Գլխավոր էջ Գլխավոր Քիչ հին հացն ավելի դյուրին է մարսվում և ավելի օգտակար է. գաստրոէնտերոլոգ

Քիչ հին հացն ավելի դյուրին է մարսվում և ավելի օգտակար է. գաստրոէնտերոլոգ

2575
0

Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ Հայաստանը հացի հնագույն հայրենիքներից է: Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-2-րդ հազարամյակներում: Տարածված էին բոքոնը, մատնաքաշը, բաղարջը և, իհարկե, մեր նշանավոր լավաշը: Սննդաբանների մի մասը խորհուրդ են տալիս սննդակարգից բացառել սպիտակ հացը, քանի որ դրա մեջ առկա են տարարտեսակ ճարպեր և շաքար: Այն օրգանիզմում արագ վերափոխվում է գլյուկոզայի, որը անցնում է արյան մեջ` բարձրացնելով ինսուլինի մակարդակը` հետևաբար և ախորժակը: Սակայն ոչ սպիտակ հացից հրաժարվել պետք չէ, քանզի հացը շատ օգտակար է:

MedMedia .am-ը հացի ազդեցության մասին զրուցել է «Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ-գաստրոէնտերոլոգ Մարիաննա Մալխասյանի հետ: «Հացը պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, վիտամիններ՝ հիմնականում B խմբի, հանքային նյութեր և բջջանյութ»,-նշեց բժշկուհին: Մարիաննա Մալխասյանի խոսքով, հացի որակի մասին են վկայում արտաքին տեսքը, փափուկ միջուկը, համը, հոտը, թթվայնությունը, խոնավությունն ու ծակոտկենությունը: «Պահպանման ընթացքում հացը չնայած, որ հնանում է, սակայն դրա կենսաբանական և սննդային արժեքները չեն նվազում»,-շեշտադրեց գաստրոէնտերոլոգն ու շարունակեց. «Քիչ հին հացն ավելի դյուրին մարսվում և ավելի օգտակար է»:

Բժշկուհին խորհուրդ տվեց, հացը պահել մութ և չոր տեղում: «Ցանկալի առօրյայում հաց քիչ օգտագործել և հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն ավելորդ քաշի խնդիր: Գոյություն ունի այսպես կոչված գլյուտենային անբավարարություն, երբ մարդու օրգանիզմը անտանելություն ունի մի շարք սննդամթերքների նկատմամբ՝ այդ թվում նաև հացահատիկի: Նման դեպքում հացի օգտագործումը հակացուցված է»,-շեշտադրեց Մարիաննա Մալխասյանն ու հորդորեց հիշել, որ ամեն մթերք օգտագործումից առաջ պետք է հիշել. «Ամեն բան չափի մեջ է գեղեցիկ ու օգտակար»:

Նշենք, որ հայերի, ինչպես և շատ ուրիշ ժողովուրդների մոտ, սկսած անհիշելի ժամանակներից, միշտ էլ հացի պաշտամունք է եղել: Նրանք երբ պատվավոր հյուրի էին դիմավորում, միշտ նրան մատուցում էին աղ ու հաց, այն բարիքները, առանց որոնց հնարավոր չէ ապրել:

Ասում են՝ հացը չի կարելի հակառակ երեսի վրա դնել: Ասում են նաև, որ չի կարելի հացը գետնին գցել կամ գետնի վրա թողնել ընկած: Եվ ահա թե ինչու են դա ասում:

Հայկական հին զրույցը պատմում է, որ հենց մի փշուր հաց է ընկնում գետնին, այդ ժամանակ մարդկանց համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում երկնքից և մի ոտքով կանգնում այդ հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի: Այնպես որ գետնին ընկած յուրաքանչյուր հացի փշրանքի վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Եվ քանի որ մեկ ոտքի վրա կանգնելը բավականին դժվար ու հոգնեցուցիչ գործ է, մարդիկ պետք է օգնության շտապեն հրեշտակներին. անմիջապես գետնից վերցնեն ընկած հացը և բարձր տեղ դնեն:

Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել կրակի բոցերի մեջ ու սրբացել:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ