis -գործողություն բառերից։

Ապրաքսիան նպատակաուղղված գործողությունների կատարման կարողության բացակայությունն է ։

Որոշ հետազոտողների տվյալների համաձայն՝ դիսպրաքսիա կարող է ունենալ յուրաքանչյուր 5-րդ անձը։

Դիսպրաքսիան և ապրաքսիան հաճախ առաջանում են գլխուղեղի կեղևի, հաղորդող ուղիների , բրտամարմնի   շրջանում օջախային  ախտահարումների հետևանքով։

Սակայն կարող է նաև որևէ օրգանական ախտահարում դիսպրաքսիայի ժամանակ օբյեկտիվ հետազոտության տվյալներում ի հայտ չգալ։

Ըստ հիվանդությունների ֆունկցիոնալ  10-րդ  դասակարգման՝ դիսպրաքսիան  մտնում է այս կամ այն նյարդաբանական, հոգեկան, սոմատիկ հիվանդությունների  կազմի մեջ։

Ի՞նչ ախտանիշներ են բնորոշ դիսպրաքսիային

Ինչպես   վերը նշվեց, դիսպրաքսիան կարող է  արտահայտվել  շարժողական մի շարք խանգարումներով․

  • Դժվարություն հագնվելիս
  • Ինքնասպասարկվելիս,
  • Արտասանության մեջ
  • Գերզգայություն
  • Դժվարություն, օրինակ, գնդակ խաղալիս
  • Գրելիս , կարդալիս
  • Ուշադրության կենտրոնացման դժվարություններ
  • Քաոտիկ շարժումներ
  • Նպատակաուղղված գործողություններ կատարելու դժվարություններ և այլն։

Հետխորհրդային երկրներում դիսպրաքսիան որպես առանձին  լոգոպեդական խանգարում քիչ է ուսումնասիրված։ Այն  դիտարկվում է որպես դիզարտրիայի, դիսլալիայի, ալալիայի և այլ խոսքային խանգարումների  ախտանիշ։

3  Դիսպրաքսիայի ի՞նչ ձևեր կան

Դիսպրաքսիայի դասակարգումը իրականացվում է՝  հաշվի առնելով շարժումների  խանգարման  բնույթը, ըստ որի տարբերակում են կինեսթետիկ, տարածական, դինամիկական, և տեղակայումը, որի  համաձայն կարող են լինել  հետևյալ ձևերը․

Վերբալ կամ արտասանական,  որի ժամանակ դիսպրաքսիայով անձը (երեխան  կամ մեծահասակը ) ունենում է դժվարություն արտաբերական շարժումներ կատարելիս։ Մարդը դժվարանում է ճիշտ հաջորդականությամբ արտասանել նախադասության բառերը։

Շարժողական դիսպրաքսիա,  որի ժամանակ անձը դժվարանում է  իրականացնել հաջորդական բարդ շարժումներ։  Դիսպրաքսիայի այս ձևի ժամանակ անձը դժվար   է հագնվում,  դժվարություններ  է ունենում ուտելիս, քայլելիս, գրելիս, ամրակապիչները կապելիս և այլն։

Տեսողական դիսպրաքսիա, որի ժամանակ   անձը դժվարանում է  տեսողապես  հետևելու այս կամ այն գործողությանը։ Այն հատկապես նկատվում է  կրտսեր դպրոցական տարիքում, երբ երեխան դժվարանում է հայացքով հետևել ընթերցվող նյութին։

Դիսպրաքսիայի այս ձևը առավել նկատելի է դառնում նաև քայլքի, վազքի  կամ թռչկոտելու ժամանակ։

Արտահայտչական շարժումների խանգարումներ.   դիսպրաքսիայի այս ձևի ժամանակ  անձը արտահայտիչ միմիկ շարժումներ դժվարանում է կատարել։

Նա  այս դեպքում կարող է իրավիճակին ոչ  համապատասխան  միմիկա արտահայտել, օրինակ ժպիտի փոխարեն  զայրույթ արտահայտել։

Կառուցողական դիսպրաքսիայի ժամանակ դժվարություններ է առաջանում  մի գործողությունից մյուսին անցնելիս։  Օրինակ՝ «Քայլքից վազք անցում կատարի՛ր ըստ հրահանգի» գործողության ժամանակ։

Կինեսթետիկ դիսպրաքսիան   արտահայտվում է արտասանական մի դիրքից մյուսին անցման դժվարություններով, ձեռքի մանր մոտորիկայի դժվարություններով։

 Ինչպե՞ս    կարելի է հասկանալ , որ անձն ունի դիսպրաքիա

 Գոյություն ունեն մի շարք թեստեր, որոնց միջոցով կարելի է պարզել, անձը/ երեխան/   ունի՞ դիսպրաքսիա, թե՝ ոչ։ Սակայն դիսպրաքսիա  ախտորոշումը իրականացվում է ոչ  մեկ մասնագետի կողմից։

Այն ախտորոշում են մանկաբույժը կամ նեղ մասնագետը, նեյրոհոգեբանը,  լոգոպեդը։

Հետազոտական տարբերակներից է Ա․ Ռ․ Լուրիայի կողմից առաջարկված  նեյրոհոգեբանական հետազոտությունը, որը ներառում է  26 առաջադրանքից բաղկացած թեստ, որով  հետազոտում են  անձի / երեխայի տարածական, դինամիկական և կինեսթետիկ  պրաքսիսը։

Նախնական ախտորոշման համար տրվում են այսպիսի հրահանգներ․

  • Անձին/ երեխային խնդրում են հագնվել/ հագնել օրինակ վերնազգեստ, շապիկ/
  • Նկարել պարզ որևէ առարկա, կամ կենդանի
  • Հաջորդաբար՝ ըստ հրահանգի քայլել դանդաղ, ապա արագ, կամ հակառակը
  • Բռնել աջ հետո ձախ ականջը, կամ աջ ձեռքով բռնել ձախ ականջը, ձախ ձեռքով՝ աջ ականջը։
  • Հայացքով ցույց տալ այս կամ այն առարկան
  • Ազատ զրույցի միջոցով պարզել արտասանական կողմի հնարավոր դժվարությունները
  • Ոտքերը խաչաձև դնել՝ ըստ հրահանգի՝ աջը ձախի վրա կամ հակառակը
  • Հավաքել փազլ կամ գլուխկոտրուկ
  • Մկրատով կտրատել պարզ պատկերներ, օրինակ քառակուսի

Ինչպե՞ս է լոգոպեդը օգնում դիսպրաքսիա ունեցող անձին

Դիսպրաքսիայի հաղթահարման համար անհրաժեշտ է թիմային նպատակաուղղված  ու տևական աշխատանք։ Այդ թիմային աշխատանքում կարևոր դեր ունի լոգոպեդը, քանի որ օրալ կամ վերբալ դիսպրաքսիան անմիջականորեն առնչվում է խոսքին։

Արտասանական դժվարություններ առաջացնող դիսպրաքսիայի ժամանակ կարող են լինել․

  • Ձայնավոր կամ բաղաձայն հնչյունների բացթողումներ
  • Բառա-քերականական սխալներ
  • Հնչյունների փոխարինումներ
  • Հնչյունների աղավաղումներ
  • Վանկերի բացթողումներ կամ տեղափոխություններ և այլն, որոնք կարող են դիտվել թե՛ գրավոր և թե՛ բանավոր խոսքում, որի դեպքում, անխոս լոգոպեդական աշխատանքը չափազանց կարևոր է։

Դիսպրաքսիան կարող է որպես ախտանիշ թլվատության, աֆազիայի, ալալիայի հոգեկան զարգացման հապաղման, խոսքի ընդհանուր թերզարգացման , գրավոր խոսքի խանգարումների  ժամանակ։

Լոգոպեդական աշխատանքը տարվում է մի քանի ուղղությամբ՝ նպատակ ունենալով  անձի/ երեխայի/ մոտ հաղթահարել  տարածական, կինեսթետիկ, շարժողական դժվարությունները, որոնք խոչընդոտում են գրավոր կամ բանավոր խոսքը ճիշտ կառուցելուն։

Շատ կարևոր է աշխատելու ընթացքում հաշվի առնել հետևյալը

Եթե դիսպրաքսիա ունեցող անձը  նախադպրոցական կամ կրտսեր դպրոցական տարիքի  երեխա է,․ ապա

  • Խաղացե՛ք նրա հետ, այլ ոչ թե աշխատեք
  • Զարգացրե՛ք նրա մոտ ոչ միայն ճիշտ հնչարտասանությունը, այլ նաև շարժումների կոորդինացիան
  • Խաղերի միջոցով զարգացրե՛ք մանր մոտորիկան
  • Գովե՛ք երեխային նույնիսկ փոքրիկ հաջողության դեպքում
  • Ուշադրությունը մի՛ հրավիրեք երեխայի անհաջողությունների վրա
  • Մի՛ շտապեցրեք երեխային առաջադրանքը կատարելիս
  • Երեխայի ուշադրությունը առաջադրանքը կատարելիս հրավիրեք նույնիսկ մանրուքների վրա։

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ