Գլխավոր էջ Գլխավոր Լեղապարկի անտեսված պոլիպը կարող է չարորականալ. վիրաբույժ

Լեղապարկի անտեսված պոլիպը կարող է չարորականալ. վիրաբույժ

11772
0

Առողջության պահպանման ճանապարհին խիստ կարևոր է ճանաչել սեփական օրգանիզմը:  Այս սկզբունքով կենսական է նաև երեխայի առոջությանը սպառնացող հիվանդություններին ծանոթ լինելը:

MedMedia.am-ի առաջարկով  «Շենգավիթ» ԲԿ Նորածնային և մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Աշոտ Հովսեփյանը ներկայացնում է  լեղապարկի պոլիպի առանձնահատկություններն ու առաջացման պատճառները:

Նախ նշենք, որ լեղապարկի պոլիպը լեղապարկի լորձաթաղանթից դեպի լուսանցք աճած բարորակ գոյացություն է, որը կարող է լինել խոլեստերինային կազմության, կամ իսկական գեղձային գերաճման բնույթի: Կարող է լինել ոտիկի վրա կախված, կամ լայն հիմքով լեղապարկի պատին աճած: Երեխաների մոտ քիչ է հանդիպում, հիմնականում սեռահասուն տարիքում:

«Սովորաբար ախտորոշվում է այլ նպատակով արված սոնոգրաֆիկ քննության ընթացքում, պատահական հայտնաբերման ձևով, քանի որ մեծամասամբ լինում է անախտանիշ ընթացքով»,-ասաց բժիշկն ու հավելեց, որ  երբեմն, կարող են լինել աջ թուլակողի ցավեր, մարսողության խանգարումներ: Գեղձային կազմության, հատկապես լայն հիմքով պոլիպները, Աշոտ Հովսեփյանի խոսքով,  հնարավորություն ունեն չարորակացման: «Ոտիկի վրա, կամ լեղապարկի ծորանին մոտիկ աճած պոլիպները կարող են բարդանալ լեղապարկի ծորանի խցանմամբ և լեղային խիթի առաջացմամբ»,-ասաց զրուցակիցս:

Ինչ վերաբերում է բուժմանը, վիրաբույժը նշեց, որ մինչև 1.0 սմ պոլիպները ենթակա են դինամիկ հսկողության, եթե ունեն անախտանիշ ընթացք և բարդացած ու զուգակցված չեն լեղապարկի այլ ախտաբանությամբ: «Բուժումը վիրահատական է, իրականացվում է լեղապարկի հեռացում՝ խոլեցիստէկտոմիա, լապարոսկոպիկ եղանակով»,-ընդգծեց մասնագետն ու առանձնացրեց վիրահատության ցուցումները.

—  1.0 սմ և ավելի պոլիպները

— Հսկողության ընթացքում 0.2 սմ և ավելի աճ ցուցաբերած պոլիպները

— Գանգատներով և կլինիկական ախտանիշներով ընթացող պոլիպները անկախ չափսից

— Լայն հիմքով պոլիպները

— Քարային կամ ոչ քարային խոլեցիստիտով ուղեկցվող պոլիպները

—  Լեղապարկի պատի մեջ աճ ունեցող, չարորակացման նշաններով պոլիպները

— Լեղային խիթ առաջացնող պոլիպները

Խոսելով այսպես կոչված «չի կարելիներից», Աշոտ Հովսեփյանը շեշտադրեց. «Չի կարելի հաշվի առնելով պոլիպի բարորակ բնույթը, անուշադրության մատնել հիվանդությունը: Հայտնաբերման պահից սկսած անհրաժեշտ է բուժող բժշկի ցուցումով պարբերաբար անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն, կասկածելի դեպքերում նաև ԿՏ կամ ՄՌՏ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ