Գլխավոր էջ Հարցազրույցներ Տնական պահածոներ. ձմեռվա նո՞ւշ, թե՞ փուշ

Տնական պահածոներ. ձմեռվա նո՞ւշ, թե՞ փուշ

20118
0

Ժողովուրդն ասում է՝ ամառվա փուշը, ձմեռվա նուշը: Հենց այս սկբունքով այժմ գրեթե բոլոր հայ ընտանիքներում պահածոների, չրերի ու սառցարանները լցնելու ժամանակն է: Բայց արդյոք արժե այդքան ջանասիրաբար պահածոներ ամբարել, MedMedia.am-ը պարզել է սննդաբան Հասմիկ Աբովյանից:

«Միանշանակ տնային պայմաններում ձմեռային պաշարի ամբարման միակ անվտանգ ձևը մթերքի սառեցմումն ու չորացումն է: Իսկ ինչ վերաբերում է պահածոյացմանն, ապա հարկ է նկատել, որ սրա վտանգն այնքան շատ է, որ նույնիսկ դրանց եղանակների մասին խոսելն անիմաստ է»,-ասաց բժշկուհին և մանրամասնեց. «Իրականում որևէ կանոնի խստագույն պահպանումն անգամ չի կարող մեզ ապահովագրել պահածոների առաջացրած վտանգից, հատկապես՝ բոտուլիզմից: Նույնիսկ կատարյալ մաքրությունն ու երկար եփելը եղանակ չեն փոխում»:

Հասմիկ Աբովյանն ընդգծեց, որ բոտուլիզմով թունավորված մթերքը ակնառու որևէ նշան չի ունենում, պահածոն կարող է անուշ բուրել, քիմքին հաճելի համ ու գույն ունենալ, բայց լինել թունավոր: «Եթե պահածոներ, ապա միայն արտադրական ծագմամբ, քանզի դրանց պատրաստման ժամանակ ապահովվում է բարձ ճնշում և ջերմաստիճան, որոնք սպանում են բոտուլիզմի սպորաները»,-ասաց բժշկուհին: Սակայն այս դեպքում պետք հիշել, որ պահածոները որևէ օգտական հատկություն չունեն, ավելին՝ դրանք մեծաքանակ շաքարավազ և աղ են պարունակում, որոնք հայտնի են «սպիտակ մահ» անունով:

Այնուամենայնիվ, եթե վերը նշվածն անգամ չի ստիպում Ձեզ չպահածոյացնել, սննդաբանն առաջարկեց. «Այս պարագայում թույլատրելի է պահածոյացնել այնպիսի մթերքներ, որոնք օգտագործելուց առաջ հնարավոր է 20-30 րոպե տարայից դատարկված վիճակում ամբողջ ծավալով եռացնել: Այս պարագայում մթերքը կդառան համեմատաբար անվտանգ, բայց չի ունենա որևէ օգտակար հատկություն»:

Հասմիկ Աբովյանը նաև ուշադրություն հրավիրեց մեծ տարաներով թթու պատրաստելու երևույթին և տեղեկացրեց, որ դրանց ներքևի հատվածում ևս անօդ տարածություն է ստեղծվում, ինչը նույնպես բոտուլիզմի զարգացման համար հարմար միջավայր է: Պետք է ընդգծել, որ ըստ վիճակագրության, հենց տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից են բոտուլիզմի դեպքեր գերակշիռ մասը: Նշենք, որ բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է: Մեր ժողովուրդն այնքան էլ լուրջ չի ընդունում այս թունավորման սպառնալիքը, դրա համար էլ այդ ցավալի դեպքերը չեն նվազում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ