Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ ակնկալել սեպտեմբերի 15-ից․նախարարի ռիսկային որոշումը

Ի՞նչ ակնկալել սեպտեմբերի 15-ից․նախարարի ռիսկային որոշումը

4232
0

Կորոնավիրուսի համավարկով պայմանավորված այս սեպտեմբերի 1-ը նման չի լինի մյուսներին։ Թե ԲՈՒՀ-երում և թե դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից։ Այս տարին կտարբերվի մյուսներից, քանի որ թե՛ մանկավարժներից, թե՛ աշակերտներից և թե՛ ուսանողներից ակնկալվում է զգոնություն։ Անկախ նրանից, որ դասերը վերսկսվում են, այդուհանդերձ, համավարակով պայմանավորված անվտանգության կանոնները պետք է պահպանվեն։

Medmedia.am-ի հետ զրույցում կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ դասերով պայմանավորված խնդիրները շատ են, հատկապես բարդ է լինելու ավագ դպրոցներում։
« Ունենք իրավիճակի կառավարելիության խնդիր։ Իմ պատկերացմամբ՝ 3-4 դասարանների աշակերտները կարող են մասնակցել դասերին առկա, որովհետև այսպես թե այնպես մինչև 10 տարեկան երեխաները վարակի տարածման աղբյուր չեն հանդիսանում և այս տարիքի համար դպրոցները բացելը նորմալ է։ Փոքր երեխաների համար հեռավար ուսուցումը բավականին բարդ գործընթաց է»,-նշեց Խաչատրյանը ու ասաց, որ ունենք կազմակերպչական հարցեր, որոնք անհապաղ լուծման պահանջ ունեն։

« Դասերը կազմակերպելու համար մանրամասն ցուցում է պետք։ Այդուհանդերձ, որոշ աշխատանքներ պետք է հեռավար շարունակել, օրինակ՝ մանկավարժական խորհրդի և ծնողական ժողովները, մատյաններ լրացնելը և շատ ու շատ այլ գործեր կարելի է հեռավար հարթակում կազմակերպել։ Իսկ դասերի տևողությունը հավանաբար կկրճատվի։ Օրինակ՝ կարելի է 30 րոպե տևողությամբ դարձնել դասերը, բայց այս պարագայում ծրագրային խնդիրներ կառաջանան ու շատ բաներ մանկավարժները չեն հասցնի։ Այսպես թե այնպես ուսուցուչները երկու հերթով են աշխատելու, որ գոնե ժամը 4-ին ավարտած լինեն դասերը, ֆիզիկապես հազիվ էլ հասցնեն այդքան պարապել »։

Կրթության ոլորտի փորձագետի գնահատականներով՝ մեր աշակերտներն այսօր ունեն վարքի կանոնների պահպանման խնդիր ու շատ դժվար է լինելու նրանց բացատրել, որ 5-6 ժամ դիմակով պետք է նստեն դասի։

« Մեր աշակերտները հանելու են դիմակը, գրկախառնվելու են, չեն ենթարկվելու կարգուկանոնի, մենք բախվելու ենք մի շարք խնդիրների։ Մեկ այլ հրաման էլ կա, ըստ որի՝ դասամիջոցները պետք է դասարանում կազմակերպվի, իսկ այս պարագայում հաստատ խառնաշփոթ է լինելու ու երեխաներն էլ ավելի ագրեսիվ են դառնալու»։

Սերոբ Խաչատրյանը մեկ այլ խնդիր էլ է նկատում․

« Կբացվեն դպրոցները ու ԲՈՒՀ-երը, անխուսափելիորեն տրանսպորտից կօգտվի էլ ավելի շատ մարդ ու մտավախություն կա, որ աշնանը վարակվածների թվի աճ կունենանք։ Օրինակ՝ միջազգային փորձին եթե նայենք, Իսրայելում դպրոցները բացվելուց հետո կորոնավիրուսի դեպքերի աճ եղավ, Սկանդինավյան երկրներում կրթական համակարգի գործունեությանը զուգահեռ համավարակը զսպել եղավ, այսինքն այստեղ կարևոր է նաև ազգային առանձնահատկությունը, մենթալիտետը, նայած, թե որքանով է կանոնների պահպանման կուլտուրան մեր մեջ արմատացած»։

Խաչատրյանի հավաստմամբ՝ ֆինանսական ներդրումները ևս կարևոր է։

«Կան երկրներ, որտեղ դասարաններում նստարանները առանձնացված են հատուկ ապակիներով, կան պայմաններ, տաք ջուր և այլն։ Բայց եկեք հաշվենք, թե Հայաստանում քանի դպրոց ունի տաք ջուր, մենք անգամ սառը ջրի խնդիր ունենք։ Այս ամենը հարկավոր է հաշվի առնել, որպեսզի կրթական պրոցեսը ճիշտ կազմակերպվի»,-նշեց մեր զրուցակիցը։

Սյուզի Ասատրյան

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ