Գլխավոր էջ Գլխավոր COVID 19-ի պարտադիր թեստավորումը խոչընդոտ չէ․ Արցախ ամեն օր մի քանի...

COVID 19-ի պարտադիր թեստավորումը խոչընդոտ չէ․ Արցախ ամեն օր մի քանի հարյուր քաղաքացի է այցելում

582
0

ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյբուքյան իր  էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով Արցախ այցելելու համար ՀՀ քաղաքացիների կողմից թեստ հանձնելու պարտադիր պահանջին։ Նա մասնավորապես նշում է․«Բազմաթիվ քաղաքացիներ ընտանիքներով ցանկանում են մեկնել ԱՀ՝ այնտեղ անցկացնելու ամառային հանգիստը, սակայն, խուսափելով հատկապես երեխաների համար նոր կորոնավիրուսի թեստ հանձնելու անհարմարություններից, ունենալով մեծ ցանկություն՝ չեն այցելում Արցախ։ Արդյունքում Արցախի զբոսաշրջության ոլորտը զրկվում է բավականին խոշոր ֆինանսական մուտքերից, ինչն էլ իր բացասական ազդեցությունն է թողնում ԱՀ ընդհանուր տնտեսական վիճակի վրա»։

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ։

«Պարոն Մարուքյանն իր կարծիքն է հայտնել։ Արցախի պարետի որոշման համաձայն մինչև օգոստոսի 12-ը ՀՀ բոլոր քաղաքացիները Արցախ էին այցելում հատուկ թույլտվությամբ։ Այժմ,  հաշվի առնելով Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակը, եղել է փոփոխություն»,-ասաց նա։

Պողոսյանի խոսքով՝ քանի որ այժմ ՀՀ-ում բավականին նվազել են վարակի թվերը, փոխվել է որոշումը։

«Յուրաքանչյուր ընտանիք, որը ցանկանում է այցելել Արցախ, կարող են գալ՝ միայն թե ունենալով թեստի բացասական պատասխան։ Այս պահին, այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չենք տեսնում, որովհետև կան ռիսկեր և այդ ռիսկերը չեն նվազել։ Այդ ռիսկերը պետք է վերահսկել»,-նշեց նա։

Պողսյանը հայտնեց, որ պարտադիր թեստավորումը խոչընդոտ չէ, քանի որ ամեն օր Արցախ է այցելում 500-600 քաղաքացի։

Նախագահի խոսնակը հպարտությամբ տեղեկացրեց, որ Արցախում մինչ օրս հնարավոր է եղել կառավարել վարակի օջախները։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ