Ճարպակալումը քրոնիկական, ժառանգական և գենետիկական հիվանդություն է, որի հիմքում ընկած է ավելցուկային ճարպերի կուտակումը օրգանիզմում, ինչպես նաև նստվածքի առաջացումը ենթամաշկային բջջանքում, այլ օրգաններում ու հյուսվածքներում: Այս թեմայով Medmedia.am-ի թղթակիցը զրուցել է էնդոկրինոլոգ Գրետա Մուրադյանի հետ:
-Ինչպիսի՞ գործոններ կարող են նպաստել ճարպակալմանը:
– Ուզում եմ նշել, որ տարեցտարի ավելանում է ճարպակալումով տառապող հիվանդների թիվը: Գոյություն ունի գինոիդ և անդրոիդ ճարպակալում: Առավել վտանգավոր է անդրոիդ տեսակը, երբ ճարպը կուտակվում է որովայնի վերին հատվածներում՝ բերելով մետաբոլիկ տարբեր խանգարումների, ճնշման խնդրի, շաքարային դիաբետի: Ճարպակալման պատճառները տարբեր են՝ նստակյաց կյանք, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, տարբեր էնդոկրին հիվանդությունները, որոշ սննդամթերքների չարաշահումը: Կարևոր է հիշել, որ եթե կանանաց մոտ որովայնի և ազդրերի հատվածների հարաբերությունը մեծ է 0.8-ից, ապա կա աբդոմինալ ճարպակալում, իսկ տղամարդկանց մոտ 0.95-ից: Վիտամին D-ի պակասը նույնպես կարող է հանգեցնել ճարպակալման:
-Կախված օրգանիզմի առանձնահատկություններից՝ կանանց և տղամարկանց մոտ կարո՞ղ է տարբեր արտահայտվել ճարպակալումը:
– Դա կախված է հիվանդի կազմվածքից: Ինչպես գիտենք՝ կան կազմվածքի տարբեր տիպեր, սակայն տղամարկանց մոտ տարածված է հիմնականում աբդոմինալ ճարպակալումը, այսինքն ճարպը կուտակվում է մարմնի վերին հատվածներում: Կանանց մոտ ավելի շատ կոնք-ազդրային հատվածում:
Հայաստանում առավել հաճախ ո՞ր տարիքային խմբի մոտ է դիտվում ճարպակալում:
-Ընդհանրապես ճարպակալումը ավելի շատ հանդիպում է ռեպռոդուկտիվ տարիքում: Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ճարպակալում դիտվում է ավելի շատ քառասունն անց անձանց մոտ: Բարեբախտաբար, Հայաստանում երեխաների շրջանում ոչ հաճախակի է լինում նման պատկեր:
-Ինչպե՞ս խուսափել ճարպակալումից:
– Ճարպակալումից իրականում հնարավոր է խուսափել: Նախևառաջ պետք է սնվել ռացիոնալ սննդակարգով՝ բացառելով ածխաջրատային սննդի չարաշահումը: Կարևոր է նաև անձի ֆիզիկական ակտիվությունը: Ցանկալի է շաբաթը 3-4 անգամ քառասուն և ավել րոպե քայլել կամ լողալ: Ճարպի այրման համար շատ արդյունավետ է քայլելը մաքուր օդում, քանի որ մաքուր օդում ճարպն ավելի արագ է օքսիդանում և այրվում:
– Ճարպակալման բուժման ինչպիսի՞ մեթոդներ գոյություն ունեն:
– Բուժման տարբեր մեթոդներ գոյություն ունեն` կախված մարմնի զանգվածի ինդեքսից: Եթե ինդեքսը մեծ է քառասունից, ապա պետք նշանակվի դեղորայքային բուժում՝ ճիշտ սննդարկարգի և դիետաթերապիայի համատեղությամբ: Կա նաև վիրահատական միջամտության ձև, սակայն սկզբնական շրջանում պետք է փորձել միայն դեղորայքով ու համապատասխան ցուցումներով արդյունք ստանալ: Եթե նման մոտեցմամբ արդյունք չի լինում, ապա նոր բուժող բժիշկը դիմում է բարիատրիկ վիրաբուժության: Պետք է հավելեմ, որ վիրահատությունն ունի խիստ ցուցումներ: Հայաստանում վիրահատական միջամտությունը այնքան էլ տարածված չէ, քանի որ շատ գեր բնակիչների թիվը քիչ է:
– Ինչպիսի՞ կարծիք ունեք սպիտկուցային դիետաների և կետոդիետաների մասին:
– Որպես էնդոկրինոլոգ՝ ես այնքան էլ կողմ չեմ նմանատիպ դիետաներին: Ուսումնասիրելով կետոդիետան՝ կարող եմ ասել, որ կան որոշակի ճիշտ մոտեցումներ: Բայց այս դիետան պետք է պահել մեկ շաբաթից մինչև տասը օր: Օրինակ՝ կան սննդամթերքներ, որոնք շատ կարևոր են մարդու կենսագործունեության համար, սակայն ըստ կետոդիետայի ցուցված չեն: Իսկ սպիտակուցային դիետան երիկամներին է բավականին մեծ ծանրաբեռնվածություն տալիս: Դիետաները կարող են բացասական ազդեցություն ունենալ նաև մարդու նյարդային համակարգի վրա: Ավելի հեշտ է սննդի օգտագործման մեջ ունենալ չափի զգացողություն, սնվել ճիշտ սննդակարգով, քան ունենալ ճարպակալում և փորձել բուժվել:
Ճարպակալումը կարող է լինել ծանր հիվանդությունների սկզբի միակ ախտանշանը, ուստի նկատելով աճի, սեռական կամ հոգեկան զարգացման կասեցում, տեսողության վատացում, գլխացավեր և այլն, հարկավոր է անմիջապես դիմել բժշկի: