Գլխավոր էջ Մոր և Մանկան բլոգ Անպտղություն. ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել

Անպտղություն. ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել

2180
0

Անպտղությունը մեկ տարվա ընթացքում, առանց հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման, կանոնավոր սեռական կյանքի պայմաններում հղիության բացակայությունն է: Անպտղությունը խնդիր է, որ վերաբերում է ոչ միայն ամուսնական զույգին, այլ նաև ողջ ընտանիքին: Այն իր հետ բերում է տառապանք, վախ, անհանգստություն, բարկություն, մեղքի զգացում և անկախ ամեն ինչից՝ հույս:

Այս խնդիրը խորապես թափանցում է զգացմունքների ոլորտ և ամուսնական զույգերի փոխհարաբերություններ, խլում է ձեր ողջ ուժերը: Այն կարող է շատ գումար ու ժամանակ խլել: Անպտղության հետ կապված խնդիրների հաղթահարումը հարց է, որի վրա պետք է աշխատել և ժամանակ ու զգալի ջանքեր ներդնել:

Եթե անպտուղ ամուսնության պատճառ են հանդիսանում կնոջ օրգանիզմում այս կամ այն խախտումները, ապա խոսքը գնում է կանացի անպտղության մասին: Տղամարդու անպտղությունը համարվում է անպտուղ ամուսնության պատճառ այն դեպքում, եթե կինն առողջ է, իսկ ամուսնու մոտ դիտվում է սերմի բեղմնավորիչ հատկությունների անկում: Տղամարդու և կնոջ անպտղության համակցության դեպքում խոսքը գնում է կոմբինացված ձևի մասին: Անպտղությունը կարող է դիտվել նաև բոլորովին առողջ և լավ համատեղելի ամուսնական զույգերի մոտ:

Դրանք այսպես կոչված անհայտ կամ իդիոպաթիկ անպտղության դեպքերն են: Եթե կինը նախկինում երբեք չի հղիացել, ապա անպտղությունը համարվում է “առաջնային”: Եթե կնոջ մոտ եղել է անգամ մեկ հղիություն (անկախ այն բանից, թե ինչով է այն ավարտվել՝ ծնունդ, հղիության արհեստական ընդհատում, վիժում կամ արտաարգանդային հղիություն), իսկ հետագա մեկ տարվա կանոնավոր սեռական կյանքում հղիանալ չի հաջողվել, ապա դա համարվում է “երկրորդային” անպտղություն:

Հղիության համար անհրաժեշտ է՝

1. Ֆոլիկուլի հասունացում ձվազատմամբ (օվուլյացիա),

2. Փալոպյան փողի միջոցով բեղմնավորված ձվաբջջի անցումը արգանդ,

3. Արգանդի պատրաստակամությունը ընդունելու բեղմնավորված ձվաբջիջը և ապահովելու հղիության զարգացումը:

Օվուլյացիայի բացակայությունը դիտվում է հորմոնալ խանգարումների դեպքում (այսպես կոչված էնդոկրին անպտղություն): Էնդոկրին անպտղության պատճառ կարող են հանդիսանալ պաթոլոգիաները կանանց սեռական գեղձերում՝ ձվարանում, ինչպես նաև էնդոկրին օրգանների հիվանդությունները: Էնդոկրին խանգարումները խոչընդոտում են ֆոլիկուլի հասունացմանը կամ հանգեցնում են այդ գործընթացների դանդաղեցմանը, որը չի բացառում բեղմնավորման հավանականությունը: Յուրաքանչյուր երրորդ անպտուղ կնոջ մոտ կանոնավոր դաշտանային ցիկլի ընթացքում օվուլյացիան բացակայում է:

Կանացի անպտղության ինչպես “առաջնային”, այնպես էլ “երկրորդային” անպտղության պատճառ կարող է հանդիսանալ նաև արգանդի խոռոչում ձվաբջջի հայտնվելու պայմանների բացակայությունը: Այսպիսով, ֆալոպյան փողերի բացակայության կամ դրանց անանցանելիության դեպքում ձվաբջիջը չի կարող կապվել սպերմատոզոիդի հետ: Այս դեպքում խոսքը գնում է անպտղության փողային տեսակի մասին:

Նման անպտղության պատճառ են հանդիսանում նախկինում տարած կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, որոնց հիմնական հարուցիչներն են խլամիդիաները, ուրեոպլազմաները, գոնոկոկերը և այլ վարակները, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով: Արգանդի կառուցվածքի պաթոլոգիան ևս կարող է անպտղության պատճառ հանդիսանալ:

Այսպիսով, արգանդի զարգացման բնածին արատները (արգանդի բացակայությունը կամ թերզարգացվածությունը, դրա կրկնակի մեծացումը, թմբաձև արգանդը, արգանդի խոռոչում միջնապատերի առկայությունը) կարող են կանանց “առաջնային” անպտղության պատճառ հանդիսանալ: Խորհուրդ ենք տալիս միանգամից դիմել անպտղության հարցերով մասնագետներին՝ գինեկոլոգներին ու անդրոլոգներին, ովքեր ստացել են մասնագիտացում անպտղության ախտորոշման ու բուժման հարցերում: Մեկ տարվա ընթացքում անպտղության կոնսերվատիվ բուժման արդյունքի բացակայության դեպքում ցուցված է ԱՄԲ:

Առողջ եղեք:

Նյութի հեղինակ՝ Մանկաբարձություն և գինեկոլոգիայի կլինիկական օրդինատոր Անի Երեմյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ