Գլխավոր էջ Գլխավոր Երբ տանջում են գազիկները՝ մանկաբույժի խորհուրդները

Երբ տանջում են գազիկները՝ մանկաբույժի խորհուրդները

6208
0

Անհանգիստ, լացող բալիկ և շփոթված մայրիկ, ծանոթ իրավիճակ նորածին խնամող ընտանիքում: Գրեթե միշտ պատճառը նույնն է՝ գազիկներ:

Խնդիրի մասին MedMedia.am-ը զրուցել է Մուրացան համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար, մանկաբույժ, բ.գ.թ Մարի Դարակչյանի հետ: «Աղեխիթերը կամ գազիկներն արտահայտվում են առողջ նորածնի մոտ հաճախակի կրկնվող երկարատև և ուժեղ լացի էպիզոդներով»,-ասաց բժշկուհին հավելելով, որ սովորաբար էպիզոդները կրկնվում են երեկոյան և գիշերային ժամերին: Այս էպիզոդներն, ըստ մանկաբույժի, սկսվում են նորածնի 4-6 շաբաթական հասակում և կարող են ձգձգվել մինչև 3-4 ամսեկան հասակը: «Աղեխիթերի դեպքում լացի տևողությունը և հանդիպման հաճախականությունը այլ է: Այս դեպքում երեխան կարող է լաց լինել օրվա մեջ 3 և ավելի ժամ, շաբաթական 3 և ավելի օրերի ընթացքում և այս ամենը կարող է տևել 3 շաբաթ և ավելի»,-ասաց Մարի Դարակչյանը և առանձնացրեց աղեխիթերին բնորոշ լացի բնութագիրը՝

• Բարձր ճիչով, որի ժամանակ երեխայի դեմքի վրա դիտվում է ցավի արտահայտություն
• Լացի պատճառը հայտնաբերել չի ստացվում
• Այն նման չէ սոված ժամանակ կամ թաց տակդիրի պատճառով դիտվող լացին
• Հիմնականում սկսվում է երեկոյան ժամերին
• Ուղեկցվում է մարմնի, ոտքերի և ձեռքերի ձգվածությամբ, որովայնի լարվածությամբ «Գազերի արտահայտվածությունը ըստ երևույթին հանդիսանում է լացի երկարատև էպիզոդի ժամանակ մեծաքանակ օդի կուլ տալու հետևանք»,-նշեց բժշկուհին ու ավելացրեց, որ աղեխիթերի առաջացման պատճառները անհայտ են: Խոսելով խնդրի առաջացման հնարավոր գործոններից մանկաբույժն առանձնացրեց.
• Մարսողական համակարգի ոչ լիարժեք զարգացումը
• Առողջարար միկրոբների քանակի անբավարարություն ստամոքաղիքային տրակտում
• Սննդային ալերգիա կամ սննդի նկատմամբ անտանելիություն
• Գեր, թերկերակրում կամ գղտոցների ոչ հաճախակի լինելը
• Ընտանեկան սթրես կամ դեպրեսիա։

Ավելին մասնագետը փաստեց, որ աղեխիթերը հանդիսանում են սթրեսածին ծնողների համար և հետազոտողները ցույց են տվել կապ աղեխիթերի արտահայտվածության և ծնողների մոտ դիտվող հետևյալ ցուցանիշների միջև
• Մայրերի մոտ հետծննդաբերական դեպրեսիայի ցուցանիշների ավելացում
• Կրծքով կերակրման շուտ դադարեցում
• Մեղքի, անճարության, զայրույթի էպիզոդների ավելացում «Բուժումը որպես այդպիսին գոյություն չունի: Այն ներառում է երեխային հանգստացնող միջոցառումների շարք, որը կարելի է օգտագործել և որոնց արդյունավետությունը կախված երեխայից կարող է տարբեր լինել»,-ընդգծեց զրուցակիցս շեշտելով այդ միջոցառումները․
• Կարելի է զբոսնել երեխայի հետ ոտքով կամ մեքենայով
• Լոգանքը կազմակերպել քիչ տաք ջրով
• Օգտագործել ծծակ
• Փաթաթել երեխայի փորիկը կամ դնել երեխային փորիկի վրա
• Օգտագործել մեղմ երաժշտություն կամ սրտի զարկերի աուդիո տրեկ
• Օգտագործել առօրյա տնային աղմուկ առաջացնող սարքավորումներ՝ փոշեկուլ, լվացքի մեքենա և այլն
• Պակասեցնել լույսերը և այլ տեսողական խթանիչները։

Կերակրումների հաճախականության ծավալի փոփոխությունները երբեմն ևս ունենում են հանգստացնող ազդեցություն:
• Կրծքով կերակրող մոր սննդակարգից որոշակի նյութերի հեռացումը կարող է բերել երեխայի անհանգստության իջեցման:
• Կաթնախառնուրդով կերակրվող երեխաների մոտ հնարավոր է կաթնախարնուրդի փոփոխության իրականացում՝ անցնելով ինտենսիվ հիդրոլիզված կաթնախառնուրդների փորձնական կիրառմանը 1 շաբաթվա ընթացքում:
• Զերծ մնացեք դեղորայքի օգտագործումից աղեխիթերի ժամանակ:
• Զերծ մնացեք երեխային թափահարելուց կամ շատ ինտենսիվ օրորելուց
• Զերծ մնացեք երեխային բուսական թեյեր տալուց
• Յուրաքանչյուր դեղորայքի ընդունումը համաձայնեցրեք բժշկի հետ:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ