Գլխավոր էջ Գլխավոր Արդյո՞ք COVID19-ն ախտահարում է նաև մաշկը

Արդյո՞ք COVID19-ն ախտահարում է նաև մաշկը

4026
0

Սարսափ երազից իրականություն դարձած թագավարակը, կամ առավել հայտնի կորոնավիրուսն ամիսներ շարունակ համար մեկ մարտահրավերն է ամբողջ աշխարհում: Ինչպես ժամանակն է ցույց տալիս, վարակն այս կամ այն կերպ ազդում է օրգանիզմի բոլոր բաղադրիչների վրա:
Ուստի MedMedia.am-ը մաշկաբան ՀովՀաննես Հովհաննիսյանի հետ զրույցում փորձել է պարզել թե որքանով է մաշկը խոցելի այս համավարակից: «Մաշկաբանության մեջ COVID19-ը դիտարկվում է մի քանի տեսանկյունից: Մի շարք ախտահարումներ են նկարագրված այս վարակը կրող անձնաց մոտ, սակայն չկա միանշանակ կարծիք, արդյոք մաշկի ախտահարումը առաջնային է, թե զարգանում է տարբեր դեղամիջոցներ կիրառելուց հետո»,-ասաց մաշկաբանն ու հավելեց. «Մինչև վերջին մեկ ամիսը նկարագրված դեպքերը չէին կարող միանշանակ այդ հարցին պատասխանել, սակայն արդեն կան հետազոտություններ, որոնց ժամանակ նկարագրված են մաշկային ախտահարումներ, այն հիվանդների մոտ, ովքեր ոչ մի դեղ չեն օգտագործել, հետևաբար այդ դեպքերը հաստատում են, որ COVID19-ի ժամանակ կարող է լինել մաշկի ախտահարում, սակայն կարևոր է այն փաստը, որ մաշկի ախտահարումները չեն լինում հիվանդության առաջին օրերին»: Զրուցակցիս խոսքով, սա շատ կարևոր է հատկապես այն մարդկանց համար, ովքեր անհագստանում և ենթադրում են, թե մաշկի խնդիրը վարակի դրսևորում է: «Հիմնականում նկարագրված են կեղծ ցրտահարության, վասկուլիտների և ալերգիկ ռեակցիաների դեպքեր: Պետք է ասել, որ դրանք հատուկ չեն միայն COVID19-ին, կարող են դիտվել բազմաթիվ այլ դեպքերում»,-շեշտադրեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Վերջինիս փաստմամբ՝ երկրորդ խումբը դա քրոնիկական մաշկային խնդիրներ ունեցողներն են: «COVID19-ի դեպքում դժվարանում է նրանց բուժման հարցը, քանի որ հիմնականում նման խնդիրների ժամանակ կիրառվում են իմունաճնշիչներ, որոնք կարող են հեշտացնել վարակվելը և որոշ դեպքերում էլ ծանրացնել թագավարակի ընթացքը»,-ասաց բժիշկը:

Երրորդ խմբի մասին ամենից հաճախ են խոսում: Բոլորին է հայտնի, COVID19-ից պաշտպանվելու համար լավագույն միջոցներից են անհատական պաշտպանության միջոները՝ դիմակներն ու ձեռնոցները, ինչպես նաև հաճախակի լվացվելը և ախտահանիչների կիրառումը: «Դիմակները երկարատև առանց փոխելու կրելու դեպքում առաջանում են մի շարք մաշկային խնդիրներ, օրինակ հարբերանային մաշկաբորբ, սեբորեային մաշկաբորբ, ռոզացեա: Կարող են ակտիվանալ դեմքի շրջանի կորյակները»,-ասաց բժիշկն ու շարունակեց. «Սակայն սա դեռ պատճառ չէ դիմակ չկրելու համար, դրանց հաճախակի փոխելու դեպքում հիմնականում նման խնդիրներ չեն լինում»:

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ ձեռնոցների և հաճախ լվացվելուց մենք ունենում ենք ձեռքերի մաշկի վնասում, ափերի կամ ձեռքերի էկզեմայի զարգացում, որը հաճախ դիտվում էր նախկինում տնային տնտեսուհիների մոտ, հիմնական պատճառն էր կենցաղային քիմիայի կիրառման կանոնների չպահմանելը: «Այս դեպքում ևս լուծում կա. խնդիրներից խուսափելու համար կարելի է լվացվել մանկական օճառով և հաճախ խոնավեցնող քսուքներ օգտագործել»,-եզրափակեց մաշկաբանը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ