Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ են նախարարությունում «թռնում» բնապահպանների դեմքին

Ինչու՞ են նախարարությունում «թռնում» բնապահպանների դեմքին

1178
0

Այսօր, օգոստոսի 18-ին, վաղ առավոտից Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհը՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում առ այն, որ հանքի պայթեցման հետևանքով քիմիական տարրերով հարուստ օդը վտանգում է իրենց առողջությունը և լուրջ սպառնալիք է ազգաբնակչությանը։

ՖԲ օգտատեր Սևակ Խաչատրյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մաքուր օդ և ջուր ունենալու ակնկալիքով Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները առավոտյան ժամը 7:00-ին փակել էին Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը։ Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր։ Աղտոտում է նաև խմելու և ոռոգման ջրերը»։

Մասնավորապես, նրանք բողոքում են, որ Սոթքի ոսկու հանքավայրի պայթեցման հետևանքով տարածքում առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր, աղտոտում նաև խմելու և ոռոգման ջրերը։

Medmedia.am-ը հարցի վերաբերյալ զրուցեց բնապահպան Սիլվա Ադամյանի հետ, ով տարիներ շարունակ բարձրաձայնել է այս խնդիրը ու պայքարողներից մեկն է եղել։

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ դեռ տարիներ առաջ քննարկվում էր հանքավայրի տեղում ոսկու վերամշակման գործարան բացել, որի դեմ համառ պայքար մղեցին, նրանց շարքերում էր նաև « Էկոլոգիական հասարակական դաշինք» ՀԿ-ն։

« Այս ընթացքում հանքը անընդհատ ձեռքից ձեռք անցավ ու անընդհատ տարբեր որոշումներ էր կայացվում։ Մի կերպ հասանք նրան, որ ոսկու վերամշակման գործարան չբացվեց տարածքում։ Բայց հիմա էլ մեկ այլ խնդիր կա։ Հանքանյութերը լվանալու համար օգտագործվում է հատուկ մանրացվող սարք, այսպես ասած դրաբիլկա, այս ջրերը իբր ասում էին կվերամշակվի, որպեսզի գետերը լցվելուց էլ բնությանը վնաս չհասցնի։ Սակայն ոչ մի վերամշակում էլ չեղավ, դրաբիլկայով էլ շարունակեցին աշխատել ու աղտոտել գետերը, անմիջական վտանգի տակ է Սևանը։ Տարածաշրջանում ապրող մարդիկ քաջ գիտակցում են վտանգները, նրանք միշտ էլ ակտիվ են եղել ու բարձրաձայնել են հարցը։ Հանքանյութերը լվանալուց հետո ջրեր են կուտակվում, որոնք վտանգավոր տարրեր են պարունակում, սկզբնական շրջանում ասում էին, թե դրանք Արարատ կտանեն, հետո նոր համապատասխան վայրում բաց կթողնվեն, բայց ինչպես ժամանակը ցույց տվեց, այդ ջրերը ոչ մի տեղ էլ չտեղափոխվեցին, իսկ Սևանն էլ անմիջապես հանքի մոտակայքում է գտնվում»,-նշեց բնապահպանն ու հավելեց, որ այս պայքարում իր անելիքն ունի առողջապահության նախարարությունը։

« Նախարարությունը լավ գործ ունի այստեղ անելու, բայց չի անում, նախկինում էլ չի արվել։ Հիմա, երբ նման հարց ես տալիս իրենց, թռնում են դեմքիդ։ Իմ կոլեգաներից մեկը մի փոքր խումբ էր հավաքել, գնացել էր մոտ այդ հարցերով։ Լոռու մարզում հետազոտություն էր արվել ու սարսափելի իրավիճակ էր հայտնաբերվել այնտեղ։ Կառավարությունն ընդդիմացավ ու չկարողացանք տպագրել։ Նախարարն էլ մեր դիտարկմանն ի պատասխան ասել էր, թե շատ են ծխում դրա համար այդ վիճակն է Լոռիում։ Նախարարությանը կարծես ոչինչ չի հետաքրքրում, այս կառույցը գործ ունի անելու, չէ՞ որ խոսքը ազգաբնակչության առողջությանն է վերաբերում։  Ոչ կարծիք են լսում, ոչ խորհրդակցում, ինչ ուզում անում են»,-նշեց Ադամյանը։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ