Գլխավոր էջ Հարցազրույցներ Ապատեղեկատվությունը՝ որպես սեռական խանգարումների պատճառ

Ապատեղեկատվությունը՝ որպես սեռական խանգարումների պատճառ

14334
0

«Պետք է փաստել, որ վերջերս, բարեբախտաբար, երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը սկսել են ավելի հաճախ սեքսոպաթոլոգի դիմել:

Ինչ խոսք, նախաամուսնական հետազոտությունը ողջունելի է, քանի որ լինում են սեռական որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել»,-MedMedia.am-ի հետ զրուցելով մեր հասարակության սեքսուալ կուլտուրայի առանձնահատկություններից նշեց սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանն ու մտահոգություն հայտնեց, որ հաճախ իրենց դիմում են այնպիսի պացիենտներ՝ տղամարդիկ, կանայք, ամուսնական զույգեր, որոնց մոտ ապատեղեկատվության, սեռական դաստիարակության բաղթողումների պատճառով առաջացել են սեռական խանգարումներ: «Պատճառն այն է, որ ծնողներից բացի, երեխաների սեռական դաստիարակությամբ «զբաղվում են» նաև նրանց շրջապատը` ավելի «իրազեկ» ավագ ընկերները, կասկածելի և անհավաստի տվյալներ պարունակող գրականությունը, ինտերնետային կայքերը, ֆիլմերը, հեռուստատեսությունը»,-ընդգծեց սեքսոպաթոլոգն ու անրադառնալով խոցելի տարիքային խմբերին նշեց, որ իրենց կլինիկա այցելում են տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները՝ դեռահասները, պատանիները, երիտասարդները, հասուն մարդիկ, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչները:

«Տղամարդիկ հաճախ դիմում են այնպիսի խնդիրների պատճառով ինչպիսիք են էրեկցիայի խանգարումը (իմպոտենցիա), սերմնաժայթքման խանգարումը, սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը, անպտղությունը, սեռական խանգարումները` պայմանավորված սեռավարակներով, պրոստատիտով, նևրոզով և այլն»,-մանրամասնեց Վրեժ Շահրամանյանը: Ինչ վերաբերում է կանանց, բժշկի խոսքով, վերջիններիս անհանգստացնում են օրգազմի խանգարումը, վագինիզմը (հեշտոցի մկանների ակամա կծկում), սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը, զզվանքը սեռական հարաբերությունից, սեռական բավարարավածության բացակայությունը, ցավը սեռական հարաբերության ժամանակ, սեռական աններդաշնակությունը: Մասնագետը նաև փաստեց, որ կանխարգելիչ նկարառումներով դիմողներն էլ են ավելացել: «Սեռական կյանքի պսիխոհիգիենայի հարցերի շուրջ հասարակության տեղեկացվածության բարձրացումը նպաստում է այն բանին, որ մարդիկ սկսել են քննադատորեն մոտենալ իրենց սեռական կյանքի այս կամ այն դրսևորմանը: Անչափ կարևոր է այն փաստը, որ ամուսինները փորձում են ավելի հագեցած, ավելի բազմաբովանդակ և ներդաշնակ դարձնել իրենց սեռական կյանքը»,-շեշտադրեց բժիշկն ու հորդորեց հստակ գիտակցել, որ անկողնային անախորժությունները վաղ թե ուշ կարող են ընտանիքի կործանման պատճառ դառնալ: «Եթե սեռական կյանքում ամպամած եղանակ է առաջանում, պետք չէ սպասել, լռել, հետաձգել: Պարզապես պետք է ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի օգնությանը: Չէ՞ որ կայուն ընտանիքը «առողջ» պետության գրավականն է: Բոլորին մաղթում եմ սեռական լուսավոր ու պայծառ եղանակ», ամփոփեց Վրեժ Շահրամանյանը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ