Գլխավոր էջ Գլխավոր Աչաջրի բնակիչների համառ պայքարը ծննդատան համար

Աչաջրի բնակիչների համառ պայքարը ծննդատան համար

1131
0

Արդեն մի քանի ամիս է ինչ ակտիվորեն քննարկվում է Աչաջրի ծննդատան փակվել-չփակվելու հարցը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի 2020 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ կասեցվում է «Աչաջրի առողջության կենտրոն»-ի մանկաբարձական տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիան։ Ըստ այդմ՝ Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ծննդատուն չի լինելու։ Այսպես ասած, ծննդատունը ֆինանսական աջակցություն պետությունից այլևս չի ստանա։ Այլընտրանքը՝ Իջևանի ծննդատունն է։ Սակայն, նախարար Արսեն Թորոսյանի սույն որոշումը միանշանակ չընդունվեց։ Այն բուռն քննադատությունների տեղի տվեց, անգամ խոսակցությունները հասան նրան, որ Թորոսյանին վերագրվեց սահմանները միտումնավոր թուլացնելու և մարդկանց այնտեղից տարհանելու մտադրությունները։

Ի դեպ, մի քանի օր առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, թե Աչաջուր համայնքի բնակչությունը պատրաստվում է դրամահավաք կազմակերպել ծննդատանը վիրահատական սենյակ կառուցելու և վիրահատական սեղան ձեռք բերելու նպատակով։

Medmedia.am կապ հաստատեց Աչաջուր համայնքի ղեկավար` Կարեն Ղալթախչյանի հետ, պարզելու համար արդյոք հաջողվե՞լ է գումար հավաքել։ Նա նշեց, որ Աչաջուր համայքնի ծննդատունը ՊՈԱԿ է և իրենք չեն կարող դրամահավաք կազմակերպել ու առանց առողջապահության նախարարության հետ համաձայնության որևէ գործունեություն ծավալել։

« Կան որոշ ստանդարտներ, որոնց համապատասխան էլ մենք պետք է մեր գործունեությունը ծավալենք, դրամահավաքը դեռ սկսված չէ, ամեն դեպքում դիմել ենք ԱՆ և փորձել հասկանալ, թե ինչ ընթացակարգով կարող ենք գումարը հավաքել և մեծ հարց է նաև թե ո՞վ կամ ինչպե՞ս են տնօրինելու հավաքված գումարները, մենք սպասում ենք պատասխանի, հասկանալու համար կարո՞ղ ենք հանդիպել նախարարին»,-նշեց համայնքի ղեկավարը ու հավելեց, որ բնակչությունը մարտական է տրամադրված ու ցանկանում է պահպանել սահմանամերձ համայնքում գտնվող ծննդատունը։

Medmedia.am-ը կապ հաստատեց նաև Աչաջուր ԲԿ-ի տնօրեն Կորյուն Վարդապետյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ այլևս Աչաջրի ԲԿ-ում հղիների չի ընդունում, շաբաթական 3-4 անգամ Իջևանի ԲԿ-ում է լինում։ Ունի շուրջ 100 հղի, որոնց հանդեպ մեծ պատասխանատվություն է կրում, սակայն իր՝ Իջևանի ծննդատանը աշխատելու փաստի հետևանքով այլ հիվանդներ են տուժում․

« Օրինակ՝ կան հիվանդներ, ովքեր ունեն 240 կամ ավել ճնշում և այն օրերին, երբ ես Իջևանում եմ, նրանք ստիպված անցնում են ճանապարհ ու գալիս հասնում են այլ հիվանդանոց։ Պետք է հաշվի առնել, որ կան հիվանդներ, ովքեր ի վիճակի չեն բարձր ջերմությունով կամ ճնշումով ճանապարհ անցնել։ Ես ամեն դեպքում փորձում եմ օգտակար լինել իմ բոլոր հիվանդներին»,-նշեց Վարդապետյանը։

Աչաջրի ԲԿ տնօրենը անդրադառնալով դրամահավաքին նշեց, որ դա բացառապես համայնքի բնակչության որոշումն է․

« Ժողովրդի մեջ աժիոտաժ է, նրանք չեն ցանկանում, որպեսզի իրենց բժիշկը գնա այլ տեղ, այս դրամահավաքը նաև ինձ՝ Աչաջրում պահելուն է միտված։ Այսպես ասած, մարդիկ իրենց բժշկի համար նորմալ պայմաններ են ցանկանում ապահովել, նրանք հետաքրքրվում են, թե առհասարակ ի՞նչ է հարկավոր, որպեսզի ծննդատունը նորմալ աշխատի ու ես էլ ստիպված չլինեմ այլ տեղում աշխատել»։

Վարդապետյանը պատմեց, որ դեռ ուսանող տարիներից սկսած Աչաջրի առողջապահական բոլոր միջոցառումներում  ներառված է ու երբեք չի մտածել համայնքը լքելու մասին։ Ասում է՝ անգամ հարսանիքի համար Երևան չեմ գնացել, երբեք չեմ վացակայել գյուղից։

« Բնակչությունը փորձում է հասկանալ, ո՞րն է խնդիրը, ինչու՞ լիցենզիան կասեցվեց, նրանք փորձում են իրենց ուժերով խնդիրները կարգավորել։ Ես կարծում եմ, որ անգամ դպրոցը, որը գտնվում է սահմանամերձ համայնքում,  մեկ աշակերտի դեպքում էլ չպետք է փակվի »։

Կորյուն Վարդապետյանը նաև նկատում է, որ այսօր սահմանամերձ համայնքներում կա երիտասարդ կադրերի պակաս․

« Արդեն մի քանի տարի անց մենք ընտանեկան բժիշկների պակաս ենք ունենալու։ Այսօր գրեթե բոլոր սահմանամերձ համայնքներում 70-ին մոտ բժշկուհիներ են աշխատում, սա լուրջ խնդիր է»։

ԲԿ տնօրենը նշեց, որ առողջապահության նախարարությունը պետք է ճիշտ քաղաքականություն վարի, որպեսզի երիտասարդ կադրերը ոգևորվեն ու ցանկանան աշխատել սահմանամերձ գյուղերում։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ