Գլխավոր էջ Գլխավոր ԱՆ֊ ն պատասխանել է լրատվականի հարցմանը

ԱՆ֊ ն պատասխանել է լրատվականի հարցմանը

755
0

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի առաջին իսկ օրերից ՀՀ առողջապահության նախարարությանն օգնության ձեռք մեկնեցին մի շարք երկրներ, այդ թվում՝ առաջիններից մեկն էլ Ռուսաստանի Դաշնությունն էր: Պարզելու համար, թե ինչ չափով, ինչ տեսքով և ծավալի է եղել ՌԴ տրամադրած օգնությունը, ԼՈՒՐԵՐ.com-ը պաշտոնական հարցում էր հղել ՀՀ առողջապահության նախարարությանը: Պատասխանը՝ ստորև:

Առողջապահության նախարարության տրամադրած տվյալները, սակայն, որոշակի կասկածներ էին ներշնչում` կապված տրամադրված օգնության ծավալների հետ: Մի փոքր դժվար է պատկերացրել, որ ԱՄՆ-ին շուրջ մեկ միլիոն դոլարի օգնություն տրամադրած Ռուսաստանը դաշնակից Հայաստանին տրամադրել է ընդամենը մի քանի թեստ և ռեագենտ:

Ստուգելու համար նախարարության տրամադրած տվյալները` հարցումով դիմեցինք նաև Հայաստանում ՌԴ դեսպանատուն: Եվ այսպես, դեսպանատնից հայտնում են, որ «Росптребнодзор»-ի և ՀՀ առողջապահության նախարարության միջև գործող համագործակցության համաձայնագրի շրջանակներում Հայաստանին ահատույց տրամադրվել են՝ 

Փետրվարի 4-ին՝ 500 լաբորատոր թեստ

Մարտի 13-ին՝ 1000 լաբորատոր թեստ

Ապրիլի 13-ին՝ 20 հազար հետազոտության համար նախատեսված ռեագենտ 

Ապրիլի 23-ին՝ 13.5 հազար հետազոտության համար նախատեսված ռեագենտ և 7 բժշկական ջերմաչափ 

Մայիսի 13-ին՝ 20 հազար հետազոտության համար նախատեսված ռեագենտ 

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին անհատույց տրամադրվել է ռուսական արտադրության 8 ավտոմեքենա, ինչպես նաև համակարգչային տեխնիկա:

Պաշտպանության նախարարության գծով Հայաստանին որպես օգնություն է տրամադրվել շարժական դիագնոստիկ լաբորատորիան, որում ռուս մասնագետների կողմից ավելի քան 16 հազար թեստ է արվել: 

Բացի այդ, հունիսի 22-ին հատուկ չվերթով Հայաստան է ժամանել ռուս բժիշկների 50 հոգանոց խումբը: 

Դեսպանատունը նշում է նաև, որ Հայաստանում ռուսական կապիտալով գործող մի շարք ընկերություններ՝ Հարավկովկասյան երկաթուղիները, ՎՏԲ բանկը, ՀԷՑ-ը, զգալի ֆինանսական միջոցներ են փոխանցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բացված և համավարակի դեմ պայքարի համար նախատեսված հատուկ հաշվեհամարին: Դեսպանատունը նաև շեշտում է, որ վերը նշված օգնությունը վերաբերվում է միայն այն աջակցությանը, որը տրամադրվել է դիվանագիտական խողովակներով, իսկ ընդհանուր առմամբ ՀՀ –ին ՌԴ-ին տրամադրած օգնությունը շատ ավելի մեծ ծավալների է:

Ինչպես տեսնում ենք, առողջապահության նախարարության և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան տրամադրված տվյալները միմյանցից, մեղմ ասած, տարբերվում են: Մնում է հասկանալ, թե ինչ նպատակով է Արսեն Թորոսյանի ղեկավարած կառույցը բացահայտ սուտ տեղեկություն տրամադրում  լրատվամիջոցներին: Իհարկե, կարելի է կռահել, որ «Բաց հասարակության հիմնադրամի» հետ սերտ կապեր ունեցող նախարարը, ում պատվին արտասահմանյան սորոսական կայքերից մեկը անգամ «Հաջողության պատմություն» վերնագրով հոդված Է ձոնել, իսկ ինքն էլ իր հերթին կարկառուն սորոսականներով է համալրեր առողջապահության ողջ համակարգը, ունի որոշակի հիմքեր և պատճառներ` թաքցնելու ՌԴ օգնության իրական ծավալները: Նույն առողջապահության նախարարությունը ջանք ու եռանդ չէր խնայում փիառելու՝ «Բաց հասարակության հիմնադրամի» կողմից ՀՀ մարզերում համավարակից տուժածներին բաժանվող օգնությունը:

Ակնհայտ է, որ նախարարությունը տիրապետում էր ՌԴ տրամադրած օգնության ողջ ծավալի մասին տեղեկատվությանը, քանի որ օգնությունը տրամադրվել է հենց նախարարության հետ ունեցած համագործակցության համաձայնագրի հիման վրա և նախարարության գծով: Այժմ գլխավոր հարցը թերևս այն է, թե ո՞վ պետք է պատասխան տա լրատվամիջոցներին բացահայտ ստելու համար և ո՞ւմ թելադրանքով է, ընդհանրապես, պատկան մարմինը դիմում նման կեղծիքի: Տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդի հետ անկեղծ, բաց և թափանցիկ լինելու կոչերը դեկլարատիվ բնույթ ունեն և չեն վերաբերվում ոչ Արսեն Թորոսյանին, ոչ էլ նրա ղեկավարած կառույցին, որը, ինչպես տեսնում ենք, չի խորշում ինչ-ինչ շահերից ելնելով սեփական հանրությանը մոլորության մատնելուց…

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ